Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը
Այսօր՝ հունվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում «Վազ 2121» մակնիշի 445 ՏՕ 61 hամարանիշի ավտոմեքենայի վարորդ Նարեկ Սարգսյանը Այնթափ-Մարմարաշեն ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 40-45 տարեկան մի տղամարդու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Մասիսի հիվանդանոց և ոստիկանություն: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի 1 վաշտի աշխատակիցներըը՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Արմեն Կարապետյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդին ՃՈ աշխատակիցները տեղափոխում են բժշկական կենտրոն՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը ալկոհոլ օգտագործել է, թե ոչ:
Մասիսի ոստիկանները պարզում են վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը և բնակության վայրը: Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդը Մարմարաշեն գյուղի բնակիչ է, իսկ ավտոմեքենան պատկանում է նրա հորը և հաշվառված է «ԽաչԱր» ՍՊԸ-ի հաշվեկշռում: