Երկար մազերը ոչ թե պարզապես մոդա էր, այլ՝ ըմբոստության խորհրդանիշ
Համացանցում վերջին օրերին մի իսկական աշխուժություն է առաջացրել Սերժ Սարգսյանի պատանեկության նկարը՝ երկար մազերով: Ոմանք իրենց պարտքն է համարում պարտադիր մի հումոր անել այդ թեմայով, կամ էլ հեգնել, թե այս երկար մազերով երիտասա՞րդն է կրակոտ տղան: Հարցին էլի չէի անդրադառնա, եթե սովորական սենսացիայի համար նախատեսնված ժամկետից հետո թեման մոռացության տրվեր, բայց ինչպես երևում է այն արհեստական ակտիվացնելու միտում է նկատվում, ուստի հայտնեմ իմ վերաբերմունքն այս հարցում, մանավանդ, որ թեման միայն Սերժ Սարգսյանին չի վերաբերում:
Նախ ասեմ, որ մեր երկրում այնքան թերություն կա, և մենք էլ սովոր ենք ամեն ինչի համար առաջին դեմքին մեղադրել ու «չմանրանալ»՝ տարբեր տրամաչափի չինովնիկների մեղքը մատնանշելով, որ կարելի է Սերժ Սարգսյանին ժամերով քննադատել, մի քանի րոպե հանգստանալ ու էլի ժամերով քննադատել, և այդպես օրեր ու ամիսներ ու դեռ նյութը չի վերջանա: Ի դեպ ես էլ Սերժ Սարգսյանի աշխատած այս 5 տարիների ընթացքում այնքան եմ նրան քննադատել ու այդ հարցում «հավեսս հանել», որ հանգիստ խղճով կարող եմ ինձ թույլ տալ նաև որոշ դեպքերում պաշտպանել:
Անցյալ դարի 60-ականներին ԱՄՆ-ում սկիզբ առած «հիպպիական» շարժումը հասավ ԽՍՀՄ 70-ականերին, բնականաբար նաև Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Չեմ կարող պնդել, որ մեզանում այն լայն տարածում գտավ, քանի որ հետևորդներն այդքան էլ շատ չէին, ուղղակի այդ քչերը համառ էին ու ըմբոստ, սեփական տեսակետի համար պայքարի պատրաստ: Ի դեպ դասական առումով շատերը հիպիական շարժման կրողներ չէին, թե կենսակերպով, և թեկուզ այն առումով, որ ուղղակի շարժման մի 7-8 «պատվիրաններից» հազիվ մեկ, երկուսի կրողը լինեին, ի դեպ ամենակարևորների՝ Մարդը պետք է լինի ազատ, ազատության հասնել հնարավոր է միայն փոխելով հոգու ներքին կառուցվածքը:
Մեր երկրում հոգու ազատության արտաքին դրսևորման ձև էր նաև տղաների երկար մազերը մի հասարակությունում, որտեղ բոլորը պետք է միջին ստանդարտով ապրեին, որ ոչ մեկին չեր կարելի ընդհանուրից առանձնանալ: Եվ այդ ժամանակ հասնել նրան, որ չկարողանային քեզ ստիպել կարճացնել մազերը, դա արդեն մեծ համարձակություն էր պահանջում: Ի դեպ, երբ ուսուցիչները քննադատում էին երկար մազերը ու հորդորում կտրել, անգամ փորձում էին երկար մազեր ունեցողների մասին ասել, թե ինչպես կարող է լավ սովորողը կամ գրագետ մարդն այդպիսի մազեր ունենալ, ես որպես լավ սովորող, բնական է, իմ օրինակով ապացուցում էի, որ դա այդպես չէ, բայց ինձ այդ հարցում մենակ չէին թողնում ֆիզիկայի դասագրքում պատկերված Իսահակ Նյուտոնն ու Բլեզ Պասկալը, իրենց երկար մազերով:
Դպրոցի, գրական հայերեն ասած՝ «վինետկայիս» նկարը, 1977թ.:
Ես տարիքով փոքր էի, որ հենց այդ շարժման ակունքների «բիթ» երաժշտությունը լսեի, ու երբ սկասեցի ինչ-որ բան հասկանալ, այդ ժամանակ արդեն այլ ռոք խմբեր էին առավել հայտնի, որոնց երաժշտության տակ էլ մտածելակերպ ու աշխարհայցք էր ձևավորվում: Անգամ ընկերներով թիմերի էինք բաժանվում ու թունդ բանավիճում, թե որն է աշխարհի թիվ մեկ խումբը՝ Deep Purple-ը, թե՞ Led Zeppelin-ը: Հավատացնում եմ, որ նրանք, ովքեր այդ երաժշտության տպավորությունների տակ էին ձևավորվում, նրանց համար ուղղակի անհասկանալի էր հնդկական կինոն ու ռաբիզ երաժշտությունը: Այդ «քանոնով գծած» ԽՍՀՄ քաղաքացիների հոծ բանակում տարբեր մշակույթների կրողների միջև աշխարհայացքային սարուձորերի տարբերություն կար: Լուի Արմսթրոնգի հանճարեղ ստեղծագործություններով հիացողը Մուսլիմ Մագոմաևով կհետաքրքրվեր լոկ Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ հպարանալու մասով: Էլլա Ֆիցջերալդ լսողը Զեյնաբ Խանլարովայի երգերով չէր տպավորվի, Ջեյմս Բրաունի հայտնի բլյուզի տակ ընկերուհու հետ պարողը Փոլադ Բյուլ-բյուլ օղլի չէր լսի:
Այնպես որ, եթե որոշ մարդիկ որոշել են անցյալ դարի 70-ականների երիտասարդությանը քննադատել, կուզենամ այդ թվականների իրենց պատանեկության տարիները հիշեն, թե իրենք ինչ էին անում, ինչ աշխարհայացքի կրող էին, իսկ, եթե այժմ երիտասարդ են, ապա իրենց ավագ սերնդին թող հարցնեն: Խորհրդային Միությունում, երկաթյա վարագույրի հետևում ապրող հասարակությունում, որտեղ ստանդարտից ամենաչնչին շեղման համար կարող էին դպրոցից կամ բուհից հեռացնել, ծնողներին իրենց աշխատավայրում նեղել, ըմբոստ լինելն արդեն հոգեկերտվածք էր ոչ թե մոդա՝ շորի, կոշիկի, կամ էլ մազերի:
Ես Կիրովականում եմ ծնվել ու ապրել մինչև Երևանում բուհ ընդունվելը, և պետք է ասեմ, որ այդ տարիներին իմ հայրենի քաղաքը շատ էր առաջ գնացել երիտասարդական շարժումների հարցում: Եվ, եթե այսօր գլոբալիզացիայից են խոսում, ապա Խորհրդային տարիներին աշխարհի հետ այդպես գրեթե սինքրոն հաղորդակցվելն ուղղակի բացառիկ բան էր, և դա հետք էր թողնում մնացյալ ողջ կյանքի վրա: Եվ եթե ես ինձ արևմտյան արժեքների կրող եմ համարում ու իմ համեստ ուժերի ներածի չափով այդ արժեքները քարոզում, իմ կյանքում դա արհեստական չի եղել, և դա գալիս է հենց այն տարիներից: Մինչդեռ այս ազատ անկախ երկրում տեսեք ինչ աստիճանի է տարածված ստրկամտությունը, ինչ է թե բարեհաճ վերավերմունքի արժանանան իրենց շեֆերի կողմից: Եվ չկարծեն որոշները, որ, եթե իրենք իշխանամետ չեն, ապա հասել են հոգեկան ազատության, քանի որ ստրուկը ստրուրկ է, և ամենևին կարևոր չէ՝ իշխանավորի թե ընդդիմադիր լիդերների, այ սրա մասին է պետք մտածել: