Բաժիններ՝

Տղայիս սպանեցին, գործը սառեցնում են, իսկ ինձ պատժում՝ սնանկացնելով

2013թ. հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որը դարձյալ հետաձգվել է:

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ զինծառայողի հոր՝ Մովսես Խաչատրյանի խոսքով՝ որդու գործը սառեցրել են, դատական ոչ մի նիստ վերջին մի քանի ամիսներին չի կայանում. «Ոչ մի դատական նիստ չի կայացել, ամբաստանյալ կոչվածը ընդհանրապես չի ներկայանում, անընդհատ չեն գալիս, իրանց փաստաբանները շուտ-շուտ հիվանդանում են, արդեն երեք ամիս՝ նիստ տեղի չի  ունենում, գործը դրել՝ հանրության աչքի առաջ սառեցնում են: Մի քանի օր առաջ էն զինվորը, որ հոսպիտալում մահացավ, նույն երեխուս հիվանդությամբ մահացավ, էն տարբերությամբ, որ երեխես ինֆեկցիոնում՝ իմ աչքի առաջ մահացավ, էս երեխեն, դեռ ծնողները չեկած, տեղում մահացավ: Ինչ ուզեն կհնարեն և վերջ՝ ավարտվեց:

Հետն էլ զինդատախազ Գագիկ Կոստանյանը չի ամաչում, հենց նույն օրը հայտարարություն է անում իրենց ձեռքբերումների մասին, միանգամից հարված են տալիս հասարակությանը: Էն որ ասում են՝ յարեն տիրոջը ցավ կուտա, հիմա էդ յարեն իմ վրեն է… նորից էդ ցավերն եմ ես ապրել էդ երեխի մասին լսելով: Իսկ հիմա անտերության են մատնել, չգիտեմ ինչ են անում: Պատկերացնո՞ւմ եք, երեք ամիս ոչ մի նիստ չեն անում»:

Զինվորի հայրը հակված է մտածելու, որ իր որդու՝ Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը անհարկի ձգձգում են իրավապահ մարմինները և նպատակ ունեն գործը կոծկել ու քողարկել, անցած մեկ տարվա ընթացքում նաև տարբեր կողմերից միջնորդություններ ու խոսքեր է լսել՝ «բողոքի թարգը տալու»:

Կարդացեք նաև

«Ես բացարձակապես երբևիցե նման բանի չեմ գնա, աշխատանքիցս էլ եմ հեռացվել, դա, գիտե՞ք, չէ՞, ինչից հետո եղավ, հենց Սերժին նամակ գրեցի, հեռացրին ու ընդհանրապես մի քանի անգամ իրա կարգախոսին խաբվել եմ՝ «Հավատացեք, որ փոխեք»՝ ասում էր: Նամակ եմ գրել, ինձ համար միշտ վատ է եղել, դրականի փոխարեն՝ բացասական արդյունք:

Հետո կողքից հասկացրել են, արձագանքներ լսել եմ, որ չբողոքեմ, բայց ես այնքան հեռու եմ… Աշխատանք էլ չկա, բայց ոչինչ…

Գագիկ Կոստանյանը միանգամից սաղ հարցը լուծեց, կարգավորեց: Ես սա հենց այնպես չեմ ասում ու ասեմ նաև, որ մեղադրող դատախազը, ում մեղադրում եմ, որ գումար է վերցրել, նշանակեցին Սևանի կայազորի դատախազ և պաշտոնի բարձրացում տվեցին»:

Մովսես Խաչատրյանը բողոքում է նաև, որ ինքը սեփական միջոցներով է ամեն անգամ Շիրակի մարզից հասնում մայրաքաղաք ու ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով նիստ են հետաձգում: «Ո՛չ ժողովուրդ կա, ո՛չ հասարակություն կա, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, թե ինչ է կատարվում շուրջը: Չգիտեմ՝ ում դիմեմ…

Ես գնում եմ Երևան, ոչ աշխատանք ունեմ, ոչ բան… էդ մարդիկ ասում են՝ շատ լավ, թող էնքա՜ն գնա-գա, մենք նիստ չենք անի… Երեխուս սպանեցին քիչ է, հիմա ինձ են պատժում: Գումարով չեն օժանդակում, ինձ անգամ առաջարկություն չի արվել, թե գոնե վառելիքով կամ ինչ-որ բանով գումար փոխանցեն: Երեխուս կորցրել եմ, հիմա գնալ-գալ, ու նիստ չկա: Ու հայտարարում եմ՝ ինչքան շատ գրեցի նամակ Սերժին, էնքան վիճակս ավելի վատացավ… Հիմա մի մտավախություն ունեմ, որ գործը սառեցնում են»:

Հիշեցնենք, որ Հայկ խաչատրյանը մահացել է 2011 թ-ի դեկտեմբերի 30-ին ջրծաղիկ հիվանդությունից: Նշենք, որ երիտասարդ զինվորը մահացել է ջրծաղիկի ռիացեռալ չարորակ ձևից`արյունահոսության ախտանիշներով:

Հայկ խաչատրյանի մահվան փաստի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին: Մինաս Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս