«Քաղաքական գործընթացները բանկերի գործունեության վրա ազդեցություն չեն ունենում». Աշոտ Օսիպյան
Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը։ Նա հայտնեց, որ 2012-ին՝ նախորդ տարվա համեմատ, համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 38,8 մլրդ դրամով կամ 10,5 տոկոսով և կազմել 409,5 մլրդ դրամ:
Ընդհանուր ակտիվներն աճել են 368,5 մլրդ դրամով կամ 18 տոկոսով և կազմել 2,412.2 մլրդ դրամ: Ընդհանուր վարկային պորտֆելում հաճախորդներին տրված վարկերն ու այլ փոխատվություններն 2012-ի ընթացքում աճել են 264,3 մլրդ-ով կամ 21 տոկոսով և կազմել 1,517,9 մլրդ դրամ: «Նախորդ տարվա համեմատ ընդհանուր պարտավորություններն աճել են 329,6 մլրդ դրամով կամ 19,7 տոկոսով և կազմել 2,2002,7 մլրդ դրամ: Հաճախորդների նկատմամբ պարտավորությունների աճը կազմել է 187,9 մլրդ դրամ կամ 17,9 տոկոս, իսկ տարեվերջի դրությամբ՝ վերջինիս ծավալը կազմում էր 1,238.6 դրամ: Ավանդների աճը կազում է 78,2 մլրդ դրամ կամ 7,4 տոկոս և կազմում է 1,132 մլրդ դրամ: Բանկային համակարգի ընդհանուր շահույթը տարվա վերջին կազմել է 42,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5,6 մլրդ դրամով կամ 15 տոկոսով»,- ասաց Օսիպյանը:
Աշոտ Օսիպյանի խոսքով` 2012-ի արդյունքներով`բանկերի կապիտալի եկամտաբերության մակարդակը կազմել է 11,2 տոկոս, իսկ ակտիվների շահութաբերության մակարդակը`2 տոկոս: Հայաստանի բանկերի միության նախագահի խոսքով`եթե 2011-ին Հայաստանի ամենախոշոր 100 հարկատուների շարքում կար 9 առևտրային բանկ, ապա 2012-ին դրանց թիվը հասել է 11-ի:
«Հիմնական խնդիրները, որոնք կանգնած են լինելու համակարգի առաջ, «Բազել 3»-ին անցմանը պատրաստվելն է, որը շատ կարևոր է: Հայկական բանկերն այսօր աշխատում են «Բազել 2»-ի կարգավորման ներքո, մենք կփորձենք նախապատրաստական աշխատանքները կատարել, որպեսզի 2014-ին քայլ առ քայլ սկսենք անցնել «Բազել 3»-ին»,- ասաց Աշոտ Օսիպյանը: Ըստ նրա՝ «Բազել 3»-ին անցումը կհանգեցնի նոր որակի բանկային համակարգի: