Բաժիններ՝

Հայաստանյան շուկան դեռ փակ է iTunes-ի և Google Play-ի էլ. գրքերի համար

Էլեկտրոնային գրքերի տարածումը ողջ աշխարհում մեծ թափ է հավաքում: Մեծ թափ է հավաքում նաև դրանց հրատարակությունը։ Անցած տարվա նոյեմբերից Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում, ի թիվս այլ լեզուների՝ կարելի է գտնել նաև հայերենով էլ. գրքեր։ Առևտրային խոշոր այս հարթակները, այդուհանդերձ, դեռ փակ են հայաստանյան շուկայի համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մարատ Յավրումյանը: Նա և Ռուբեն Միրաքյանը, ովքեր ArmLib բլոգի և Armenian iBOOKS ֆեյսբուքյան խմբի հեղինակներն են, iBookStore-ը Հայաստանում հասանելի դարձնելու ակնկալիքով ստորագրահավաք են նախաձեռնել և կոչ են անում բոլորին միանալ այս ստորագրահավաքին՝ այստեղ։

Ի դեպ, ստորագրահավաքը շուրջ 230 աջակից ունի։

«Արդյունքում՝ հայկական էլ. գրքերը, որոնց թիվը դեռ կավելանա, հասանելի կլինեն ոչ միայն արտերկրում ապրող հայերի, այլ նաև մեր՝ հայաստանյան շուկայի համար»,- ասաց Ռ.Միրաքյանը։

Նշենք, որ խնդիրն իրավապայմանագրային լուծում է ենթադրում, իսկ ստորագրահավաքը, նախաձեռնողների խոսքով, կարող է միայն արագացնել գործընթացը՝ հայկական շուկայի վրա հրավիրելով այս կորպորացիաների ուշադրությունը։

«iBookStore և Google Play eBooks հարթակները փակ են հայաստանյան շուկայի համար, դրանք փակ են նաև մեր հարևան երկրների համար: iBookStore-ը փակ է անգամ այնպիսի մեծ շուկայի համար, ինչպիսին Ռուսաստանն է, չնայած այդ երկրի համար բաց է Google Play eBooks-ը: Այս կամ այն երկրի համար այս հարթակների բաց կամ փակ լինելը պայմանավորված է տվյալ երկրում հեղինակային ու հարակից իրավունքների կարգավորման դաշտով»,- ասաց Մ. Յավրումյանը։

Հայաստանում, այնուամենայնիվ, հասանելի են որոշ էլեկտրոնային գրքեր՝ ArmLib (http://armlib.blogspot.com/) կամ Յավրուհրատ (http://yavrumyan.blogspot.com/p/ebook.html) բլոգներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս