«Գիրք գնելու միջոցներ ունեցողների համար սրճարան գնալն ավելի գերադասելի է»

Ասում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը

– Պարոն Մարտիրոսյան, մանուկների համար նախատեսված գրականությունը կարծես թե քիչ է, կա՞ն մանկագիրներ, ովքեր իրենց գրքերը հրատարակելու համար դիմում են Ձեզ:

– Հայաստանն ունի մի ցավոտ կողմ, այն է` մանկագիրների միջին տարիքը 70 է, իսկ ամենաերիտասարդ մանկագիրը 65 տարեկան է: Մեզ դիմել են մի քանիսը, ներկայումս շատ հետաքրքիր գիրք ենք նայում: Մենք, իհարկե, պատրաստ ենք աջակցել պոտենցիալ ունեցող մանկագիրներին, բայց պետք է ասեմ, որ մենք ունենք փոքր հասակի երեխաների համար նախատեսված գրքեր, մինչդեռ քիչ են պատանիների համար նախատեսված գրքերը: Մանկապատանեկան մի շարք ենք սկսում, որը կկոչվի «Կողմնացույց»: Շարքն ուղղված է այս բացը լրացնելուն: Նշեմ, որ իմ մրցակիցները ևս այս ուղղությամբ աշխատում են: Իսկ երեխաների համար նախատեսված գրքերից հանրագիտարանային շարք ունենք, որը կոչվում է՝ «Ինչու և ինչպես»։ Տասը հատորն արդեն լույս է տեսել, այս տարի նախատեսում ենք ևս քսան հատոր հրատարակել: «Ձևեր, թևեր, պատկերներ» շարքն էլ է շատ հետաքրքիր, այն բաղկացած է վեց հատորից: Կրկին երեխաների համար նախատեսված չքնաղ շարք ունենք, որը կոչվում է՝ «Էվրիկա, էվրիկա»:

– Անդրադառնանք «Արգելված գրքեր» մատենաշարին։ Այս մատենաշարով ի՞նչ խնդիր եք փորձում լուծել, և այս պահի դրությամբ քանի՞ գիրք է հրատարակվել։

Կարդացեք նաև

– Այս պահի դրությամբ՝ լույս է տեսել երեք գիրք` Հենրի Միլլերի «Խեցգետնի արևադարձը», Ջորջ Օրուելի «1984»-ը, Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը»: Այս տարի նախապատրաստել ենք հրատարակել ևս 4-5 գիրք։ Կարծում եմ` այս շարքը կեղծ բարեպաշտական վիճակներին վերաբերող մի բաց է փակում։ Այսօր մեր պետությունը «Մարդ» դասագրքի համար ահռելի գումարներ է ծախսում, մինչդեռ «Բազմացում» թեման գրեթե ոչ մի ուսուցիչ չի անցնում: Նշանակում է, որ մեր պետությունն այս պարագրաֆն անիմաստ գրել ու տպել է տվել, բայց դպրոցներում սա չեն անցնում: Պետությունը հիմա՞ր է, որ անիմաստ գումար է ծախսում: Սրա վերջը պետք է դնել: Արդյունքում՝ ունենք անչափահասներ, որոնք առաջին հղիության արհեստական ընդհատում են արել, ունենք տարբեր վարակիչ հիվանդություններով հիվանդ անչափահասներ, հոգեբանական մեծ բարդույթներ ունեցող երիտասարդներ: Արժե՞ արդյոք այդ կեղծ արժեքների պատճառով այսպիսի մեծ խնդիրներ ունենալ: Եկեք տեսնենք` ի՞նչն է մեզ համար ավելի կարևոր: Գիտելիքը հանգեցնում է անվտանգության: Ես ուզում եմ, որ մեր դեռահասները լինեն պաշտպանված: Կարծում եմ, որ պետք է լույս տեսնեն նաև այս բնագավառին վերաբերող գրքեր:

– Իսկ զանգվածային լրատվական միջոցները որքանո՞վ են կարևորում գիրքը, ընթերցանությունը:

– Նախ՝ ասեմ, որ շատ կարևոր է, թե ինչպե՞ս են լրագրողները գրքին վերաբերվում, նրանք սիրո՞ւմ են կարդալ, թե՞ ոչ, գրագե՞տ են, թե՞ ոչ: Եթե մենք մեկ տարի առաջ ոչ մի հեռուստաընկերությունում գրքին վերաբերող ոչ մի հաղորդում չունեինք, ապա այսօր չկա մի հեռուստաընկերություն, որում չլինի որևէ մի հաղորդում կամ անդրադարձ: Սա ևս մեր ձեռքբերումներից մեկն է:

– «Խեցգետնի արևադարձը» գրքի շնորհանդեսը յուրօրինակ ձևով էիք կազմակերպել, որը նորույթ էր հայ գրքասերի համար։ Այդկերպ փորձում եք գրքի շնորհանդեսի նոր մշակո՞ւյթ երևան բերել:

– Փորձում ենք, ստացվո՞ւմ է, թե՞ ոչ, թող ասեն գնահատողները: Մեր մրցակիցները ևս փորձում են ինչ-որ բան անել, և ստացվում է: Սա ուրախալի փաստ է, բայց միևնույն է՝ գրքերի վաճառքը շատ վատ է: «Բուկինիստ» գրախանութի տվյալներով` 2012 թվականին գրքերի վաճառքն ավելին չէ, քան 2011-ին էր: Սա արդեն ցավալի փաստ է, որովհետև մեծ ջանք ես գործադրում, բայց արդյունքն այն չէ:

– Պատճառը ո՞րն է, գիրքը պրոպագանդվում է, չէ՞։

– Պատճառներից մեկն այն է, որ Հայաստանը լքում են հիմնականում գրագետ, ընթերցող մարդիկ, մյուս պատճառն այն է, որ բնակչությունն աղքատանում է, և, եթե նա սննդի համար չի կարողանում գումար հայթայթել, գրքի մասին խոսք չի կարող գնալ: Նրանք, ովքեր գիրք գնելու միջոցներ ունեն, այնպես են դաստիարակվել, որ գիրքը նրանց համար առաջնահերթ չէ և սրճարան գնալն ավելի գերադասելի է:

– 2012-ի ամենավաճառված գիրքը ո՞րն է եղել։

– Կարծում եմ՝ այս հարցին ավելի ճիշտ կլինի պատասխանել` ելնելով գրախանութների վաճառքից: Մեր գրքերից հավանաբար լավ են վաճառվել մանկական գրքերը` «Իմ առաջին ատլասը», «Աշխարհի յոթ հրաշալիքները», իսկ մեծերի գրքերից, կարող եմ ասել, որ լավ վաճառվեցին շնորհանդեսային գրքերը, հատկապես Արամ Պաչյանի և Հրաչ Սարիբեկյանի գրքերը: Մենք շնորհանդեսի ժամանակ մինչև 180 գիրք կարողացել ենք վաճառել: Կարծում եմ` սա նշանակալի թիվ է, և պետք է գերազանցել այն:

– Իսկ 2013 թվականին «Անտարեսն» ի՞նչ գրքեր կհրատարակի։

– Այս տարի նախատեսում ենք հրատարակել Եղիշե Չարենցի ևս մեկ հատոր, քսան հատոր կհրատարակվի «Ինչու և ինչպես» շարքից, տասը հատոր` «էվրիկա, էվրիկա»-ից, առնվազն 4-5 գիրք` «Արգելված գրքեր» մատենաշարից, նույնքան գիրք էլ` «Քսանմեկերորդ դար»-ից։ Պետք է շատացնել նաև խոսող, ինչպես նաև՝ էլեկտրոնային գրքերը, և ուշադրություն դարձնել աուդիո գրքերի վրա: Մենք արդեն այս աշխատանքները սկսել ենք:

Տեսանյութեր

Լրահոս