Բաժիններ՝

Մսեղենը՝ որպես դեղամիջոց

Ոչխարի միսը կանխարգելում է շաքարային դիաբետի զարգացումը, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, Տիբեթում ոչխարի մսով բուժում են թոքախտը։ Միսը պարունակում է զգալի քանակությամբ քրոմ, որը կանխարգելում է կարիեսի առաջացումը։

Ոչխարի ճարպում շատ քիչ է խոլեստերինի պարունակությունը, սակայն այն դժվար է տրոհվում և դժվարամարս է։

Խոզի միսը ջերմացնում է օրգանիզմը և վերականգնում ուժերը, խորհուրդ է տրվում ուտել ձմռանը։

Խոզի տոտիկից պատրաստված դոնդողը (խոլոդեց) խորհուրդ է տրվում ուտել արյան ցածր մակարդելիության և հաճախ կրկնվող արյունահոսությունների դեպքում։ Մսի այս տեսակը կարող է վնասակար լինել լեղապարկի և լյարդի հիվանդությունների, աթերոսկլերոզի, 12-մատնյա աղիի բորբոքման, էկզեմայի դեպքում։

Կարդացեք նաև

Տավարի միսն օգտակար է սակավարյունության դեպքում (ի դեպ, անեմիա հունարեն բառը թարգմանվում է՝ «քիչ արյուն»)։ Տավարի միսը հարուստ է երկաթով, որը լավ է յուրացվում վիտամին C-ի առկայության դեպքում։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր ժողովուրդների մոտ հարգի են տավարի մսով և կաղամբով ուտեստները, առավել օգտակար է թթու դրած կաղամբով պատրաստված կերակուրը։

Տավարի լյարդը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, խորհուրդ է տրվում միզաքարային հիվանդության դեպքում, նաև կանխարգելում է սրտի կաթվածը։

Հորթի միսն օգտակար է ինֆեկցիոն հիվանդություններից, այրվածքից, մարմնական վնասվածքներից վերականգնվող հիվանդներին։

Տավարի և հորթի միս կարելի է ուտել առավելագույնը շաբաթական երեք անգամ։ Օրը 100 գրամ և ավելի կարմիր միս ուտելու դեպքում մեծ է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը։

Ճագարի մսում չնչին է խոլեստերինի պարունակությունը, խորհուրդ է տրվում աղեստամոքսային համակարգի, լեղուղիների, լյարդի հիվանդությունների, աթերոսկլերոզի, հիպերտոնիայի դեպքում։ Ճագարի միսը չի առաջացնում ալերգիկ ռեակցիա, խորհուրդ է տրվում ընդգրկել երեխաների սննդակարգում։

Հնդկահավի միսը պարունակում է զգալի քանակությամբ սելեն, ունի հակաօքսիդանտ հատկություն, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը, չի առաջացնում ալերգիա, շատ հարմար կերակուր է երեխաների համար։ Այս տեսակի միսը նպաստում է ոսկորների, եղունգների, մազերի աճին։

Պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր, կալիում, բնական հանգստացնող նյութեր։ Խորհուրդ է տրվում ուտել ընթրիքի ժամանակ, կա կարծիք, որ հնդկահավի միսն իրական դեղ է՝ անքնության դեմ, իսկ ըստ հավատալիքների՝ օգնում է հիշել երազները։

Հավի միսը պարունակում է զգալի քանակությամբ B6 վիտամին (պիրիդոքսին), որը կանխարգելում է սրտասնույց անոթի աթերոսկլերոզը, մեծ դեր է կատարում ճարպերի փոխանակման գործընթացում։ Հավի ստամոքսով պատրաստված ապուրն օգտակար է դիսբակտերիոզի դեպքում, իսկ միսը նպաստում է մարսողությանը։ Հավի մսի արգանակը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի հիվանդությունների դեպքում։

Բադի միսն օգտակար է տղամարդկանց, խորհուրդ չի տրվում երեխաներին և գեր մարդկանց, հակացուցված է ալերգիայով հիվանդներին։ Բադի ձուն ավելի սննդարար է, քան հավինը, սակայն կա սալմոնելոզով հիվանդանալու վտանգ։

Սագի միսը նույնպես օգտակար է տղամարդկանց և հակացուցված է մինչև 5 տաերկան երեխաներին։ Աղեստամոքսային համակարգի, սրտի, երիկամների հիվանդություններ ունեցող և գեր մարդկանց սննդակարգում սագի մսով կերակուրները պետք է սահմանափակվեն։ Մսի այս տեսակը հակացուցված է լակտազային անբավարարության (անընկալություն կովի կաթի նկատմամբ) դեպքում։

 

Մսամթերքի էներգետիկ արժեքը

Մսեղենը կարևոր է մարդու օրգանիզմի համար, սակայն բժիշկները զգուշացնում են, որ մսամթերքի չարաշահումը նվազեցնում է կալցիումի քանակությունն օրգանիզմում, ծանրաբեռնում է երիկամները, մեծանում է սրտանոթային հիվանդությունների և ուռուցքների առաջացման և զարգացման հավանականությունը։ Միայն ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում է խորհուրդ տրվում ուտել 50 գրամից ավելի մսամթերք։

Առողջության պահպանման համար կարևոր է իմանալ սննդակարգում ընդգրկված մթերքի էներգետիկ արժեքը՝ 100 գ զանգվածում.

  •  Ճարպոտ տավարի միս՝ 171 կկալ, անյուղ՝ 121,
  •  Հորթի դոշ՝ 213 կկալ, ֆիլե՝ 158 կկալ,
  • Խոզի ճարպոտ միս՝ 270 կկալ, անյուղ՝ 145 կկալ,
  •  Ոչխարի ճարպոտ միս՝ 225 կկալ, անյուղ՝ 170 կկալ,
  • Տավարի լյարդ՝ 130 կկալ, հորթի տոտիկ՝ 161 կկալ,
  •  Ճագարի միս՝ 190 կկալ,
  •  Հավի ճարպոտ միս՝ 200 կկալ, անյուղ՝ 160 կկալ, բրոյլեր՝ 180 կկալ,
  •  Հնդկահավի ճարպոտ միս՝ 230 կկալ, անյուղ՝ 160 կկալ, սագի ճարպոտ միս՝ 420 կկալ, անյուղ՝ 260 կկալ,
  •  Բադի միս՝ 540 կկալ և 280 կկալ։

 

Արդյո՞ք հնարավոր է խուսափել վատ ճարպերից

Լավ ճարպեր են համարվում միաչհագեցված և բազմաչհագեցված ճարպերը։

Միաչհագեցված են ձիթապտղի, ռապսի, արևածաղկի, քունջութի, ավոկադոյի, նուշի, արախիսի, պնդուկի յուղերը։

Բազմաչհագեցված են սոյայի, եգիպտացորենի յուղերը, ձկնեղենի յուղոտ տեսակները՝ թյունիկ (սկումբրիա), սարդինա, ծովատառեխ, իշխան և այլն, արևածաղկի, վուշի, քունջութի, դդումի ամբողջական սերմերը, ընկույզը, սոյայի կաթը։

Վատ՝ հագեցված ճարպեր է պարունակում ճարպոտ կարմիր միսը (տավարի, խոզի, ոչխարի), հավի կաշվի տակի շերտը, կոկոսի և արմավի յուղերը, յուղալի կաթնամթերքները և այլն։

 

Ճարպերի քանակությունը մսի մեջ  կախված է պատրաստման եղանակից

Հարյուր գրամ տապակած հավի դոշը պարունակում է մոտ 15 գ ճարպ, որից 2,1գ՝ հագեցված, իսկ նույն քանակի գրիլի վրա պատրաստվածը (առանց կաշվի)՝ 3 գ ճարպ, որից 0,6 գ՝ հագեցված ճարպեր են։

Եթե խոզի միսը տապակելուց հետո պարունակում է 26 գ ճարպ (որից 7 գրամը հագեցված ճարպերն են), ապա երևացող ճարպի շերտը հեռանալուց հետո, տապակած մսի մեջ, այնուամենայնիվ, կմնա բավականին քանակի ճարպ։ Գրիլի վրա պատրաստելու դեպքում մսի մեջ կմնա ընդամենը 9 գ ճարպ, որից 2,3գ՝ հագեցված։

Նույն քանակի ճարպոտ տավարի միսը պարունակում է 17,5 գ ճարպեր (որից 5 գ՝ հագեցված), իսկ անյուղը՝ 8,5 գ (որից 2,5 գ՝ հագեցված)։

 

Ի՞նչ վիտամիններ է պարունակում լյարդը

100 գ տավարի լյարդում կան 1,28 մգ տոկոֆերոլներ (E), 33 մգ ասկորբինաթթու (C), 0,7 մգ պիրիդոքսին (B6), 60 մկգ անչափ արժեքավոր ցինոկոբալամին (B12), 98 մկգ բիոտին, 9 մգ նիացին (PP), 6,8 մգ պանտոտենաթթու (B5), 2,2 մգ ռիբոֆլավին (B2), 0,3 մգ տիամին (B1), 240 մկգ ֆոլացին (B9), 635 մգ քոլին։

Նման համատեղություն չկա որևէ բուսական մթերքի մեջ՝ թե° որակային և թե քանակային (առանձին բացառություններ կան, օրինակ, վիտամին C-ի վերաբերյալ) չափանիշներով։

Սակայն կա շատ կարևոր հակացուցում՝ կապված ռետինոլի (A) հետ՝ տավարի լյարդը պարունակում է մոտ 8,2 մգ վիտամին A (խոզինը՝ 3,45 մգ), իսկ մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջը 1,5մգ է։ Խնդիրը նրանում է, որ ռետինոլը կուտակվում է օրգանիզմում՝ նշված չափաբաժինը գերազանցելու դեպքում, ինչն ազդում է ոսկորների ամրության վրա՝ դրանք դառնում են փխրուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս