
Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը հարմար տարբերա՞կ էր իշխանության համար

«Այնպես չէ, որ իշխանությունն ընդդիմություն չի ձևավորում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի օրինակով Ս. Գիմիշյանն արձանագրեց, որ իշխանությունը փորձում է իր համար հարմար ընդդիմություն ձևավորել:
Լրագրողների դիտարկմանը, թե այդ դեպքում ՀԱԿ-ն է՞լ է հարմար ընդդիմություն իշխանության համար, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Այն փաստը, որ ՀԱԿ-ը չառաջադրվեց իր թեկնածուն փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում, իհարկե, իշխանության համար հարմար տարբերակ էր: Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչո՞ւ ՀԱԿ առաջնորդը չառաջադրվեց ընտրություններում, անշուշտ, այս որոշումը հարգում եմ, բայց քաղաքական իմաստով առաջադրվել ու մասնակցել պետք էր»:
Սոս Գիմիշյանը հավելեց, որ ի տարբերություն 2008 թվականի նախագահական ընտրությունների, համապետական այս ընտրությունները մոբիլիզացված չեն: Նրա խոսքով, նախկինում մարդիկ գնում էին ընտրության փոփոխությունների ակնկալիքով:
«ՀԱԿ-ն ավելի մոբիլիզացված կլիներ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեր նախագահական ընտրություններին: Որպես ՀԱԿ առաջանորդ նա, իհարկե, պետք է առաջադրվեր, բայց քանի որ սա նաև անձնական խնդիր է… Հրանտ Բագրատանին մեծ համարձակություն էր պետք հանպատրաստից առաջադրվել: Եվ մենք սատարում ենք իրեն: Որքան էլ ծանր խնդիր է դրել նա իր առջև, մենք կարևորում ենք նրա առաջադրվելը: Գտնում եմ՝ Բագրատյանի առաջադրվել, այնուամենայնիվ, ճշգրիտ քայլ էր»: