«Վաղ թե ուշ ՀԱԿ-ը պիտի քանդվեր գաղափարական բախման հետևանքով»

Ասում է քանդակագործ Սահակ Պողոսյանը

«Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վերնախավում շատ մարդիկ կային, ովքեր նախորդ իշխանություն լինելով, իշխանություն կորցնելով՝ «օբիժնիկի» հոգեբանությամբ միավորվեցին իրենց քաղաքական նեղացածությունը թոթափելու համար: Ոմանց համար այդ պայքարը կրկին իշխանություն ձեռք բերելու, նախորդ լավ ապրած կյանքը հետ բերելու, երկրորդ անգամ նույն ջրի մեջ մտնելու խնդիր էր: Թեև շատ քիչ, բայց ՀԱԿ-ում կային շատ ազնիվ մարդիկ, ովքեր եկել էին ոչ թե անձնական խնդիր լուծելու, այլ երկիրը ոտքի կանգնեցնելու համար, բայց մի մեծ, ստվար բազմություն եկել էր զուտ անձնական խնդիր լուծելու: Իսկ այն իրապես պայքարող, սրտացավ մարդիկ դուրս մնացին: Էդ տեսակը՝ կրթված, դաստիարակված, գրագետ մարդը, որն անշահախնդիր պայքարում էր, արդյունքում մնաց մենակ, հրապարակում մենակ կանգնած»,- ասում է քանդակագործ Սահակ Պողոսյանը:

ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ հայ արվեստագետներից շատերը հրաժարվում են քաղաքական զարգացումների կամ որևէ իրադարձության կապակցությամբ իրենց դիրքորոշումը, կարծիքը  հայտնել, գնահատականներ հնչեցնել: Որքան էլ ցավալի է, բայց մեր մտավորականներից, արվեստագետներից ոմանք Հայաստանի համար նման կարևորագույն քաղաքական գործընթացների փուլում «չեզոք» կեցվածք են ընդունում՝ հավանաբար իշխանական կամ ընդդիմադիր ուժերի հասցեին «թթու» խոսք ասելը համարելով անշնորհակալ գործ: Արդյունքում, լրատվամիջոցներով քչերի արժանի խոսքն է հնչում, փոխարենը՝ տարածվում են տաքսու վարորդների կամ, որ ամենասարսափելին է՝ ամենատգետ փոփ-երգչի գնահատականները քաղաքական այս կամ այն իրադարձության վերաբերյալ:

Քանդակագործ Սահակ Պողոսյանն այն հազվագյուտ արվեստագետներից է, ով հանդգնում է յուրաքանչյուր արատավոր երևույթ քննադատել և որպես ՀՀ քաղաքացի՝ տեղեկացված լինել քաղաքական իրադարձությունների մասին: Մասնավորապես համացանցում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, նա ակտիվ մասնակիցն է ինչպես՝ ընտրական գործընթացներին վերաբերող ինֆորմացիայի քննարկումների, այնպես էլ՝ քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքում կատարվող աղմկոտ իրադարձությունների: «Քաղաքականությունը մեզանից դուրս մի բան չէ, որովհետև մենք բոլորս ապրում ենք մի աշխարհում, փոքրացված մի տարածքում, որտեղ ինֆորմացիոն հոսքերն անմիջապես դառնում են մեր սեփականությունը: Այդ հոսքերից յուրաքանչյուր մարդ իր եզրակացությունն ունի և համաձայն բարոյական իր չափանիշների՝ փորձում է պատասխանել այդ օրվա հարցերին: Երբ տեսնում ես, որ անբարոյական քաղաքականություն է վարվում՝ պետք է գնահատական տաս: Արվեստագետը գնահատական տալուց չպետք է վախենա, որովհետև վախենալու դեպքում շատ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվելու»,- ասում է Սահակ Պողոսյանը՝ ավելացնելով, որ երբեք քաղաքական որևէ ուժի կուրորեն չի ընդունում: Իշխանության թերացումները քննադատելը համարելով ամենահեշտ գործը, նա, մասնավորապես, կարևորում է ընդդիմության թերացումների մասին խոսելը: Առհասարակ, ըստ Ս. Պողոսյանի՝ մարդը պետք է կարողանա իր «բացերն» ու թերացումները տեսնել՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր ճամբարում գտնվող քաղաքական գործիչների գործունեությանն են վերաբերում: «Ամենակարևորն այն է, որ ամեն մարդ իր գործը լավ անի, որովհետև իր լավ արած գործը պլատֆորմ է՝ խոսելու համար: Օհան Դուրյանը խոսում էր իր պլատֆորմից՝ իր արածի չափից ելնելով: Նրան չէին կարող գնել, որովհետև ինքը վեր էր դրանից: Ես այդ տեսակ մտավորականի հայտ եմ ուզում ներկայացնել, այդպիսի մարդ եմ ուզում լինել ու ուզում եմ՝ մյուսներն էլ այդպես լինեն: Ոչ թե նրանց պես, ովքեր հենց «վաստակավորի» անունը լսում են՝ քաղաքում տեղադրվող վատ քանդակների մասին խոսելուց հրաժարվելու խոստում են տալիս: Այդ պրովինցիալ քաղաքականությունը մեզ մոտ ընդունված է, և շատ քչերին է հաջողվում այն հաղթահարել», -ասում է Ս. Պողոսյանը: Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, մասնավորապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ որպես նախագահի թեկնածու չառաջադրվելու փաստին, նա նշում է, որ, թեև ինքը շատ է հարգում նրան՝ որպես մտավորական, այդուհանդերձ՝ «10 տարվա լռությունից հետո քաղաքանության մեջ նրա մուտք գործելը պարտադրված էր, որովհետև կարծես թե չգտնվեց մեկ այլ լիդեր, որի կողքին կհավաքվեր ընդդիմադիր դաշտը: Այդ պարտականությունն իր վրա վերցրեց Լ. Տեր-Պետրոսյանը, բայց Մարտի 1-ից հետո հնարավոր իշխանափոխությունը տեղի չունեցավ, ինչից հետո Տեր-Պետրոսյանը, կարծես դադարեց քաղաքական գործիչ լինելուց: Նա ավելի շատ դասախոս էր»,- ասում է  քանդակագործը, ով Մարտի 1-ից հետո Լ. Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները որակում է՝ որպես մասսաներին կրթելու, սովորեցնելու հայտ ներկայացնող դասախոսություններ: Քանդակագործի համոզմամբ՝ որպես նախագահի թեկնածու հանդես գալու Տեր-Պետրոսյանի հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ անձամբ ինքը չէր ցանկանում Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել, քանի որ իրեն դա արդեն հետաքրքիր չէր:

Ս. Պողոսյանը կարծում է, որ ՀԱԿ գործունեության ընթացքում, այնուամենայնիվ, բացի Լ. Տեր-Պետրոսյանից, այդպես էլ լիդերներ չձևավորվեցին, այդ թվում՝ նախագահի թեկնածուի հավակնորդ: ՀԱԿ-ը չկարողացավ առաջիկայում լիդերներ ներկայացնելու ինստիտուտ ձևավորել՝ անգամ ընտրություններում ձախողելու գնով: Փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում ՀԱԿ թեկնածուի բացակայությունը քանդակագործը համարում է թուլություն, պարտություն: Ընդ որում, ՀԱԿ-ը պետք է իր պարտությունն ընդունելու համարձակություն ունենա, որպեսզի եզրակացություններ անելու հնարավորություն ունենա. «Եթե ՀԱԿ-ը չգնար խորհրդարան, չվերցներ մանդատները, ռազմավարական տեսանկյունից իր ներուժը կկենտրոնացներ նախագահական ընտրությունների վրա, իսկ այդ դեպքում ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանին, որպես պոտենցիալ թեկնածու, կարող էին հանգիստ ներկայացնել: Մանավանդ որ, Լ. Տեր-Պետրոսյանի՝ որպես թեկնածու հանդես չգալու միակ հիմնավորումը տարիքային խնդիրն էր, հետևաբար՝ Ն. Փաշինյանը կարող էր հանդես գալ՝ որպես նախագահի թեկնածու»:

Այնուամենայնիվ, Ս. Պողոսյանը վստահեցնում է, որ ՀԱԿ քաղխորհուրդը չկարողացավ ճիշտ կողմնորոշվել: Իսկ ընդհանրապես հասարակության վերաբերմունքը ՀԱԿ-ի որոշումների վերաբերյալ ընկալվում են  որպես Լ. Տեր-Պետրոսյանի միանձնյա որոշումներ: «Մյուս կողմից՝ չաճեց այն թեկնածուն, որին կարող էր սատարել ՀԱԿ-ը՝ որպես ընդդիմադիր կառույց: Օրինակ, ընդունենք թե չընդունենք, բայց «Ժառանգությունն» իր թեկնածուին աճեցրեց, հասցրեց մի մակարդակի, որը դրեց իր թեկնածությունը, իսկ մյուսները դա չարեցին: Ի վերջո, «Ժառանգությունը», որպես կազմակերպություն, իր լիդերին առաջարկեց, և կարող եմ ասել, որ բոլոր թեկնածուների համայնապատկերով Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին ձայներ կհավաքի: Իրենց սուղ հնարավորություններով, ինստիտուցիոնալ իմաստով՝ նրանք շատ ճիշտ ճանապարհով գնացին»,- ասում է Ս. Պողոսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի նման ընդդիմադիր խոշոր կառույցին՝ Ս. Պողոսյանը համարում է, որ ամբողջ աբսուրդը տեղի ունեցավ այն պահից սկսած, երբ իշխանությունների դեմ պայքարող կուսակցությունները հավաքվեցին մի տարածքում: «Այդ տարածքում սկսեցին հավաքվել կուսակցություններ, որոնք լրիվ հակադիր արժեքային համակարգերի կրողներ էին. բոլշևիկներից սկսած՝ մինչև լիբերալներ, միապետականներ, անարխիստներ: Այսինքն՝ մի կաթսայի մեջ լցվեց ամեն ինչ, ինչն անհնար էր, որովհետև այդքան տարբեր արժեքային համակարգ… ասենք՝ բուրժուադեմոկրատներն ու կոմունիստները կամ անարխիստները: Ես ՀԱԿ անդամ ընկերներ ունեմ, ովքեր անարխիստներ են, նրանք ինչպե՞ս կարող էին իրար հասկանալ»,- զարմանում է քանդակագործ Ս. Պողոսյանը: Ըստ քանդակագործի՝ ՀԱԿ-ում հավաքվել էին գաղափարական հակադիր բևեռներում գտնվող մարդիկ, որի արդյունքում գաղափարական բախումն անխուսափելի էր: Մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ ՀԱԿ-ն ի սկզբանե և այսօր էլ որևէ ծրագիր չներկայացրեց, թեև ինչ-որ առաջարկներ արեցին, բայց փաստաթղթային որևէ ծրագիր՝ երկրի հետագա անելիքների մասին, հասարակությանը չներկայացվեց: Այդ բացթողումը պատճառ դարձավ, որ ժողովուրդը ՀԱԿ-ին որպես առաջնորդող ուժ չընկալի: «ՀԱԿ-ը վերջում հանդես եկավ՝ որպես կուսակցություն, բայց թե ի՞նչ կուսակցություն՝ ոչ ոք չհասկացավ, դրա համար «Հանրապետություն» կուսակցությունը չհամաձայնվեց ու դուրս եկավ, հետո դուրս եկավ Բագրատյանն՝ իր կուսակցությունով, «Քրիստոնյա դեմոկրատները», և այլք: Մի կողմ թողնելով մարդկային ամբիցիաները, պետք է նշեմ, որ գաղափարականները չկարողացան համադրվել իրար հետ: Անխոս, ՀԱԿ-ը պիտի քանդվեր գաղափարական բախման հետևանքով»,- իր եզրահանգումն է կատարում քանդակագործ Սահակ Պողոսյանը:

 Սահակ Պողոսյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդել «168 Ժամ» թերթի վաղվա համարում

23818_113702708654551_4849563_n 21974_105022126189276_6876819_n 32580_126552134036275_1887006_n 184673_193648943993260_895540_n 167168_182461101778711_2649746_n 167083_182461111778710_924149_n

Տեսանյութեր

Լրահոս