Պատրաստված է Հայաստանում. «Կրեատիվ գաղափարներ, կրեատիվ իրականացում» (լուսանկարներ)

Արդեն 10 տարուց ավելի գոյություն ունի «Manet Tiles» ընկերությունը: Այն  բնական քարից ու կերամիկական սալիկների, գեղարվեստական խճանկարի, տեռակոտե սալիկների լավագույն արտադրողներից մեկն է: Ընկերությունը հաջողությամբ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ու Միացյալ ազգերի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» նախաձեռնությանը, ինչպես նաև «Ժպտա՛, Երևա՛ն» ծրագրին, որի հիմնադիրն ընկերությունն էր: Ընկերությունը բազմաթիվ արտադրատեսակներ ունի՝ կերամիկական սալիկներ, տեռակոտե, բնական քարից և մոզաիկ սալիկներ, դեկոներ, գեղարվեստական խճանկարներ, գեղարվեստական կահույք, ապակե խճանկար, դեկորատիվ այլ պարագաներ:

Ըստ ընկերության տնօրեն Լուսինե Մոսոյանի` ընկերությունը «փոքր սալիկների արտադրությունից վերածվել է քարի և կերամիկայի արտադրության գործարանի»։ 168.am-ը «Manet Tiles»-ի գործունեության և արտադրատեսակների մասին է զրուցել Լուսինե Մոսոյանի հետ:

– Լուսինե, ինչպես գիտենք, Երևանի պետական տիկնիկային թատրոնի շենքի ճակատային մասի խճանկարի հեղինակը Ձեր ընկերությունն է։ Կպատմե՞ք` ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը։

– Երևանի քաղաքապետարանը և UNDP-ն անցյալ տարի փետրվարին մրցույթ հայտարարեցին, որը կրում էր «Գեղեցիկ Երևան» անվանումը։ Մրցույթի էությունը կայանում էր նրանում, որ քաղաքում եղած հիմքի վրա հնարավորինս քիչ ծախսերով պետք էր գեղեցկացնել քաղաքը։ Երեք կետ էր նշված, որոնցից մեկը Տիկնիկային թատրոնի շենքին էր վերաբերում։

Սա, կարծես, «Manet Tiles» ընկերությունից անկախ ստացվեց, մտահղացումն իմն էր, ես առաջարկեցի լուծումը հետևյալ կերպ տալ` երեխաների աչքերով նայել թատրոնին, այսինքն՝ մի պահ մտածել, որ դու էլ ես երեխա։ Ես օգտվել եմ երեխաների նկարներից, նույնիսկ նկարաշարի մեջ կա նաև իմ տղայի նկարը։ Օգտվել եմ նաև Հովհաննես Թումանյանի հեքիաթների կերպարներից, որ  կրկին երեխաներ էին նկարել։ Պետք է նկատել, որ շատ կերպարներ փոխվել են, ավելացել-պակասել, նոր գունային լուծումներ են ստացել, և այլն։ Մրցույթի վերջին փուլում առաջարկեցի նաև պատկերին գահ ավելացնել։

Մեր ընկերությունը, կարծում եմ, Հայաստանում երևի թե միակ կազմակերպությունն է, որը կարող էր այս գաղափարն իրականացնել։ Եթե շենքի վերևի հատվածն ուղղակի ներկվեր, այն 1-2 տարվա կյանք կունենար։ Իսկ սալիկապատումը, եթե ճիշտ խնամես, մնայուն է, նրա գույները տարիների ընթացքում չեն փոխվի, արևից, ձյունից ոչինչ չի լինի։ Ես՝ ինքս, երաշխիք տալիս եմ։

– Ընդհանրապես ի՞նչ նյութեր եք օգտագործում։

– Օգտագործում ենք բնական քարեր` տրավերտին, մարմար, ֆելզիտ, բազալտ և այլն։ Մենք պատրաստում ենք նաև կերամիկական սալիկներ, որի բաղադրությունը հենց մեր գործարանում էլ ստեղծվում է։ Մեր ընկերությունը անվերջանալի երևակայություն ունի։

– Ձեր ընկերությունը դրսից պատվերներ ստանո՞ւմ է։

– Այո, ստանում ենք, օրինակ` Մոսկվայից և Դուբայից պատվերներ ունենք։

– Ովքե՞ր են ընկերության դիզայներները:

– Մենք ունենք շատ լավ երիտասարդներ, ովքեր պրոֆեսիոնալ են այդ հարցում: Հիմնականում աշխատանքներն իմ մտահղացումներն են, բայց եթե իրենք էլ են ինչ-որ հետաքրքիր մտքեր ունենում, իրականացնում ենք:

– Մարդկանց կերպարներ ստեղծելն ո՞ւմ մտահղացումն էր:

– Դրանք ևս իմ մտահղացումն էին (ժպտում է.- Գ.Ա.): Փոքր տարիքից կանանց կերպարների հավաքածու ունեի, որոնց փորձեցի հետաքրքիր լուծումներ տալ: Այժմ տարբեր գույների չորս կանանց կերպարներ ունենք: Այս աշխատանքների մտահղացումը կայանում է նրանում, որ հնարավոր է էժան, մատչելի գումարի մեջ ծավալային ֆիգուրա ստանալ, որը կարելի է օգտագործել թե՛ դրսում, թե՛ ներսում: Այսպիսի ֆիգուրների օգտագործումն ընդունված է դրսում, բայց մեզ մոտ այնքան էլ տարածված չէ: Մեզ մոտ, չգիտես ինչո՞ւ, կրեատիվն ուշ է հասնում:

– Օրինակ, որտե՞ղ կարելի է դրանք օգտագործել:

– Օրինակ` ռեստորանի այգում, հյուրանոցի ընդունարանում, առանձնատներում, հեռուստաընկերությունների տաղավարներում: Շատ տարբեր վայրերում կարելի է տեղադրել, բայց, նորից եմ կրկնում` մեզ մոտ կրեատիվը դժվար է առաջ գնում: Ես ուրախ եմ, որ գոնե Տիկնիկային թատրոնի շենքի առջևի հատվածի խճանկար-զարդարանքն այդքան լավ ընդունվեց: Նույնիսկ թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ ցանկանում է՝ ներսում էլ այդպես զարդարվի:

– Գնային առումով Ձեր ընկերության արտադրանքը հասանելի՞ է բոլորին:

– Այո, հասանելի է: Շատերն ասում են, որ թանկ է, բայց ես կարող եմ ասել, որ թանկ չէ: Եթե դու ուզում ես քո տան անկյունում ինչ-որ հետաքրքիր, տարբերվող ու կրեատիվ անկյուն ստեղծել, կարող ես գնել, և գնային առումով մատչելի է: Կարող ես, օրինակ, մի քանի հետաքրքիր սալիկ գնել և կահույքի մեջ մտցնել, կամ կարող ես հին աթոռն ու սեղանը վերանորոգել և մեջը մի քանի սալիկներ տեղադրել: Այդպիսով՝ տանը հետաքրքիր անկյուն կստեղծվի:

– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները։

– Մեր ընկերության գնորդներն այն մարդիկ են, ովքեր ունեն կրեատիվ մտածողություն։ Մեր գնորդները նրանք են, ովքեր շրջելով Հայաստանի բոլոր խանութներով և չգտնելով իրենց ուզածը՝ գալիս են մեզ մոտ և գտնում դրանք։

– Իսկ հայտնի մարդկանցից ովքե՞ր են Ձեր պատվիրատուները:

– Մենք շատ «աստղ» պատվիրատուներ ունենք, օրինակ` Միքայել Պողոսյանը, «Մալխաս» ջազ ակումբը, «Կովկաս» համալիրը, «Գենաց վալե» ռեստորանը, մի քանի մանկական սրճարաններ, և այլն:

Տեսանյութեր

Լրահոս