Թուրքիայի բուհական դասագրքում Հեյդար Ալիևը մատնանշված է որպես ժամանակակից բռնապետ
Ադրբեջանական «Ազադլըղ» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների «Սահմանադրական իրավունք» դասագրքում Ադրբեջանի նախկին նախագահ, «համաթյուրքական առաջնորդ» Հեյդար Ալիևը մատնանշված է որպես ժամանակակից բռնապետի կերպար:
Դասագրքում ժամանակակից բռնապետների թվում նշված են նաև Իրաքի նախկին ղեկավար Սադդամ Հուսեինը և չիլիացի գեներալ Ավգուստո Պինոչետը: Դասագրքում բռնապետների հետ կապված գրված է հետևյալը.
«Բռնապետության ժամանկ գործադիր ու դատական իշխանության բոլոր գործառույթները գտնվում են մեկ անձի ձեռքում: Բռնապետերը, ի տարբերություն ինքնակալների, իշխանություն են ստանում ոչ թե ժառանգաբար կամ ընտրությունների արդյունքներով, այլ օգտվում են երկրի անկայուն և ծանր իրավիճակից:
Աջակողմյան բռնապետերը հաճախ լինում են ֆաշիստներն ու նացիոնալ-սոցիալիստները, իսկ ձախակողմյանները սովորաբար հայտնի են որպես կոմունիստներ: Անկախ գաղափարախոսությունից՝ այդպիսի անձինք, վերահսկելով պետությունը, ձևավորելով ղեկավարման համակարգ, չեն համատեղվում մարդկության հետ: Դրա վառ օրինակներն են Սադդամ Հուսեինը, Հեյդար Ալիևը, Պինոչետը … »: