Բաժիններ՝

«Երևանյան հանդիսատեսը թե՛ սերը, թե՛ ատելությունը շռայլորեն ցուցադրում է». Արմինե Նահապետյան

Երգչուհի Արմինե Նահապետյանը (Արմինկա) հայկական շոու-բիզնեսի ավագ ներկայացուցիչներից է: Արդեն մոտ 20 տարի երգչուհին հայ հանդիսատեսին է ներկայացնում իր երգերն ու տեսահոլովակները:

Բավական երկար ժամանակ շոու-բիզնեսում ես, որը ֆինանսական ներդրումներ ու հովանավորներ է պահանջում:  Տարբեր առիթներով նշել ես, որ  գործունեություն ես ծավալում առանց հովանավորների: Այդ դեպքում ինչպե՞ս ես գոյատևում այդ ոլորտում:

– Սովորաբար արտիստները երգում են կոմերցիոն երգեր, հետո քայլ առ քայլ սկսում են երգել այն, ինչ իրենց է հաճո: Դա օրենք է և բավական ճիշտ է աշխատում: Արևմուտքում էլ է նույնը: Երգիչները գալիս են ասպարեզ, սկզբի համար երգում են թեթև, կոմերցիոն երգեր: Սկզբնական շրջանում արտիստներն աշխատում են ճանաչում, երկրպագուների մեծ բանակ ձեռք բերելու ուղղությամբ, այնուհետև ազատ են անելու այն, ինչ ցանկանում են: Շոու-բիզնեսում կան օրենքներ՝ գրված կամ չգրված: Եթե դու աշխատում ես թիմի, պրոդյուսերի հետ, ապա դու այլընտրանք կամ ունես, կամ չունես: Դու կամ երգում ես այն, ինչ քեզ է հոգեհարազատ, կամ այն, ինչ կոմերցիոն է:

–  Դու ինչպե՞ս ես վարվում:

– Ես այդպես չեմ արել, որովհետև պրոդյուսեր կամ, ինձ համար, այսպես կոչված, «զանգող» չեմ ունեցել: Ես այդպես չեմ վարվել, բայց ունեցել եմ շատ մեծ աշխատանքային փորձ, 1992-1997թթ. աշխատել եմ խմբում: Պատկերացրեք, այն ժամանակ, երբ մարդիկ ապրելու խնդիր ունեին, ես և իմ նման մի քանի արտիստներ անձնվիրաբար ապրում էին այդ աշխատանքով: Մարզեր համերգային շրջագայությունների էինք գնում, մարդիկ գալիս էին մեր համերգներին՝ 5 ձու, մի քիչ պանիր՝ ձեռքներին, որ կարողանան մտնել մեր համերգներին: Մարդիկ ցանկություն ունեին մեզ լսելու: Եվ մենք բարեգործական շատ համերգներ ունեցանք: Այն ժամանակ բոլորն ունեին ապրելու խնդիր, բայց մենք դա մի կողմ էինք դրել, երգում էինք հաճույքի համար:

Մենք սիրում էինք այն, ինչ անում էինք, ու այդ ամենը մեծ եռանդով ու անձնվիրաբար էինք անում: Ցուրտ  էր, մութ, մենք ամիսներով տանից բացակայում էինք: Մեր ծնողներն անգամ չգիտեին, թե այդ գիշեր մենք որտե՞ղ քնեցինք և հաջորդ օրը որտե՞ղ լուսացրինք:  Բայց մենք  ապրում էինք դրանով: Հիշում եմ, Երևանում լույս չլինելու պատճառով՝ գնացել էինք Ջերմուկ, մեզ հատկացրել էին հյուրանոցային համալիրի հարկերից մեկը, որտեղ գրեթե ողջ օրը լույս էր լինում: Մենք ծրագիր էինք կազմում, աշխատում էինք: Պատրաստի ծրագրով շրջագայում էինք տարբեր մարզերով, ապա գալիս Երևան՝ համերգի: Մարզերում երգելով փորձում էինք փորձ, գիտելիք ձեռք բերել, որպեսզի Երևանում ելույթ ունենալու ժամանակ ոչ մի խնդիր չլիներ, ամեն բան անցներ բարձր մակարդակով:  Մեզ այն ժամանակ ոչինչ պետք չէր, իսկ այսօր խնդիրը փոքր-ինչ այլ է:

Մարդիկ ձգտում են ճանաչման, ձգտում են կարճ ժամանակում հայտնի լինել: Մի բան է, երբ դու ես այդ ամենը անում, այլ բան է, երբ քեզ օգնում են ինչ-որ բանի հասնել, բացում են  քեզ համար ճանապարհները: Եթե այն ժամանակ ճանապարհները բաց էին, ապա այսօր այդ նույն ճանապարհները փակ են: Եթե չունենաս քեզ համար «զանգող», քեզ առաջ տանող, ինքնուրույն առաջ գնալը շատ դժվար է: Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ եմ լռում, ինչո՞ւ նոր աշխատանք չեմ ներկայացնում: Ես ուղղակի շատ բան չեմ հասցնում, չունեմ ինձ համար «զանգող», և ես ինձ էլ թույլ չէի տա որևէ մեկին ասել՝ ինձ համար «զանգեն» ինչ-որ մեկին:

Եթե շատ ցանկանամ՝ կունենամ, բայց դա ինձ պետք չէ, ես այդ տեսակի մարդ չեմ: 20 տարի անց ես արել եմ 6/8-ային մի երգ, այնինչ շատ տգետներ չգիտեն, որ այն մեր ժողովրդական երաժշտության չափաձևերից մեկն է:  6/8  երգել չի նշանակում՝ ռաբիս երգել: Ռաբիսը եղել է և կա ամենակոմերցիոն ոճը: Ես  բոլորովին դեմ չեմ ռաբիս երաժշտությանը: Դա էլ իր ունկնդիրն ունի: Այսօր էլ մեր շոու-բիզնեսում մարդիկ կան, ովքեր ռեստորաններից են եկել: Մարդիկ այնտեղ աշխատել են, իսկ դուք կարո՞ղ եք նշել ժողովրդական մի անսամբլ, որտեղից մարդիկ կարողանում են դուրս գալ և առաջ գնալ:

Միգուցե երգերն էլ են սխալ ընտրվում: Ի դեպ, ի՞նչ ես կարծում, սերն իրո՞ք այդքան  անսպառ թեմա է, որ տարիներով շահարկվում է մեր շոու-բիզնեսի երգերի թեմատիկայում:

– Շատ կարևոր է ամեն ինչ շատ ճիշտ մատուցել, այնպես, որ չխանգարի, չհոգնեցնի: Երբ ինձ համար երգ եմ ընտրում, երաժշտությունը լսելիս հասկանում եմ, թե ի՞նչ է լինելու, ինչպիսի՞ երգ եմ ուզում երգել: Ես էլ ունեմ սիրո մասին շատ երգեր,  սերն անսպառ թեմա է, բայց չի կարելի զզվեցնել, անընդհատ շահարկել այդ զգացմունքը: Այո՛, իմ երգերի մեծամասնությունը սիրո մասին է, բայց երբեք չեմ շահարկում սերն անկապ բառերով, անգրագետ տեքստերով, և ուղղակի հանգավորված տողերով երգեր չեմ երգում: Իմ ոչ մի երգի մեջ չեք կարող լսել սիրո կոնկրետացում:

Օրինակ, հիշում եմ, երբ ձայնագրում էի իմ առաջին ձայնասկավառակը՝ մեծ ու պատասխանատու աշխատանք էր, որ պետք է հանձնվեր հանդիսատեսի դատին: 11 երգեր էին, որոնցից յուրաքանչյուրի վրա ես մեծ աշխատանք կատարեցի: Թե՛ երգերի ընտրությունը, թե՛ կատարումն ինձ համար շատ կարևոր էր: Երգերիս խոսքերի հեղինակի հետ զրույցում էի, միասին էինք որոշում, թե տվյալ երաժշտության ներքո ի՞նչ բառեր պետք է լինեն: Այն ժամանակ ամեն բան ավելի փակ էր, այսքան ազատ չէր: Ընտրում էինք բառերը մեծ զգուշությամբ, որ ամեն բան ճիշտ ու լավ լինի:

Արմինե, շատ արտիստներ իրենց այսօր արվեստագետ են համարում, ըստ քեզ, «արվեստագետն» «արտիստ» բառի հոմանիշը կարո՞ղ է լինել:

– Դրանք տարբեր մասնագիտություններ են, ինչպես տնտեսագետը, ինչպես բնագետը: Մեր երգիչների, հաղորդավարների մոտ կա մի այսպիսի տենդենց՝ շատ են սիրում ամպագոռգոռ բառեր օգտագործել, մեծարել մարդուն: Բայց ամեն բան պետք է իր տեղում լինի ու, որ ամենակարևորն է, ճիշտ:

–  Ի՞նչ կարող ես ասել շոու-բիզնեսի վիճակի  մասին, ամեն ինչ իր տեղո՞ւմ է:

– Այսօր մեր երկրում ոչ մի բան իր տեղում չէ: Շոու-բիզնեսում ամեն ինչ իր տեղում էր այն ժամանակ, երբ այն կոչվում էր էստրադա: Կար ֆորմատ, չափ ու ձև, գրված ու չգրված օրենքներ՝ եթերի, տեսքի, բեմի համար: Բեմն այնքան պետք է սիրել ու հարգել, որպեսզի կարողանաս բեմին մոտենալ հարգանքով և նրբորեն:

Որո՞նք են այդ օրենքները՝ կուզեմ առանձնացնես չգրվածները:

– Նախ՝ դու պետք է հարգես քո հանդիսատեսին: Երբ դու բեմ ես բարձրանում, այն մի քանի աստիճանով բարձր է դահլիճից, բայց դա չի նշանակում, որ դու քեզ այդչափ բարձր պետք է պահես: Դու, միևնույն է, խոնարհվում ես հանդիսատեսի առաջ, քեզանից մի քանի աստիճան ներքև նստած մարդկանց առաջ: Նրանք են քեզ բարձրացնում, նրանք են քեզ պահում բարձունքում կամ անխնա նետում այդ բարձունքից:  Դու պետք է կարողանաս նայել թեկուզ դահլիճում նստած այն մարդուն, ով քեզ մեծ տհաճությամբ է նայում, պետք է նրան նայես ու շարունակես ժպտալ թե՛ իրեն, թե՛ բոլորին: Հազարավոր մարդկանց մեջ այնպես չէ, որ բոլորը քեզ սիրում են: Հավաքական համերգ է, մարդիկ գալիս են միգուցե ոչ թե քեզ նայելու, քեզ լսելու, այլ քո կոլեգայի համար են միգուցե գալիս: Ի դեպ,  Երևանում հատկապես հանդիսատեսն այս սերը կամ թե ատելությունը  շռայլորեն ցուցադրում է: Դու ուղղակի պետք է լինես համեստ, չափի մեջ, թույլ չտաս, որ որևէ մեկը տեսնի քո առավելությունը, թեկուզ հնարավոր է, որ առավել ես շատ շատերից:

Ի՞նչ կարող ես ասել բեմական հագուստի կուլտուրայի մասին:

– Թող անհամեստ չհնչի, բայց հագուստի կուլտուրան ես բերեցի: Մարդիկ կային, ովքեր, այո, հագնվում էին, բայց այդ կուլտուրան չկար՝ որտե՞ղ և ի՞նչ հագնել, ո՞ր երգի դեպքում՝ ի՞նչ հագուստ պետք է ընտրել: Այն ժամանակ կային երեկոյան զգեստներ, ու շատերը հենց այդ երեկոյան զգեստներն էին բեմում հագնում: Ես հիշում եմ իմ առաջին բեմելը՝ ուսանողական տարիներին էր, մենք եզրափակիչ համերգին էինք պատրաստվում, և ես մի օրիգինալ հագուստ էի տեսել այն ժամանակվա հայտնի ամսագրերի շապիկներից մեկին: Կանաչ՝ փուլերով զգեստ էր: Ես այն շատ էի հավանել ու ցանկանում էի դրա նման մի զգեստ  հագնել իմ համերգի ժամանակ: Շատ լուրջ էի պատրաստվում համերգին:

Ես կարուձևից լավ չեմ ու միշտ էլ չեմ սիրել կարել: Բայց այդ զգեստի համար ես փուլեր գնեցի, մի զգեստ ունեի, կտրտեցի, վրան փորձեցի այդ փուլերն ավելացնել: Մոտ երկու շաբաթում ես և մայրս խելքի բերեցինք իմ երևակայության արդյունքը: Իմ պատկերացրած զգեստը կարվեց իմ և մայրիկիս ձեռքով: Հիմա ամեն բան այլ է: Կան կտորների տարբեր տեսակներ, շատ մեծ հնարավորություն կա գեղեցիկ, ճաշակով հագնվելու համար: Մոսկվայում՝ «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ, ես մի նմանատիպ զգեստ էի հագել՝ փուլերով, երկար, շատ գեղեցիկ: Հուզվել էի ու իմ կոլեգաներին էլ պատմեցի, որ իմ առաջին բեմելի ժամանակ նմանատիպ զգեստ եմ հագել:

Հարցազրույցներից մեկում ասել էիր, որ մրցութային երգչուհի չես:

– Ես ամեն բեմելից առաջ չափից շատ հուզվում եմ: Արդեն 20 տարի է՝ բեմում եմ, և հուզմունքը նույնն է: Հուզմունքն ազդում է ձայնի և շատ ուրիշ բաների վրա: Ես ուղղակի պատրաստ չեմ մրցելուն, ես երգում եմ՝ իմ հաճույքից, իմ ցանկություններից ելնելով, և չեմ կարող երգել, երբ իմ աշխատանքին նայում են՝ որպես մրցույթի:

–  Արմինե,  քիչ ես մարդկանց հետ շփվում: Զրույցից առաջ ես նման տպավորություն քեզանից ստացա, ինչո՞ւ, քո  ոլորտն այլ բան է պահանջում:

– Ես չեմ սիրում հաճախ եթերներում երևալ, մարդկանց ուշադրության կենտրոնում լինել, եթե ես նորություն չունեմ: Երբ նորություն լինում է՝ հաճելի է զրուցել այդ մասին, իսկ երբ ոչինչ չունես ասելու, անիմաստ գնալ եթեր կամ զրուցել որևէ մեկի հետ չեմ սիրում: Այո, ես փակ մարդ եմ, բայց կարողանում եմ շատ հեշտ շփվել այն մարդու հետ, ով գիտի, թե ինձանից ի՞նչ է ուզում, ով չի գալիս հարցերը ձեռքին ու անընդհատ նայում հարցերին, ով գիտի, թե ինձանից ի՞նչ է ուզում ստանալ, ով ապրում է, գնում է այնտեղ, որտեղ մտքով ես եմ, իմ պատմությունը:

Ես 18 տարեկան էի, երբ ասացի, որ ուզում եմ երգել: Բոլորը զարմացան իմ հայտարարությունից: Մայրս ասաց, որ ես չեմ կարող: Իմ աշխարհն այն ժամանակ ուրիշ էր: Ես էի, իմ սենյակն ու գրքերը: Ես չէի սիրում հյուր գնալ, չէի սիրում, երբ մեր տուն հյուր էր գալիս, և ինձ կանչում էին: Ես ինքնամփոփ էի՝ դա էր իմ աշխարհը: Այդ ամենից հետո ուղղակի մտնել մի աշխարհ, որտեղ անընդհատ պետք է զրուցես որևէ մեկի հետ, հարցազրույցներ տաս… Մայրս պնդում էր, թե չեմ կարող: Բայց ես սիրում էի ու կարողացա: Ես մինչ այսօր երգում եմ և երգարվեստում եմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս