Ինչո՞ւ չեք խոսում՝ լա՞վն է Սերժիկ ձյաձյան, բա ինչի՞ եք վեր կացել պոչներդ խուզել ընկել մեջտեղ. Գուրգեն Եղիազարյան
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի սիրելի երգիծաբաններին՝ Պարոնյանին և Զոոշչենկուն ավելացել են նաև ՀՀ նախագահի թեկնածուները: «Զավեշտի երկիր Հայաստանս: Եթե ցանկանում եք լիաթոք ծիծաղել, լսեք, թե այս բռնապետության մեջ նախագահի «թեկնածուիկները» ինչի մասին են խոսում: Նույնիսկ ամենազարգացած երկրներում թեկնածուները նախընտրական պայքարի ընթացքում խոսում են գործող նախագահի թերություններից, չարված գործերից»,- այս մասին այսօր լրագրողների հանդիպման ժամանակ ասաց Գուրգեն Եղիազարյանը:
ՀԱԿ անդամը նախագահական այս ընտրությունները որակեց որպես «երաժշտական կոմեդիայի թատրոն», որին, սակայն, Եղիազարյանը չի հավատում: «Այս թեկնածուների միջոցով հասարակությանը զբաղեցնում են տարբեր հարվածային գործիքներով: Սա է պատճառը, որ անվանում եմ, երաժշտական թատրոն: Սերժ Սարգսյանն իր նախագահության ընթացքում լրջագույն բացթողումներ է կատարել: Նրա «Դեպի առաջ Հայաստան» լոզունգը վերածվեց խայտառակության՝ դեպի բացարձակ նահանջի: Չկա մի մարդ, որն ինձ կասի, թե նա գեթ մեկ խոստում իրագործել է. ինչ ասել է, հակառակն է ասել: Իսկ ինչի՞ մասին են խոսում թեկնածուները»,- նշեց նա՝ հավելելով, թե «գործող նախագահը նստած է ճենապակյա զանգի մեջ, որը քարից փշրվելու է ու ամեն ինչ բացահայտի»:
Ըստ Գ. Եղիազարյանի, նախընտրական այս ամբողջ թոհուբոհի մեջ մարտի դաշտ դուրս եկած «խրոխտ տղամարդիկ ծպտուն չեն հանում» այն մասին, թե ինչ չարեց նախագահն իր պաշտոնավարման տարիներին: Հարցին, թե ո՞ւմ եք ակնարկում, Եղիազարյանը պատասխանեց, թե բոլոր առաջադրված թեկնածուների, բացառությամբ՝ Անդրեաս Ղուկասյանի, Արամ Հարությունյանի, և հիսուն տոկոսով Վարդան Սեդրակյանի, այն դեպքում, երբ նախագահի թենածուն շատ բան ունի խոսելու:
«Հարց չեք տալիս իրենց՝ ինչո՞ւ չեք խոսում, լա՞վն է Սերժիկ ձյաձյան: Բա ինչի՞ եք վեր կացել պոչներդ խուզել ընկել մեջտեղ: Թողեք մարդը դառնա նախագահ: Մեկ է՝ հալալ-զուլալ դառնալու է նախագահ»,- ասաց ՀԱԿ անդամը: