Բաժիններ՝

Փոստատարը շորթել ու ծեծի է ենթարկել միայնակ թոշակառուի՞ն

Արդեն մի քանի օր է՝ «168 Ժամի» խմբագրությունն ահազանգ է ստանում Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոցի 49 տան բնակչուհի Վիկտորյա Եղիազարյանից:

Վերջինս վստահեցնում է, որ իր նկատմամբ դրամաշորթություն են կատարել, ավելին՝ ծեծի են ենթարկել: Նախ` նշենք, որ Վ. Եղիազարյանը միայնակ թոշակառու է, ով՝ ունենալով ծանր հաշմանդամություն, տեղաշարժվելու հնարավորություն չունի և ընդհանրապես տանից դուրս չի գալիս: Վ. Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմեց հետևյալը. «Դեկտեմբերի 5-ին մեր փոստի աշխատող Սուսաննան եկավ իմ տուն՝ թոշակս բերելու: Ես 40.000 դրամ թոշակով ապրող միայնակ կին եմ, օգնող չունեմ, հարևաններս են ինձ օգնում: Արդեն քանի տարի ա՝ թոշակիցս կոպեկ-կոպեկ հավաքել էի, որ մեռնեմ` թաղմանս փող լինի, ու անտեր մեռել չլինեմ: Ես անտեր կին եմ, հարազատ էլ չունեմ ու իմ դագաղի փողը կոպեկ-կոպեկ հավաքել էի: Սուսաննան որ թոշակս տվեց` տեսա մոտը 20.000 դրամանոցներ կան: Իրան ասեցի՝ թաղմանս համար փող եմ հավաքել՝ 300.000 դրամ, 10.000 դրամանոցներ են. ասեցի՝ ես քեզ 10.000 դրամանոցները տամ, դու ինձ 20.000 դրամանոց տուր, որ մեծ փող լինի: Իրեն ասեցի, որ ես թոշակով եմ ապրում, չեմ հասցնում, կծախսեմ կամաց-կամաց, դրա համար ուզում եմ մեծացնեմ դրամները: Ասեց՝ խնդիր չկա»:
Ինչևէ, ըստ Վ. Եղիազարյանի՝ 30 հատ 10.000 դրամանոցն ինքը փոստի աշխատակից Սուսաննա Պետրոսյանի ներկայությամբ հաշվել և առձեռն փոխանցել է իրեն, որի փոխարեն Ս. Պետրոսյանը պետք է 15 հատ 20.000 դրամանոց իրեն տար. «Մինչև ինքը իմ տված 10.000 դրամանոցները հաշվում էր, հեռախոսը զանգեց: Ես պտտվեցի դեպի հեռախոսը ու մինչև շրջվեցի դեպի իրեն` տեսնեմ` գումարն արագ դրեց պայուսակն ու փախավ: Ետևից լաց լինելով բղավում էի, բայց… Ես էլ անշարժ կին եմ, չէի կարող ետևից վազել»:

Վ. Եղիազարյանը հավաստիացնում է, որ կատարվածից այնպես է անակնկալի եկել ու շփոթվել, որ շոկի մեջ է ընկել: Դրանից հետո զանգահարել է փոստային բաժանմունք ու խոսել է անձամբ Ս. Պետրոսյանի հետ, ով ի պատասխան` ասել է, որ համապատասխան 20.000 դրամանոցներ իր մոտ չեն եղել, և խոստացել է հաջորդ օրը վերադարձնել գումարը:

Vardush (2)Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 6-ին, Ս. Պետրոսյանը կրկին այցելել է Վ. Եղիազարյանի տուն: «Եկավ հարձակվեց վրաս, պայուսակը բացել ա, թե՝ տես, չունեմ, որտեղի՞ց տամ: Պայուսակով խփեց երեսիս, բռունցքներով` գլխիս: Ես թուլացա, ընկա թախտի վրա, էնքան երեսիս խփեց` բժժեցի, ու շուրջը ման էր գալիս, որ մի ծանր բան գտներ, խփեր-սպաներ: Ես ցավից լացում, գոռում էի, իսկ նա շարունակում էր խփել: Ասում էր՝ այ պառավ, քո տարիքի մարդիկ սատկում են, իսկ դու… ու բան էր ման գալիս, որ խփեր` տեղում մնայի: Էնքան խփեց մեջքիս, որ երկար ժամանակ ցավը չէր թողում: Տեսավ կողքերը ծանր բան չկա՝ բռունցքներով ու պայուսակով խփելուց հետո թողեց փախավ»,- լաց լինելով պատմում է միայնակ տարեց Վ. Եղիազարյանը, ով հավաստիացնում է, որ ուղիղ երեք օր անկողնում պառկած է եղել, չի կարողացել տեղաշարժվել:

Նա նաև վստահեցնում է, որ հոգեբանական սարսափելի վիճակում է եղել: Միայն զարմանալի է, թե Վ. Եղիազարյանն ինչո՞ւ դեպքի օրը չի զանգահարել ՀՀ ոստիկանություն, այլ՝ ահազանգ է հնչեցրել երեք օր հետո: «Ես երեք օր շոկից դուրս չեմ եկել, ահավոր վիճակում եմ եղել, չէի գիտակցում կատարվածը»,- ասում է Վ. Եղիազարյանն, ում բողոքի հիման վրա, այնուամենայնիվ, Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:

Վ. Եղիազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե քրեական գործ է հարուցվել, ապա ինչո՞ւ է նա դիմել խմբագրություն: «Արդեն երկրորդ ամիսն ա լրանում, բայց ոչ մի բան չկա: Հասկանո՞ւմ ես, ես ինձ տարիներով զրկել եմ տարրական բաներից, որ էդ գումարը հավաքեմ: Ոստիկանությունից ոչ մի բան չեն ասում, բայց ինչի՞ չեն պատժում էդ հանցագործին: Ես խնդրում եմ, որ Դուք ահազանգեք, թե փոստի աշխատողը ո՞նց կարա իմ նման միայնակ, անօգնական թոշակառուի հետ տենց վարվի, իսկ Ոստիկանությունից էլ ձգձգում են»,- ասում է Վ. Եղիազարյանը:

Մենք զանգահարեցինք այդ հասցեն սպասարկող փոստային բաժանմունք, սակայն պարզվեց, որ Ս. Պետրոսյանն աշխատանքից մեկ ամիս առաջ ազատվել է: Այսինքն՝ Վ. Եղիազարյանի հետ կապված դեպքին հաջորդող օրերին նա իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է:

Բաժանմունքի պետը մեզ միայն տեղեկացրեց, որ Ս. Պետրոսյանը՝ որպես աշխատանքից ազատման պատրվակ, մատնանշել է, թե մեկնում է հանրապետությունից դուրս գտնվող ամուսնու մոտ:

«Այո, այդ դեպքի մասին բոլորը գիտեն, որովհետև քրեական գործ է հարուցվել, նախաքննություն է ընթացել: Անկեղծ ասած՝ այդ կինը շանտաժիստի տպավորություն է թողնում, բայց Ոստիկանությունն ամեն ինչ կպարզի: Պարզապես միայն նշեմ, որ Սուսաննայի մոտ չէր կարող 300.000 դրամ լինել, դրանից բացի, նա շատ գրագետ կին է: Ես ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասաց փոստային բաժանմունքի պետը, ով նաև հրաժարվեց Ս. Պետրոսյանից որևէ հեռախոսահամար տրամադրել՝ պատճառաբանելով, որ իրավունք չունի:

Սակայն անհասկանալին այն էր, որ բաժանմունքի պետը մեզ հետ զրույցի սկզբում վստահեցնում էր, թե Ս. Պետրոսյանը Հայաստանում չէ, նրա մասին տեղեկություն չունի, այնուհետև, երբ մեր հեռախոսահամարը թողեցինք, որպեսզի փոխանցի նրան՝ մեզ հետ կապ հաստատելու համար, ասաց. «Այո, այդպես ավելի ճիշտ է: Ես հիմա կզանգահարեմ իրեն և կփոխանցեմ Ձեր համարը»:

Չնայած դրան, Ս. Պետրոսյանն այդպես էլ մեզ հետ կապ չհաստատեց: Նշենք նաև, որ փոստային ծառայության պետին մենք տեղեկացրեցինք, որ ցանկանում ենք ընդամենը պարզաբանում ստանալ Ս. Պետրոսյանից, և, եթե մեզ չհաջողվի նրան գտնել, ապա ստիպված ենք լինելու մեզ ահազանգող Վ. Եղիազարյանի ներկայացրած փաստերն ընդունել` իբրև ի գիտություն:

Ի դեպ, Վ. Եղիազարյանը մեզ նաև ասաց, որ դիմում-նամակ է ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Երեկ մենք նաև կապվեցինք ՄԻՊ գրասենյակի լրատվական բաժին, որտեղից` մեր հարցերին ի պատասխան, ասացին, որ նախաքննական կամ դատական փուլերում գտնվող գործերին միջամտելու իրավունք ՄԻՊ գրասենյակը չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս