Մեղադրողը միջնորդում է վերադառնալ նախկին մեղադրանքին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, կքննի ՀՀ ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով կրկնակի բողոքներն՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կայացրած անցյալ տարվա դեկտեմբերի 13-ի դատավճռի:
Մեղադրող Աշոտ Նադոյանը միջնորդում է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, որով առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքը վերաորակել էր խարդախության՝ խոշոր չափերով և կաշառք ստանալու պատրվակով, ամբաստանյալը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, համաներման կիրառմամբ ամբաստանյալի պատժի չկրած մասը կրճատվել էր մեկ երրորդով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Մեղադրողը միջնորդում է Վլադիմիր Կոթոլյանին մեղավոր ճանաչել նախկին մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտել ազատազրկման 7 տարի ժամկետով` անձնական գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ , սակայն ոչ ավելի 1.484.560 ՀՀ դրամ գումարից:
Ամբաստանյալի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը միջնորդում է ամբողջությամբ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը, Վլադիմիր Կոթոլյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել և դադարեցնել քրեական հետապնդումը: Մերժելու դեպքում պաշտպանը միաժամանակ միջնորդում է նշանակել նույն հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման հետ չկապված պատիժ` տուգանք կամ նվազագույն կամ համաչափ պատիժ:
Հիշեցնենք, որ այս գործը արդեն երկրորդ անգամ է գտնվում վերաքննիչ դատարանում՝ առաջին դատաքննությամբ կաշառք ստանալու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտող դատավճիռը բեկանվել էր և ուղարկվել նույն դատարան՝ նոր քննության: