Հրանտ Բագրատյանի անեծքը. «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»
Այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց, որ չի խոսելու ընդդիմադիր մյուս թեկնածուների մասին: «Ես ընդդիմադիրներից չեմ խոսում, ես խոսում եմ միայն Սերժ Սարգսյանից: Ընդդիմադիրներին էլ զգուշացրել եմ, մի քանի անգամ իմ անունը տվել են, ներողություն են խնդրել, ասել են` էլ չի կրկնվի: Պարզապես ասել եմ` կտուժեք ինքներդ»,- ասաց Հրանտ Բագրատյանը` նշելով, որ որևէ ընդդիմադիր թեկնածու իրավունք չունի խոսել այլ ընդդիմադիր թեկնածուից:
«Կա մի հոգի`Սերժ Սարգսյանը, ով իրեն հայտարարել է դիմություն: Ես, ասենք, Պողոս Պողոսյանը լիներ դիմություն, ես նրան էլ կքննադատեի: Եվ մեր շտաբը միակն է, որը բացի Սերժ Սարգսյանից, ուրիշ մեկի անուն չի տվել, ես որևիցէ անուն չեմ տա նույնիսկ լավ կոնտեքստով: Մեր անունն անդընդհատ տալիս են, ես դա համարում եմ ոչ ճիշտ և խառնակչություն, ընդ որում բոլորն են տալիս և բոլորն էլ զգուշացված են»,- ավելացրեց նախագահի թեկնածուն:
Այդ դեպքում Հրանտ Բագրատյանից խնդրեցին խոսել Սերժ Սարգսյանի քարոզարշավից, ինչի մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորն ասաց, որ գոհ չէ դրանից:
«Նախ գոհ չեմ ծրագրից: Ընկերներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում, այսպիսի անեծքի պես կատակ եմ անում նրանց հետ, ասում եմ. «Թող ձեր երկրի զարգացման ծրագիրը Սերժ Սարգսյանը գրի»»:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ ընդունում է, թե Սերժ Սարգսյանը ծրագիր ունի, բայց դրա որակը սարսափելի է:
«Այստեղ դահլիճում գտնվող որևէ մեկը չի կարող ասել, որ եթե հանկարծ Սերժ Սարգսյանն ընտրվի պրեզիդենտ, կոնկրետ ինչի՞ համար եք դուք 5 տարի անց գնալու նրան հարցնելու: Չկա´ այդպիսի բան, որն ինքը խոստանում է անել»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանից նաև հետաքրքրվեցին,, թե ըստ նրա, ո՞րն է Սերժ Սարգսյանի ծրագրի ամենախոցելի կողմը, ինչին ի պատասխան ՀՀ նախկին վարչապետն ասաց, թե նրա ամենախոցելի կողմն այն է, որ չկա ցանկություն որևէ բան փոխելու: