Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ ավելացել է թմրամոլների քանակը
МК-Турция-ի փոխանցմամբ՝ ոչ վաղ անցյալում անցկացված հակաթմրանյութային օպերացիան, որի ժամանակ ձերբակալվեց 38 մարդ, այդ թվում նաև մշակութային հայտնի գործիչներ, հերթական անգամ ի ցույց դրեց այն մասշտաբը, թե Թուրքիայում ուր է հասել թմրանյութերի սպառումը:
Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ եթե 2006 թվականին թմրանյութերի հետ գործ ունենալու պատճառով ազատազրկման մեջ էր գտնվում 2832 մարդ, ապա 2012 թվականին այդ ցուցանիշն արդեն կազմել է 74.449 մարդ:
Այս սարսափելի պատկերը հայտնի էր դարձել պայմանական-վաղաժամ ազատման մասին օրենքի ընդունումից հետո: Այն ժամանակ՝ 2012 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազատության մեջ էր հայտնվել 161.000 բանտարկյալ, որոնցից 74.000-ը բանտերում էր հայտնվել թմրանյութերի հետ գործ ունենալու պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին թուրքական մամուլը գրել էր, որ վերջին 3 տարիներին Թուրքիայում առգրավված կոկայինի քանակն աճել է 572 տոկոսով, իսկ վերջին 5 տարիներին առգրավված մարիխուանայի քանակը՝ 140 տոկոսով: 2011 թվականին Թուրքիայում բացահայտվել է թմրանյութերի հետ կապված 67.099 գործ, ինչի արդյունքում ձերբակալվել է 105.665 մարդ: