Բաժիններ՝

Ադրբեջանն իր վերահսկողությունն է հաստատում Կասպից ծովից մինչև ԵՄ-ի սահման խողովակաշարային ենթակառույցների վրա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու British Petroleum (BP) ընկերությունը պայմանավորվել են «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավ-կովկասյան) գազատարի ընդլյանվելիք հատվածի օգտագործման շուրջ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գծով BP-ի փոխնախագահ Ալ Կուկը:

Վերջինիս խոսքերով՝ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին BP-ի նախագահ Ռոբերտ Դադլիի՝ Բաքու կատարած այցի ժամանակ կողմերը շրջանակային համաձայնագրեր են կնքել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի (մեկնարկելու է 2018 թվականին) և ԲԹԷ-ի ընդլայնման, ինչպես նաև «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի մասին:

Կուկն ընդգծել է, որ ԲԹԷ-ի ընդլայնման դեպքում տարեկան 25 միլիարդ խորանարդ մետրից ավելի մատակարարումների գործընթացը վերահսկելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR): Ենթադրվում է, որ ԲԹԷ-ի գործող գծին (տարեկան հզորությունը՝ 8 միլիարդ խորանարդ մետր, դրանով մատակարարվում է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման առաջին փուլում ստացվող գազը) հավելվելու է ևս մեկ գազատար, որով «Շահ Դենիզ» կոնսորցիումը տարեկան կմատակարարի  տվյալ հանքավայրի մշակման երկրորդ փուլում ստացվելիք 17 միլիարդ խորանարդ մետր գազ:

Այդ խողովակաշարի ընդլայնման մեջ բոլոր հավելյալ ներդրումներն իրականացնելու է ադրբեջանական կողմը և SOCAR-ը վերահսկելու է մատակարարման հավելյալ ծավալները (ասենք, «Ապշերոն» և այլ հանքավայրերից): Դրանով իսկ հաշվի առնելով TANAP գազատարի (որում SOCAR-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, իսկ թուրքական «Բոթաշ» ընկերությանը մասնաբաժինը՝ 20 տոկոս – 168.am) նախագծի իրագործումը՝ Ադրբեջանն իր վերահսկողությունն է հաստատում Կասպից ծովից մինչև ԵՄ-ի սահման խողովակաշարային ենթակառույցների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս