Անդրիաս Ղուկասյանն անվճար եթերաժամը տրամադրում է քաղաքացիներին
Այսօր արդեն ութերորդ օրն է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անժամկետ հացադուլի մեջ է գտնվում՝ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջև:
Անդրիաս Ղուկասյանը «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մինչ այսօր բուժօգնության կարիք չի եղել, սակայն շտապօգնության աշխատակիցներն այցելում են իրեն յուրաքանչյուր օր 2 անգամ` թե՛ առավոտյան և թե՛ երեկոյան, չափում են ճնշումը, որը նորմայի սահմաններում է: «Իհարկե լինում են տատանումներ, բայց ես դա նորմալ եմ համարում»,- ասաց Ղուկասյանը` հավելելով, որ իր առոջական վիճակը կայուն է, ճիշտ է, ավելի թույլ է իրեն զգում, բայց դա բնորոշ է այս իրադրությանը:
«Իմ կարծիքով այս խնդիրը, որ ընտրություններին մասնակցում է այն իշխող կուսակցությունը, որը հարկադրանք է կիրառել նախորդ ընտրություններում և ըստ երևույթին շարունակում է կիրառել նաեւ այս ընտրությունների ժամանակ, բոլոր թեկնածուների համար մտահոգիչ է և բնականաբար ես համոզված եմ, որ բոլոր թեկնածուները հասկանում են, որ իմ կողմից առաջ քաշած հարցը ի շահ բոլոր թեկնածուների և ի շահ հանրության է: Թույլ չտալով այդ ուժին մասնացել ընտրություններին մենք ապահովում ենք քաղաքացիների համար ազատ ընտրելու իրավունք»,- ասաց Ղուկասյանն ու բնական համարեց մյուս թեկնածուների աջակցությունը «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսին:
Ինչ վերաբերում է քարոզարշավին՝ նախագահի թեկնածուն նշեց, որ նա չի մասնակցում քարոզարշավին, որովհետև մասնակցել քարոզարշավին՝ կնշանակի ճանաչել իշխող կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի իրավունքն ու իրավահավասարությունը: «Ի բողոք նրա, որ պետությունը չապահովեց ընտրության համար պայմաններ, ես հայտարարեցի հացադուլ, և չեմ գտնում, որ ոչ պատշաճ թեկնածուի հետ պետք է մրցակցեմ, նման մրցակցությամբ լեգալիզացնում եմ իր մասնակցությունը ընտրություններում՝ կիսելով պատասխանատվությունը այս քաղաքական ուժի նախկին բոլոր խախտումների համար: Եվ քանի որ այդ հարցին ես սկզբունքորեն եմ մոտենում, այդ իսկ պատճառով որոշեցի առաջին իսկ օրվանից հայտարարել հացադուլ՝ հրաժարվելով մասնակցել քարոզարշավին, քանի դեռ չի կատարվել իմ պահանջը»,- ասաց Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է անվճար եթերաժամին, ապա Ղուկասյանը նշեց, որ իրենք որոշել են անվճար եթերաժամը տրամադրել քաղաքացիներին: «Սա քարոզարշավ չի, սա եղանակ է, որպեսզի հանրության ձայնը լսելի դառնա, սովորաբար քաղաքական գործիչներն են խոսում ու խոստումներ տալիս, թե ինչ կանեն ընտրվելու դեպքում, և քանի որ հանրությունը հիասթափված է այդ խոստումներից, որոնք երբևէ իրականություն չեն դառնում, ուստի ես նախընտրեցի, որ հանրությունը խոսի, իսկ քաղաքական գործիչները լսեն»,- ավելացրեց Անդիրաս Ղուկասյանը: