Իր օդային տիրույթի կանոնների ընդունմամբ Ադրբեջանը ստեղծում է իրավական բազա՝ իր հետագա քայլերի համար. Независимая газета‎

Ռուսական Независимая газета‎ թերթում հրապարակվել է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հանձնման խնդրի վերաբերյալ Սոհբետ Մամեդովի մասին հոդվածը, որում մի շարք մանրամասներ են ներկայացվում Ադրբեջանի Նախարարների կաբինետի կողմից երկրի օդային տիրույթի օգտագործման վերաբերյալ նոր կանոնների մասին.

«Օրեր առաջ Ադրբեջանի Նախարարների կաբինետը հաստատեց երկրի օդային տիրույթի գործածման նոր կանոնները: Դրանցում որոշակիացվել է 25 կիլոմետր լայնությամբ օդային տիրույթի շերտ, որին հատկացվել է օգտագործման հատուկ ռեժիմ: Այդ կանոնների խախտում են համարվում առանց համապատասխան հայտի, առանց ռազմաօդային ուժերին իրազեկելու և առանց Ադրբեջանի համապատասխան օպերատիվ մարմնի թույլտվության թռիչքները:

Խախտում կատարած օդանավի անձնակազմի կողմից վայրէջքի մասին չենթարկվելու և օդանավի մասին հավաստի տվյալների բացակայության դեպքում թույլատրվում է դրա ոչնչացումը: Բացի այդ, ընդգծվում է, որ առանց Ադրբեջանի բնապահպանության ու բնական պաշարների նախարարության հետ համաձայնության, արգելվում են 6600 ֆուտից պակաս բարձրության վրա արգելոցային գոտիների վրա թռիչքները, իսկ գերձայնային ինքնաթիռների համար որպես տվյալ նշաձող է սահմանվել 36.400 ֆուտը (ավելի քան 11.000 մետր):

Մի շարք քաղաքագետների կարծիքով՝ ընդունելով երկրի օդային տիրույթի օգտագործման կանոններ՝ Ադրբեջանի կառավարությունը փաստացիորեն ստեղծում է իրավական բազա՝ իր հետագա քայլերի համար, եթե Ստեփանակերտի օդանավակայանը հանձնվի շահագործման: Զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ, սակայն Նախարարների կաբինետի կողմից օդային տիրույթի օգտագործման կանոնների հաստատումից հետո, ադրբեջանական ինքնաթիռները սկսեցին թռիչքներ իրականացնել ճակատամերձ գոտում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Նախարարների կաբինետը երկրի օդային տիրույթի գործածման մասին նոր կանոններն ընդունել է այս տարվա հունվարի 15-ին: Ի դեպ, օրեր առաջ EurasiaNet պարբերականում հրապարակվել է վերլուծաբան Ջոշուա Կուչերայի «Ադրբեջանը վերստին սպառնում է Ղարաբաղյան թռիչքներին» խորագրով հոդվածը, որում նշված էր, որ քաղաքացիական թռիչքների ոչնչացումը աղետալի հետևանքներ կունենա Բաքվի միջազգային դիրքերի համար և Հայաստանին ահաբեկելու փորձերը չեն ունենա այնպիսի ծանրակշիռ հետևանքներ, ինչպիսին որ կարող է լինել Ադրբեջանի վերածումը միջազգային արտաքսված երկրի:

Տեսանյութեր

Լրահոս