Սերժ Սարգսյանը բնապահպանությանը չի անդրադարձել. Ինգա Զարաֆյան
«Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրի վերլուծական և տեղեկատվական բազան ուժեղ է, նրանք անդրադառնում են բոլոր թեժ կետերին: Ծրագրում և’ տեղեկատվություն կա, և’ լուծումներ: Բայց շատ դժվար է ասել, թե այդ ծրագիրն ինչպես կիրականացվի հետագայում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
Նա նշեց, որ վերջին տարիներին «Ժառանգություն» կուսակցության անդամները (բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը) մշտապես ակտիվ են եղել բնապահպանական խնդիրների հարցում և տիրապետում են իրավիճակին: Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ՝ բնապահպանների համար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրի ամենակարևոր առաջարկը վերաբերում է թափոններին:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած ծրագրում առաջարկվում է բնապահպանական վճարներ գանձել՝ ըստ պոչամբարներում առկա վնասակար նյութերի չափաբաժնի:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը տեղեկացրեց, որ իրենք ուսումնասիրել են թեկնածուների նախընտրական ծրագրերը և բնապահպանական անդրադարձներ նկատել են Րաֆֆի Հովհաննիսյանի, Արման Մելիքյանի և Անդրիաս Ղուկասյանի ծրագրերում, սակայն վերջինիս մասին չի խոսում՝ հաշվի առնելով, որ նա քարոզարշավ չի իրականացնում: Ինգա Զարաֆյանը Անդրիաս Ղուկասյանին բնորոշեց իբրև «կանաչ ակտիվիստ»:
Խոսելով նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ծրագրի մասին՝ Ինգա Զարաֆյանը նշեց, որ Հ. Բագրատյանի ծրագիրը տնտեսական ուղղվածություն ունի և ընդամենը երկու կետով կա անդրադարձ հանքարդյունաբերությանը: «Եթե դու նպատակը բնապահպանական ես դնում, այլ ձևով ես գործում, եթե տնտեսական՝ այլ ձևով»,- ասաց «Էկոլուր»-ի նախագահը:
Ըստ Ինգա Զարաֆյանի՝ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրի մեջ բնապահպանական հատվածը բացակայում է: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանն առայժմ խոսել է միայն փոքր հէկ-երի և ատոմակայանի երկրորդ բլոկի մասին, որը չի կարելի է համարել բնապահպանական խնդիրների անդրադարձ, դա, ըստ նրա՝ ավելի շատ տնտեսական բնույթ ունի: