Բաժիններ՝

«Առանց պոեզիա կարդալու՝ երգ գրելը հանցագործություն է». Մհեր Մանուկյան

«Լավ էլի» խմբի կիթառահար, վոկալիստ Մհեր Մանուկյանը սովորում էր 9-10-րդ դասարանում, երբ ծանոթացավ վանաձորյան «Ստվերներ» խմբին։ Խմբի ցրվելուց հետո (1994) խմբի հարվածորդ Աշոտ Չոբանյանը սկսեց նոր խումբ հավաքել։ Ձևավորվեց «Snack» խումբը, որի կազմում էին Աշոտ Չոբանյանը, Ալեքս Ավետիսյանը, Գոռ Մխիթարյանը և Մհերը։ Այնուհետև խմբին է միանում նաև կիթառահար Մայքլ Ջեյ Հեմմեսը, ով Վանաձորում էր գտնվում՝ որպես ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր:

– Մհեր, ե՞րբ խումբը վերանվանվեց «Լավ էլի», և ինչո՞վ էր պայմանավորված անվան ընտրությունը։

– Երբ 1997 թվականին Մայքլն ու Աշոտը գնացին Միացյալ Նահանգներ, որոշեցինք նոր խումբ հավաքել և խմբի համար նոր անուն մտածել։ Երկար մտածելուց հետո` որոշեցինք խմբի անունը դնել «Լավ էլի»։ Անվան ընտրությունը ծագեց այն ժամանակ, երբ մեր ընկերներից մեկը` Դոնալդ Ֆլամերֆելդը, ով կրկին Խաղաղության կորպուսից էր, միշտ «լավ էլի» լսելուց՝ ասում էր` «Ես Էլլիին չեմ ճանաչում, ինչպե՞ս կարող եմ իրեն սիրել» (ժպտում է.- Գ.Ա.)։ Մեզ դուր եկավ այդ հապավումը, քանի որ հնարավոր էր այն տարբեր իմաստներով հասկանալ` «լավ alley», «LOVE էլի», «Love Alley», և այլն:

– Երգերից մեկում ասում եք` «Աղջիկները խելք չունեն, դա վաղուց եմ հասկացել»։ Երբվանի՞ց եք դա հասկացել։

Կարդացեք նաև

– Այս երգը գրվել է այն ժամանակ, երբ մենք երիտասարդ էինք ու սիրահարված։ Աղջիկները հենց այս երգը լսում են` միանգամից հարձակվում են վրաս։ Իրականում երգում խոսք է գնում մի տղայի մասին, ով սիրահարված է մի աղջկա, բայց վերջինս այնքան խելք չունի, որ տղայի զգացմունքներին պատասխանի։ Աղջիկներն, իհարկե, խելք ունեն (ժպտում է.- Գ.Ա.)։

– «Քո աչքերը» երգը նո՞ւյնպես այդ շրջանում  է գրվել։

– Այո։ Երգը գրելու ժամանակ սիրահարված էի։ Մի երիտասարդ աղջիկ կար, ով ինձ շատ էր տանջում։ Գիշերները նրա տան դիմաց ծաղիկներ էի դնում, շունն էլ վրաս էր հարձակվում։

– Մի երգ ունեք, ասում եք` «Ես ձեզ պես չեմ, ես ուրիշ եմ»։ Երգի ստեղծման մասին մի փոքր կպատմե՞ք։

– Այս երգը գրվել է ուսանողական տարիներին։ Ընդհանրապես այդ տարիքում մարդը սկսում է ամբողջանալ, դառնալ առանձին «ես»։ Երգն այն մասին է, թե ինչպես է մարդն այդ տարիքում ընկնում երկու հնարավորությունների միջև ու սկսում տանջվել։ Մի հնարավորությունը՝ բոլորի նման լինելն է, մյուսը` ինքդ քեզ նման լինելը։ Այս երկու ծայրահեղությունները կշեռքի պես տատանվում են։ Երգում մեկ ասվում է, որ «Ես ձեզ պես չեմ», մեկ էլ` «Ես մենակ եմ»։ Այս փուլում երիտասարդները տեսնում են մարդկանց թերությունները, այն, որ նրանք չարությամբ են լցված, ատում են միմյանց։ Հրաշալի կլինի, որ այդ ժամանակ մարդը բոլորին մի կողմ մղի և ասի` «Ես ձեզ պես չեմ»։

mher1

– «Նրանք մեր ընթացքին նենգ պատեր կանգնեցրին, կապեցին սև ակնած շղթաներ… հուսահատ շղթաներ…»։ Այս երգը ե՞րբ եք գրել և ինչի՞ մասին է։

– Ես մարտի 1-ի գիշերն Ազատության հրապարակում էի, այդ օրն ուղեղի ցնցում ստացա։ Այս դեպքերից առաջ երկար ժամանակ ստեղծագործելու ցանկությունը ցամաքել էր, բայց մարտիմեկյան դեպքերից հետո պայթյուն տեղի ունեցավ, և մեկը մյուսի հետևից նոր երգեր ստեղծվեցին։ Իմ ավագ ընկերներից մեկը` Դավիթ Մաթևոսյանը, մարտի մեկին ապօրինի կերպով ձերբակալվեց և բանտից գրեց «Մենք ժպտում ենք» վերնագրով հոդվածը։ Համանուն երգը գրել եմ հոդվածից ոգեշնչված, և շղթաները վերաբերում էին ընկերոջս ձեռքերին ամրացված շղթաներին։ Իհարկե, հետո նա ազատ արձակվեց։

– Բայց, այնուամենայնիվ, «Մենք ժպտում ենք»։

– Այո, իհարկե։ Ամեն բացասական բան կանցնի, եթե մենք չկորցնենք առաջ նայելու ու ժպտալու ունակությունը։

lav eli

– Դուք բազմաթիվ համերգներ եք ունեցել և՛ Վանաձորում, և՛ Երևանում։ Երևանյան և վանաձորյան հանդիսականներն իրարից տարբերվո՞ւմ են։

– Ընդհանրապես մարզերի հանդիսատեսն ավելի բաց է, ընդունող, արվեստի ամենատարբեր դրսևորումների նկատմամբ ավելի ծարավ ու ավելի շնորհակալ։ Նույնը վերաբերում է նաև երաժիշտներին։ Ոչ երևանյան երաժիշտներն ինչ-որ բան անելու ավելի մեծ պահանջ և ցանկություն ունեն։ Երևանի երաժիշտներն ավելի հագեցած են։ Նրանք ժամանակից շուտ հագենում են և կանգ առնում։ Նկատելի է, որ անդադրում աշխատող խմբերը հիմնականում ոչ երևանյան խմբեր են։ Իհարկե, բացառություններ կան։

Կարող եմ ասել, որ և՛ Երևանում, և՛ մարզերում մենք երբևէ չենք ունեցել վատ հանդիսատես։

– Դուք ո՞ր ժանրի մեջ եք ստեղծագործում։ Ըստ էության, «Լավ էլի»-ի ստեղծագործությունները ո՛չ ռոք, ո՛չ էլ ռեգգի ժանրի մեջ չեն տեղավորվում։

– Ես կցանկանայի, որ ստեղծագործության ժանրային բնորոշումը որոշեինք՝ երաժշտությունից ելնելով։ Բավական երկար ժամանակ է, ինչ սկզբում տալիս են ժանրային բնորոշումը, ապա` երաժշտությունը համապատասխանեցնում են տվյալ ժանրին։ Սա սխալ է։ Կուզենայի, որ մեզ չմտցնեին որևէ ժանրային սահմանափակման մեջ։  Մենք երբևէ մեզ չենք բնորոշել, բայց ենթարկվել ենք արտաքին բնորոշումների։ Ամենադիպուկ բնորոշումներից մեկը երևի ԱՄՆ-ում է տրվել։ Երբ այնտեղ ձայնասկավառակ ես թողարկում, որպեսզի այն սպառվի, պետք է վրան գրված լինի, թե որ ժանրի ստեղծագործություններ են ներառված։ Մեր ձայնասկավառակի դեպքում մեզ տրվեց ալտերնատիվ ֆոլկ-ռոք բնորոշումը։

lav eli2

– Հայկական երգարվեստում Ձեզ ի՞նչը դուր չի գալիս։

– Այս ոլորտում, որտեղ մենք աշխատում ենք, անկում է նկատվում։ Երբ լսում ես ժամանակակից երգերը, տեսնում ես, որ բովանդակություն ընդհանրապես չկա, ինչ-որ ձայնարկություններ են, նույնիսկ մեղեդի չկա, միայն ռիթմ է։ Ռուբեն Հախվերդյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց` «Ես երբ երգ էի գրում, հայերենին սպիտակ ձեռնոցով էի մոտենում»։ Այսօր հայերենին ոչ թե սպիտակ ձեռնոցով են մոտենում, այլ այն գցում են գետնին և սկսում կոխկրտել։ Ինձ դուր չի գալիս, որ այն մարդիկ, ովքեր երգերի բառեր են գրում, ընդհանրապես պոեզիա չեն կարդացել։ Առանց պոեզիա կարդալու՝ երգ գրելը հանցագործություն է։ Ինձ դուր չի գալիս նաև այն, որ երգի ներքին վերապրում չկա, երգը ներսից, ոսկորներից չի գալիս։

– Հանդիսատեսը պահանջատերի դերո՞ւմ չէ, ինչ տալիս են՝ վերցնո՞ւմ է։

– Ես չեմ կարող հասկանալ՝ այս ոլորտում հասարակությունն ինչպե՞ս կարող է պահանջատերի դերում հանդես գալ։

mher– Օրինակ` հանդիսատեսը կարող է «իքս» երգչի համերգին չգնալ, ձայնասկավառակները չգնել…

– Եկեք տեղափոխվենք սննդի ոլորտ։ Եթե մարդը երկար ժամանակ հաց չուտի, ապա նրան ինչ տաս՝ կուտի։ Նույնը հոգևոր սննդի մասին է։ Մարդկանց մեջ այդ սովը կա. սկսած արվեստի ոլորտից՝ մինչև հոգևոր ոլորտ։ Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան։

– «Լավ էլի»-ն այսօր ստեղծագործական ո՞ր փուլում է գտնվում։

– Որպես երաժշտական միավոր` մենք մտնում ենք հասունացման փուլ, որն իրենից ենթադրում է նաև պատասխանատվության մեծ զգացում։

– Մոտակա ժամանակներս Երևանում համերգ կունենա՞ք։

– Այո, ամռանը Երևանում մեծ համերգ կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս