
Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը ապրիլին կամուսնանան

«HELLO» ամսագիրը պնդում է, որ դերասաններ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը պատրաստվում են օրինականացնել իրենց հարաբերությունները: Ըստ ամսագրի տվյալների` դերասանները կամուսնանան այս տարվա ապրիլին:
Աստղային այս զույգը պապարացիների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս նախորդ տարվա ապրիլից. լուսնկարիչները նրանց նկատել էին Լոս Անջելեսի սուշի բարերից մեկում: Զույգն այդ ժամանակ հերքում էր որևէ տեսակի հարաբերություններ ունենալու հանգամանքը, սակայն շուտով պարզ դարձավ, որ դերասաններն, իրոք, սիրային հարաբերությունների մեջ են:
Հիշեցնենք, որ վերջերս դերասան Էշթոն Քաթչերը նկարահանվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող «Ջոբս» ֆիլմում: Ֆիլմը մեծ քննադատության էր արժանացել Ջոբսի ընկերոջ`Սթիվ Վոզնյակի կողմից: Վերջինս բողոքում էր, որ իր ընկերոջ կենսագրության որոշ հատվածներ ճիշտ նկարագրված չեն ֆիլմում: