Պ. Հայրիկյանը նաև երգահան է, Ր. Հովհաննիսյանը՝ իրավաբանության դոկտոր, իսկ Սարգսյանը՝ հայտնի կարգախոսի հեղինակ
ՀՀ նախագահի թեկնածուներից ամենաերկարաշունչ և հուզական տեղեկատվությունը «Վիքիպեդիա» հանրագիտարանում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանինն է: Ըստ «Վիքիպեդիայի»՝ նա հայ ազգային, քաղաքական գործիչ է, խորհրդային նշանավոր այլախոհ, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան:
«Վիքիպեդիա» հանրագիտարանում Պարույր Հայրիկյանի մասին տեղ է գտել նաև «Ծագումը» խորագիրը, որտեղ ներկայացվում է նրա ծնողների մասին: «Մանկություն» բաժնում տեղեկանում ենք, որ Պարույր Հայրիկյանը ծնվել է 1949թ. հուլիսի 5-ին, Նուբարաշենում, շեփոր է նվագել, գրել է պատվածքներ և բանաստեղծություններ: Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեության հատվածը, որը բավական ծավալուն է, վերնագրված է «Ազատության ասպետը»: Ըստ հոդվածի՝ առաջին անգամ 1970թ. դատապարտվել է 4 տարի ազատազրկման: «Դատարանում իրեն մեղավոր չճանաչեց, հրաժարվեց դատապաշտպանից և ինքը պաշտպանեց` ոչ իրեն, այլ գերված հայրենիքը: Իբրև քաղաքական կալանավոր անբասիր էր, ուներ մեծ հեղինակություն: Պատժախցերում եղած ժամանակ գրում էր երգեր և բանաստեղծություններ»,- գրված է «Վիքիպեդիայում»:
Մանրամասնորեն նշվում է նաև նրա հետագա ձերբակալությունների և դրանց դրդապատճառների մասին: Ըստ «Վիքիպեդիայի»՝ Պ. Հայրիկյանն արցախյան ինքնորոշման, դրան հաջորդած սումգայիթյան ջարդերի, դրանցում Կրեմլի հանցավոր դերակատարության վերաբերյալ տեղեկատվության վստահելի աղբյուր էր արտերկրի լրատվամիջոցների համար: «Վիքիպեդիայում» Պարույր Հայրիկյանի մասին տեղեկատվությունն ավարտվում է նրանով, որ նա հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, «Լույսի շանապարհին» վեպը, «Հավատով և սիրով» սցենարը, քնարական և հայրենասիրական երգերի 3 ալբոմ, 2001թ. Հայրիկյանի «Սիրո թռչուն» երգը համահայկական երգի մրցույթում գրավել է առաջին տեղը:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին տեղեկատվություն որոնելիս նախ պետք է ընտրել՝ կարդալՐաֆֆի Հովհաննիսյան երգչի՞, թե՞ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էջը:
«Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան (ծնվ. նոյեմբերի 20, 1959, Ֆրեզնո, Կալիֆորնիա)՝ հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար և «Ժառանգություն» կուսակցության ղեկավար»,- այսպես է սկսվում նախագահի թեկնածուի մասին տեղեկատվությունը: Կրթության վերաբերյալ բաժնից տեղեկանում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում, այնուհետև տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ: 1985թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և Հայոց ցեղասպանությունը վերտառությամբ ատենախոսությունը։
Գործունեության վերաբերյալ բաժնում կարդում ենք, որ 1990թ. հայրենադարձվել է Հայաստան, 1991-92թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Հոդվածում հատուկ շեշտվում է այն փաստը, որ 2001թ. երկար փորձերից հետո է Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացել ՀՀ քաղաքացիություն: Հոդվածում նշված է նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զակակն է:
ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մասին տեղեկատվությունը «Վիքիպեդիայում» ամենահամեստներից է: Տեղեկատվության մեջ նշված է, թե որտեղ է ծնվել Ս. Սարգսյանը, ինչ կրթություն է ստացել, աշխատանքային և կուսակցական ինչ ուղի է անցել:
«Վիքիպեդիայի» էջը Սերժ Սարգսյանին ներկայացնում է հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետության ներկա, ընդհանուր առմամբ՝ 3-րդ նախագահ։ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ»։
Սերժ Սարգսյանի էջում առաջինը գրված է նրա ընտանիքի, հետո կրթության և աշխատանքային գործունեության, իսկ վերջում՝ կոչումների մասին:
Ըստ «Վիքիպեդիայի»՝ Սերժ Սարգսյանին է պատկանում Արցախյան պատերազմի ժամանակ տարածված «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը՝ որպես համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար» հայտնի կարգախոսը: