«Կինը լիճն էր նետվել, սակայն ափին էր թողել նոր կոշիկներ»

Քրիստոնեական եկեղեցին, այդ թվում` Հայ Առաքելականը, ինքնասպանությունը համարում է մեղքերից ծանրագույնը: Իսլամն, օրինակ, այս առումով ավելի հանդուրժող է` գտնելով, որ երբեմն մահն ավելի նախապատվելի է, քան տանջանքն ու անպատվությունը: Քրիստոնեության հիմնավորումն այն է, որ մարդը, ով հոգևոր և բարոյական թուլության, հուսահատության վիճակում դիմում է այդ քայլին, արդեն հնարավորություն չի ունենում մեղքերի թողություն խնդրել կյանքի ընթացքում և ձեռք բերել խաղաղություն` մահից հետո:

Ըստ այդմ` կյանքին կամավոր վերջ տված մարդկանց հոգեհանգստյան կարգը եկեղեցում կատարել չի թույլատրվում: Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը դժվարությամբ, սակայն ստիպված է մերժել բոլոր նրանց, ովքեր իրեն են դիմում` ինքնասպանների հոգեհանգստյան կարգը կատարելու խնդրանքով: ԵՊՀ կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանը՝ մատնացույց անելով «Աստվածաշունչը», համաձայն է` ինքնասպանությունը ծանրագույնն է մեղքերից:

– Ե՞րբ է դրվել ինքնասպանների հանդեպ նման խիստ վերաբերմունքի հիմքը և ի՞նչ հիմնավորմամբ: Հաշվի առնենք, որ նման վերաբերմունք ձևավորվել է` սկսած նախաքրիստոնեական շրջանից:

Vartan Khachatryan– Վ. Խաչատրյան.- Դեռևս Հռոմեական կայսրությունում են բախվել այս երևույթի հետ: Տրոյանոս կայսրի ժամանակներում սուիցիդը դարձավ նորաձև: Եղավ մի պահ, երբ 18 տարեկան աղջիկների ինքնասպանությունների թիվն այնքան աճեց, որ կայսեր հրամանով` ինքնասպան եղածներին արգելվեց թաղելը: Նրանց մերկացնում էին և կախ տալիս իրենց տան առաջ` փողոցի կողմից, այնքան, մինչև մարմինը քայքայվի: Սա միջոց էր` վերջ դնելու այդ արատավոր երևույթին: Քրիստոնեության կողմնորոշումն այսպիսին է` մարդկային կյանքը Աստծո անկրկնելի շնորհն է, և նրա վրա ձեռք բարձրացնելն Աստծո կամքին դեմ գնալ է: Այսինքն` դա խոշորագույն մեղքերից մեկն է, որը ներում չունի:

Միջնադարյան Եվրոպայում ինքնասպանություն գործածին ոչ միայն չէին թաղում սովորական գերեզմանոցում, այլև գլխատում էին մարմինը. գլուխը կտրված անձնավորությունը դրախտի որևէ հավակնություն չէր կարող ունենալ. նրան սպասում էին դժոխքի ամենաթեժ վայրերը: Այսօր քրիստոնեությունը ինքնասպանության հարցին նոր մոտեցում ունի. բոլոր ինքնասպանները չեն դասվում նույն շարքին:

Ինքս բնակվում եմ Կիևյան կամրջի հարևանությամբ և, առավոտյան շրջելիս, պատահաբար ականատես եմ եղել` ինչպես է ինքնասպանն իրեն ցած նետել կամրջից: Առաջին մարդը, որ մոտեցել եմ, ես էի (ոչ մեկին չեմ ցանկանա ականատես լինել սահմռկեցուցիչ այդ տեսարանին): Նշեմ մի տարօրինակ օրինաչափություն. ինքնասպանների հագուստները նոր էին, արդուկած, մաքուր: Ինքնասպանությունը տեղի էր ունենում առավոտ կանուխ, 6:30-ի շրջանում, որպեսզի որևէ մեկը չխանգարեր ակտի իրականացմանը:

– Տե՛ր հայր, որո՞նք են այն հիմնավորումները, որոնք եկեղեցու սպասավորները ներկայացնում են ինքնասպանների հարազատներին` ինչո՞ւ չեն կարող սփոփել նրանց` ներկա լինելով հոգեհանգստյան կամ թաղման արարողությանը:

– Տեր Տաճատ.- Եկեղեցին ոչ միայն ինքնասպաններին չի թաղում, այլև նրանց, ովքեր մեղքի մեջ են մահացել: Պատարագում էլ է ասված` նա, ով մկրտված չէ, նա, ով անհավատ է, ով ապաշխարության մեջ չէ, ով մեղավոր է, թող չմոտենա եկեղեցու խորհրդին: Ինքնասպանը մեռնում է իր մեղքի մեջ, սակայն յուրաքանչյուր դեպք այնքան տարբեր է: Եթե մարդը թույն է խմել և մինչև թույնի ազդեցությունը զղջում է, հիմա սա ինքնասպանությո՞ւն է: Ինքս էլ ներկա եմ եղել մի քանի դեպքի ԱՄՆ-ում:

Մարդն իրեն կախել էր, սակայն մատները պարանի օղակին էին. վերջին պահին, հավանաբար, զղջացել էր: Եվ նման դեպքերում, երբ կասկած կա, եկեղեցին վճիռ է կայացնում` հօգուտ մարդու: Եկեղեցու կանոնները պետք է համապատասխանեն Քրիստոսի քարոզներին: Նա քարոզեց ողորմություն, գթասրտություն և սեր: Ի՞նչ է մեղքը. այն, ինչն ազատ կամքով ենք կատարում: Այսինքն` գիտենք, որ մեղք է, բայց կատարում ենք: Հոգեպես անառողջ մարդն ազատ կամք ունի՞:

Հետաքրքիր էր դիտարկումը, որ ինքնասպաններն իրենք իրենց շտկած էին գնում այդ քայլին: Ինքս գիտեմ տարեց մի կնոջ. լիճն էր նետվել, բայց նախ` հանել ու ափին էր թողել նոր կոշիկները:

– Վ. Խաչատրյան.- «Աստվածաշունչը» միանշանակ է այս հարցում. դա ներվող մեղք չէ: Փաստենք ամենահայտնի օրինակներից մեկը. ճակատամարտերից մեկի ավարտին Նապոլեոնի մարշալներից Ժան Լաննը, ում երկու ոտքն էլ խլել էր թնդանոթի արկը, կայսերը խնդրեց վերջ դնել իր տանջանքներին և գնդակահարել իրեն ատրճանակից (Լաննը քրիստոնյա էր և չէր կարող ինքնասպանության դիմել): Որպես հավատավոր քրիստոնյա` Նապոլեոնը հրաժարվեց` ասելով, թե յուրաքանչյուրին տրված է իր բաժինը` Աստծո կամքով, և այդ կամքին հակառակ գնալ չի ցանկանում:

– Ասացիք` «ամենահայտնի օրինակ», և տպավորություն էր, թե Հուդայի կամ Պիղատոսի մասին եք խոսելու:

– Վ. Խաչատրյան.- Պիղատոսի ինքնասպանությունը հռոմեական իրականության մեջ բացառիկների թվում է, իսկ ինչ վերաբերում է Հուդայի ինքնասպանությանը՝ դա դավաճանության շարունակությունն է:

– Խղճի խայթի պարագան առհասարա՞կ չեք դիտարկում:

– Վ. Խաչատրյան.- «Խղճի խայթ» ասածը չեմ ընդունում: Ընդունում եմ խղճի հետ խաղաղության մեջ ապրելու պարագան:

Ter-Tachat-Davidyan– Տեր Տաճատ.- Շատ կարևոր մեկ այլ օրինակ էլ կա` Սավուղ թագավորի ինքնասպանությունը: Նա պարտվեց, ինքն էլ վիրավորված էր: Իր ծառային հրահանգեց իրեն իր իսկ սրով սպանել: Ծառան մերժեց: Եվ Սավուղն ինքն իրեն նետեց սրի վրա: Իսկ Դավիթը, գտնելով նրա մարմինը, թաղել տվեց: Այսինքն` Աստվածաշնչի մեջ կա այդ հստակ օրինակը, եթե ինքնասպանությունը մերժվեր այնպես, ինչպես մենք ենք այսօր պատկերացնում, Սավուղին պետք է այդպես էլ թողնեին:

Խոսեցինք հռոմեացիների մասին. Հռոմեական կայսրության վերնախավի մեջ տիրողը ստոիկ փիլիսոփայությունն էր: Իրենք քաջալերում էին ինքնասպանությունը, դա անգամ առաքինություն էր դիտվում: Մի քահանա կար, ով 33թ. մահացավ: Ապարանի գյուղերից մեկում էր, նրա անունն էլ էր տեր Տաճատ: Իրեն արգելեցին քահանայագործել: Նա գաղտնի շարունակում էր: Ձերբակալեցին Սաղմոսավանքի ներքևի քարանձավի մեջ: Եվ այնտեղ տանջեցին, որ դավանափոխ լինի: Եվ նա, վախից, որ կարող է չդիմանալ կտտանքներին ու հրաժարվել իր դավանանքից, ինքն իրեն նետեց ձորը: Այդ մարդն ինձ համար մարտիրոս է:

