Թոփչյանի հրավիրյալ իսպանացի երաժիշտները ֆալշ են նվագում
Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վերջին շրջանում նվագախումբ է հրավիրել իսպանացի երաժիշտների` գալարափողահար Էնրիկ Կամարասա Ցիֆրեսին և ֆլեյտահար Սառա Կարմեն Ուռենյա Կաբրերային։ Արտասահմանցի երաժիշտներով համալրումը Թոփչյանն անվանում է երաժշտական քաղաքականություն։ Ի՞նչ կարծիք ունեն երաժշտագետները Թոփչյանի այս քաղաքականության մասին։ Այս հարցով դիմեցինք Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանին:
– Պարոն Տերտերյան, ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը վերջերս տարբեր առիթներով շեշտում է, որ Հայաստանում լավ երաժիշտներ չեն պատրաստվում։ Ձեր կարծիքը` այս խնդրի վերաբերյալ։
– Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մեծամասնությունը, եթե ոչ` բոլորը (այդ թվում` գլխավոր դիրիժորը), Կոնսերվատորիայի շրջանավարտներ են։ Եվ եթե այսօր մեր գլխավոր դիրիժորը հանդես է գալիս նման հայտարարությամբ, ապա կասկածի տակ է դնում ինչպես` ամբողջ նվագախմբի, այնպես էլ` սեփական գործունեությունը, ինչը, կարծում եմ, բարոյական չէ ո՛չ գործընկերների, ո՛չ էլ, առավել ևս, սեփական անձի նկատմամբ: Երևանի կոնսերվատորիան երկար տարիներ կադրերով ապահովել է հանրապետությունը, և եթե այսօր ինչ-որ բան ունենք այս բնագավառում, Կոնսերվատորիայի շնորհիվ է: Իհարկե, լինում են վերելքի և որոշակի անկման ժամանակներ, քանի որ երաժշտանոցը երկրի սոցիալական, պետական խնդիրներից դուրս չի կարող լինել։ Մենք գիտենք, որ ընկել է մարդկանց կենսամակարդակը, կա արտագաղթ, և տարօրինակ կլիներ, եթե այդ համընդհանուր խնդիրները չանդրադառնային Կոնսերվատորիայի վրա։
– Ֆիլհարմոնիկ նվագախումբը վերջին շրջանում սկսել է համալրվել արտասահմանցի երաժիշտներով, և սա պարոն Թոփչյանն անվանում է երաժշտական քաղաքականություն։ Դուք ինչպե՞ս կգնահատեք նման քաղաքականությունը:
– Խնդիրն այստեղ այլ է: Ինձ չի անհանգստացնում արտասահմանցի երաժիշտների Հայաստան գալու փաստը (Աստված տա, նրանք շատ լինեն), քանի որ մեր երաժիշտներն էլ դուրս են գնում։ Աշխարհում գլոբալացման գործընթացներ են, և մարդկանց շարժունակությունը դրական պրոցես է։ Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է արտասահմանցի երաժիշտների հրավիրման մեխանիզմը։ Ամբողջ աշխարհում նման բաները ոչ թե անձնական հրավերների տեսքով են կատարվում, այլ համապատասխան մրցութային համակարգի միջոցով։ Մենք բոլորս սպասում էինք, որ ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրյալ նոր երաժիշտների շնորհիվ կներկայանա ավելի բարձր մակարդակով։ Սակայն, ցավոք, վերջին համերգն ինձ հիասթափեցրեց. կներեք, բայց աններելի է, երբ հրավիրված գալարափողահարը ֆալշ նոտաներ է նվագում։ Այդ համերգից հետո բոլորը մոտենում էին մեր առաջին գալարափողահար Մերուժան Տեր-Մինասյանին և նրան էին շնորհավորում, քանի որ հրավիրված գալարափողահարի մակարդակն արդեն կասկածելի է։ Բացի այդ, ես չեմ տեսնում պիկոլո ֆլեյտա նվագող երաժշտի հրավիրելու նպատակահարմարությունը։ Պիկոլո ֆլեյտան առանձնահատուկ երաժշտական գործիք է. նվագախմբում կան հիմնական և ոչ հիմնական գործիքներ։ Վերջիններս շատ պարտիտուրներում չկան և չեն կազմում այն պարտադիր կմախքը, որ անհրաժեշտ է նվագախմբին: Վերջին համերգին չէր փայլում նաև երիտասարդ ֆլեյտահարուհին։ Ավելին, արտիստուհին համերգի ընթացքում հաճախ ջուր էր խմում, այն էլ` շշից, ինչն անթույլատրելի է դասական համերգի բեմական վարքագծի տեսանկյունից։ Նման բան մենք չէինք կարող տեսնել ո՛չ Բեռլինի, ո՛չ Մոսկվայի, ո՛չ էլ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբերում։ Ակնհայտ է, որ հրավիրված արտիստներին չի բավարարում մասնագիտական փորձը։ Եթե իսպանացի այդ երաժիշտները հրավիրված լինեին որպես ստաժորներ, ես կհասկանայի։ Կարծում եմ` նրանք հենց այդպես էլ ընկալում են իրենց առաքելությունը: Հայկական նվագախմբի կազմում 1-2 տարի հիմնական երաժիշտ լինելն այդ երիտասարդների համար մեծ փորձառություն է։ Այդ մենք ենք դրան այլ իմաստ տալիս։ Մեզ մոտ ինչ-որ մեկը եկել է սովորելու, իսկ մենք դա թմբկահարում ենք` որպես ձեռքբերում։ Ի դեպ, երաժիշտների իսպանական շուկան ինքը որակյալ մասնագետների մեծ կարիք ունի։ Եթե նայենք իսպանական նվագախմբերի կազմերը, կգտնենք նաև մեր հայրենակիցների, ովքեր հենց մեր Կոնսերվատորիան են ավարտել։ Որպես կանոն` ֆիլհարմոնիկ կառույցներն ունենում են գեղխորհուրդներ, որոնք ավելի օբյեկտիվ են մոտենում երաժիշտների աշխատանքին, մշակում նվագախմբի քաղաքականությունը։ Եթե մենք հրավիրում ենք երաժիշտների` միայն հրավիրելու համար, ապա դա պետք չէ։ Իսկ եթե ցանկանում ենք, որ նրանք դառնան մեր երաժշտական ընտանիքի անդամ, պետք է հայտարարենք միջազգային մրցույթ, ընտրենք հաղթողին։ Եվ ընդհանրապես, ամբողջ աշխարհում նույնիսկ դիրիժորներն են աշխատանքի ընդունվում մրցույթով։ Ես չգիտեմ` մեզ մոտ այդ պրակտիկան կա՞, թե՞ ոչ։ Շարժունակ են ոչ միայն երաժիշտները, այլև դիրիժորները։ Մրցակցությունը բերում է առաջընթացի։ Եթե չկա մրցակցություն, ապա համակարգը լճանում է, ինչի հետևանքը ճգնաժամն է։
– Դուք նշեցիք գեղարվեստական խորհրդի նպատակահարմարության մասին։ Ի՞նչ գործառույթներ պետք է ունենա այդ խորհուրդը։
– Գեղարվեստական խորհուրդը պետք է ծրագրի ոչ միայն նվագախմբի, այլև ամբողջ ֆիլհարմոնիայի քաղաքականությունը։ Այն պետք է զբաղվի երաժշտական կյանքի կազմակերպմամբ, ազգային և համաշխարհային դասական երաժշտության քարոզմամբ ու տարածմամբ, մենակատարների, երաժիշտների հրավիրմամբ, և այլն։ Շատ հաճախ համերգների ենք գնում, որտեղ ինձ խիստ զարմացնում է մենակատարների կամ ծրագրի ընտրությունը։ Երբեմն համոզիչ չեն դիրիժորական կոնցեպցիաները։ Գեղխորհուրդը պետք է զբաղվի երաժշտական քաղաքականությամբ, աշխատի հանդիսատեսի, հասարակության հետ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է գեղարվեստական խորհրդի ուշադրության առանցքում լինեն։
Հարցազրույցը` ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