– Ամեն դեպքում, եկեղեցին կոնսերվատիվ, ավանդական կառույց է: Հնարավո՞ր է` հաշվի առնելով, որ արդեն 21-րդ դարում ենք, և մարդկանց ակնկալիքները եկեղեցուց ավելի կոնկրետ են, անգամ նյութական, եկեղեցին գնա ընդառաջ և վերանայի իր վերաբերմունքն ինքնասպանների հանդեպ:

– Վ. Խաչատրյան.- Իսկապե՛ս, եկեղեցին ավանդապաշտ կառույց է: Մոլիերի թաղման ժամանակ կաթոլիկ եկեղեցուց նշանակված էր մարդ, ով մահակով անընդհատ հարվածում էր դագաղին, որպեսզի չարքերն այնտեղից փախչեն: Եվ կաթոլիկ եկեղեցին ստիպված եղավ ավելի ուշ դրա համար ներողություն խնդրել: Նման դեպքերը շատ են: Հովհան Պողոսը ներողություն խնդրեց բոլոր կաթոլիկների անունից այն ամենի համար, ինչ իրենից առաջ տեղի էր ունեցել:

Գիտակցելով, որ կարող ենք սխալվել` որո՞նք են տվյալ մարդու ինքնասպանության պատճառները, նույնպես և կասկածներ ունենալով բուն ակտի որակման հարցերում` արժե խորհել` արդյոք կարո՞ղ ենք այդպիսի կոշտ կողմնորոշում որդեգրել նաև 21-րդ դարում: Բայց կա նաև հակակշիռ. պետք է զգույշ լինել` չխթանելու այդ գործընթացը:

– Կարծում եք` կուպրի կաթսայում հայտնվելու հեռանկարը կարող է կանխե՞լ մարդու որոշումը` վերջ տալ կյանքին:

– Վ. Խաչատրյան.- Ինչ-որ չափով` այո: Հասկանում եմ` այն բարոյականությունը, որի շրջանակներում զրուցում ենք, աստիճանաբար հալչում է: Այս պայմաններում պետք է զգույշ լինել` արդյո՞ք որևէ կերպ չենք նպաստի սուիցիդի բազմապատկմանը: Կրոնական հողի վրա կատարված զանգվածային ինքնասպանությունները ուսումնասիրելով` պատկերացնում եմ դրա հետ կապված վտանգներն ու որոգայթները:

Օրինակ` սինտոիզմում հստակ էր` եթե սպան պարտվում է, պետք է ինքնասպան լինի: Սակայն, երբ Երկրորդ համաշխարհայինին Ճապոնիան պարտվեց, և Ճապոնիայի կայսերապետական բանակի ծաղիկը` 6800 սպա, ինքնասպան եղավ Միկադոյի դռների առաջ. մարդիկ հետևեցին կարգին, սակայն հասարակությունը, ինչպես և Ճապոնիայի կայսրը (Միկադոն), համարեցին այդ քայլը մերժելի։

– Եկեղեցին ավանդական, բայց ոչ դոգմատիկ կառույց է: Հեթանոսական Տրնդեզին տվել են քրիստոնեական բովանդակություն, և այն այսօր նշվում է` որպես Տեառն ընդ առաջ:

– Տեր Տաճատ.- Անշուշտ: Եկեղեցին քարացած հաստատություն չէ, կենդանի է: Եկեղեցու վարդապետությունը միշտ աճման մեջ է: Բանականությունը և ժամանակակից գիտության տվյալներն անպայման պետք է համադրենք: Մեր հավատը ժամանակակից գիտությանը հակառակ չի կարող լինել, այլապես կդառնա հնաոճ, անիմաստ: Օրինակ` կաթոլիկ եկեղեցին պարտադրեց Գալիլեո Գալիլեյին հերքել իր այն տեսակետը, որ ոչ թե Երկրագունդն է պտտվում Արևի շուրջ, այլ հակառակը` հիմնավորելով, թե «Աստվածաշնչին» դեմ է:

Սրանից 15 տարի առաջ Հռոմի պապը ներողություն խնդրեց գիտնականից: Տեսեք` եթե մարդուն կյանքը տալը Աստծո ձեռքում է, կյանքը վերցնելը ևս մնում է Աստծուն: Այսօր մենք երկարացնում ենք մարդու կյանքը. մահվան դատապարտված մարդկանց արհեստական սիրտ, սնուցում, թթվածին ենք միացնում: Եթե գործիքներն անջատենք, ուրեմն նրան սպանելո՞ւ ենք: Ասեմ ձեզ. ես ինձ մոտ թուղթ ունեմ, ուր գրված է` եթե ես այդպիսի վիճակի մեջ լինեմ, բացառիկ գործողություններ չանեք` ինձ ետ բերելու համար: Թողեք` գնամ, թողեք կատարվի Աստծո կամքը:

– Կաթոլիկ հոտն իր եկեղեցուց խնդրում է, օրինակ, օրհնել միասեռականների ամուսնությունը: Այս պարագայում Հայ Առաքելական եկեղեցու անդամների խնդրանքը` վերանայել ինքնասպանների հանդեպ վերաբերմունքը, այնքան էլ մեծ մեղք չի թվում:

– Վ. Խաչատրյան.- Այդ խնդիրն այսօր դրված է Ֆրանսիայի, Անգլիայի խորհրդարաններում: Ստեղծվել է միասեռականների համաշխարհային լիգայի պես մի բան` Վիեննայում, որն ամեն կերպ փորձում է անցկացնել միասեռականների ընտանիքի ձևավորման և օրենքով նրա կայացման խնդիրը: Երբ փորձ է արվում պայթեցնել հիմքերի հիմքը` ընտանիքը, որի վրա խարսխված է եղել տասնյակ-հազարավոր տարիների ընթացքում մարդկային հասարակությունը, անվիճելիորեն, տարասեռ հարաբերությունից է ձևավորվում:

Սա է այն առանցքը, որը խախտելու դեպքում կանգնելու ենք ուղղակի փլուզման առաջ: Այսօր Հոլանդիայում, օրինակ, հայտարարվում է, թե երեխան կարող է հայտարարել երեք և ավելի ծնողներ: Ինչ վերաբերում է եկեղեցուն, դա հավատավոր զանգվածի ընդհանրական դրսևորումն է, և պետք չէ այն պատկերացնել որպես քարե կառույց կամ հոգևորականի հիերարխիա:

Եկեղեցին, որոշ դեպքերում, գնացել է քայլերի, որոնք, ըստ էության, հակասում են քրիստոնեական սկզբունքներին: Գերմանական եկեղեցին ամբողջ 70 տարի շարունակ ճանաչեց բազմակնությունը` որպես քրիստոնեական օրինակ: Եղել էր ժանտախտ, եղել էին պատերազմներ, և բնակչության քանակը սոսկալի կրճատված էր. դատարկվել էին տարածքներ: Ավանդական արժեքները պետք է լավ պատկերացնենք և հասկանանք` ինչ ենք կորցնում և ո՛ր դեպքում:

– Տեր Տաճատ.- Եկեղեցու վերջին հեղինակությունը ոչ թե նվիրապետությունն է, քահանաները կամ կաթողիկոսը, այլ ժողովուրդը: Ես հովիվ եմ, ես պետք է մարդկանց հոգսերով զբաղվեմ: Եկեղեցականը միայն ծիսակատար կամ ուսուցիչ չէ: Ժողովրդի ցավերի, հոգսերի և ուրախությունների մասնակից է: Երբ ընտանիքի մի անդամը մահանում է, ցավ է: Եթե անձը ինքնասպան է, այդ ցավը կրկնապատկվում է: Երբ եկեղեցին ասում է` մենք չենք կարող հուղարկավորել ինքնասպանին, ցավը եռապատկվում է: Ի վերջո, թաղման արարողությունը ննջեցյալի համար ոչինչ չի փոխում. նա մահացել է, նրա վերջին դատավորն Աստված է:

Մենք ծեսն անում ենք վերապրողների համար` որպես մխիթարություն: Երբ ասում ենք` «Ո՛չ, չենք կարող», և մեր կռնակը կդարձնում ենք ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք իրենց մխիթարել: Կա անխախտ մեկ կանոն` ամուսնությունը կատարվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Մյուսները մարդկային կանոններ են, որոնք եկեղեցին կարող է իրեն թույլ տալ փոքր-ինչ սրբագրել:

Տեսանյութեր

Լրահոս