«Գրախանութները շահագրգռված չեն գիրք վաճառել»
Հարցազրույց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, Երևանը շարունակում է լինել գրքի համաշխարհային մայրաքաղաքը, շուտով մեր քաղաքն այդ «պաշտոնը» կհանձնի Բանգկոկին, ի՞նչ եք կարծում` այս տարի իրականացվեցի՞ն գրքի համաշխարհային մայրաքաղաք լինելուն համահունչ միջոցառումներ:
– Սկզբից` մայիսի վերջին և հունիսի սկզբին, երբ շփվում էի գործընկերներիս, մրցակիցներիս, թարգմանիչների, գրավաճառների, պետական տարբեր ատյանների ներկայացուցիչների հետ, բոլորը համատարած ստեղծված վիճակից դժգոհում էին: Երևի թե ավելին էինք սպասում: Բայց հետո գուցե ամեն մեկը հասկացավ, որ Հայաստանը մենք ենք` ես, դու, մշակույթի նախարարը, թարգմանիչը, գրողը, ընթերցողը: Հատկապես հրատարակիչների շրջանում ծնվեցին տարբեր նախագծեր` բացօթյա, հետաքրքիր շնորհանդեսներ, միջոցառումներ և այլն: Ես դեռ չգիտեմ ոչ մի դեպք, երբ որևէ մեկը դիմեր մշակույթի նախարարին և որևէ աջակցություն չստանար: Ինչ-որ բաներ ստացվեցին, փոփոխություններ եղան: Ամենակարևոր արդյունքներից մեկը, կարծում եմ, այն էր, որ, ի վերջո, պետական գործիչը հրապարակավ գիրք ընթերցեց: Թե՛ սովետական, թե՛ անկախ Հայաստանի շրջանում երբեք նման բան չէր եղել։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Խնկո-Ապոր գրադարանի կազմակերպած միջոցառման ժամանակ դա իրականացրեց: Դա շատ կարևոր ուղերձ էր հանրությանը, որ ճանապարհը դեպի հաջողություն պայմանավորված է գիտելիքով, ընթերցանությամբ: Այս գործընթացը, կարծում եմ, շարունակելի կլինի և կունենա հաջողություն, քանի որ մինչ այդ մենք ունեինք հակադարձ ուղերձներ, երբ մի պաշտոնյան ասում էր` «Ես գիրք կարդալ չեմ սիրում», մյուսը` «Քաղաքականությամբ զբաղվելու համար գիտելիք պետք չի»: Այս քայլը կփոխի մթնոլորտը:
Հաջորդ տարօրինակ քայլն այն էր, որ Հայաստանի դեղատներում սկսեցին գրքեր վաճառել: Երևանում և մարզերում գրախանութներ բացվեցին: Ես համոզված եմ, որ գրախանութների աշխատանքը լինելու է վնասաբեր, բայց այն խիզախությունը, որով այդ մարդիկ կարողացան այս ծրագրերն իրականացնել, շատ եմ կարևորում: Նրանք գիտակցեցին, որ պետք է անգամ վնասաբեր նախագծեր լինեն, քանի որ դրանք գործընթացի մի մասն են կազմում:
Ցավոք, գրադարանային գործում արդյունքներ չունեցանք: Հայաստանում գրադարանավարն ամենացածր վարձատրվող մասնագիտությունն է, բայց այն ընթերցող և գրող շղթայում շատ կարևոր օղակ է:
– Իսկ ի՞նչ անելիքներ ունենք:
– Նախ` գրադարանավարների աշխատավարձը պետք է բարձրանա: Այսօր գյուղական, համայնքային գրադարանները շատ վատ վիճակում են: Պետք է նոր գրքերով համալրել և չպետք է թողնել, որ գրադարան գնան անպետք գրքերը, քանի որ ընթերցողին երբեք չես կարող խաբել: Մեր համայնքային գրադարանները 1990-ականներից մինչև այսօր չեն համալրվել: Այն տեսականին, որն առկա է այնտեղ, լայն ընթերցողի համար հետաքրքիր չէ: Այս մասը շտկելու համար մենք առաջարկներ ենք արել, կարծում եմ՝ առաջընթաց կլինի:
– Թարգմանչական գործում ի՞նչ անելիքներ կան:
– Այստեղ ամենակարևոր բանը թարգմանչին կամ հեղինակային իրավունքի համար վճարվող գումարի խնդիրն է: Եթե թարգմանությունն արժի 5000 դոլար, 500 տպաքանակի դեպքում յուրաքանչյուր գիրքը տասը դոլարով թանկանում է: Գիրքը դառնում է անմատչելի և չսպառվող:
– Իսկ ի՞նչ պետք է անել, որ գները մատչելի դառնան:
– Համեմատելով վրացական շուկայի հետ` թարգմանության սակագները մեկ էջի հաշվարկով՝ մինչև 5-10 անգամ պակաս են: Պատճառն այն է, որ այնտեղ թարգմանիչների միջև կա մրցակցություն, ինչը հանգեցնում է որակի բարձրացմանն ու գնի էժանացմանը: Այս հարցում ունենք երկու խնդիր. առաջինը՝ հայերենից այլ լեզուներ թարգմանությունն է, մյուսը` տարբեր լեզուներից՝ հայերեն: Հայերենից այլ լեզուներ գրքեր թարգմանելը շատ կարևոր նշանակություն ունեցող, դիվանագիտությունն առաջ տանող գործ է:
Օրինակ` մենք ունենք բազմաթիվ սփյուռքահայեր, նրանցից յուրաքանչյուրի շուրջ հավաքված մարդիկ ունեն պրոհայկական կողմնորոշում, որովհետև սփյուռքահայը կարողացել է բացատրել, թե ի՞նչ է Հայաստանը, ինչպիսի՞ն են հայերը, ի՞նչ արժեքներ ունեն, և այլն:
Սփյուռքահայերի քանակը տասը միլիոնից չի անցնում, և հայերենի կրողները տարեցտարի պակասում են: Այդ դեպքում ի՞նչ անել, չենք կարող նրանց կլոնավորել, չէ՞: Սփյուռքահայերը միգուցե իրենց մասնագիտությամբ բարձրակարգ վարպետներ են, բայց դա չի նշանակում, որ իրենք դառնալով մեր մշակույթը տարածող օղակներ, կարող են դա անել ավելի պրոֆեսիոնալ, քան, օրինակ, դա կաներ Հ. Թումանյանը, Հ. Մաթևոսյանը կամ Վ. Սիրադեղյանը, և այլք: Այդ աշխատանքը պետք է կազմակերպել այսպես` մեր լավագույն գրողների լավագույն ստեղծագործությունները պետք է թարգմանվեն այլ լեզուներով, և այդ գործընթացին պետք է աջակցի ինչ-որ հիմնադրամ: Այս գործընթացը հնարավորություն կտա, որ ավելի շատ մարդիկ առնչվեն մշակույթի լավագույն կոթողներին:
Ինչ որ ասացի գրականության առումով, վերաբերում է նաև երաժշտությանը, նկարչությանը և այլն: Կա մի խնդիր` քիչ են այն թարգմանիչները, որոնք տիրապետում են հայերենին և այլ լեզուների կրող են: Այս խնդրի վերացման համար էլ կան ճանապարհներ: Կան հիմնադրամներ, որոնք պատրաստ են թարգմանության դասընթացներ ֆինանսավորել, բայց պետք է նաև հոգալ ապրելու գումարի, ճանապարհածախսի մասին։
Մենք արդեն դիմել ենք Մշակույթի, Կրթության և գիտության նախարարներին, և, հավանաբար, կառավարության մասնակցությամբ մի գործընթաց կլինի, որը կապահովի այս աշխատանքները։ Այլ լեզուներից հայերեն թարգմանելու դեպքում ևս պետք է մեր պոտենցիալ ունեցող թարգմանիչներին` հմտություններ ձեռք բերելու նպատակով, ուղարկել արտասահման։
– Հայաստանում բավարար քանակով թարգմանիչներ կա՞ն։
– Թարգանիչների խնդիրը շատ մեծ խնդիր է։ Ունենք ընդամենը 80 թարգմանիչներ, որոնց մեծ մասը ռուսերենի կրող է, մի մասը` անգլերենի, և շատ քիչ են իսպաներենի, պորտուգալերենի, գերմաներենի և շատ ուրիշ լեզուների կրողները։ Կան բազմաթիվ լեզուներ, որոնք անգամ մեկ թարգմանիչ չունեն` ֆիններեն, ճապոներեն, կորեերեն, նորվեգերեն և այլն։
– Իսկ ինչպե՞ս եք ապահովագրված լինելու, որ նրանք կվերադառնան Հայաստան։
– Այս խնդիրը հնարավոր է լուծել: Կկնքվեն պայմանագրեր, ըստ որի՝ թարգմանիչներն ունեն անելիքներ և պետք է իրենց վրա ծախսված գումարը հետ վերադարձնեն։
– Ի՞նչ խնդիրներ կան գրքի վաճառքի ոլորտում։
– Այսօր այս ոլորտը շատ վատ վիճակում է գտնվում։ Գրախանութները շահագրգռված չեն գիրք վաճառել։
– Իսկ ո՞րն է դրա պատճառը։
– Գրախանութը ռիսկի չի դիմում։ Բիզնեսում առանց ռիսկի գործ չի լինում։ Որտեղ ռիսկ չկա, այնտեղ մի վատ բան կա, նշանակում է՝ մոնոպոլիա է։ Մենք տեսնում ենք, թե մոնոպոլիաներն ինչի վերածեցին մեր երկիրը։ Այս դեպքում էլ լուծում կա։ Պետք է գնալ նույն ճանապարհով, որով ժամանակին սուպերմարկետները գնացին։ Այսօր սուպերմարկետներում վաճառվող ապրանքը պատկանում է խանութին, և առնվազն երկու ամիս անց նա գումարը պետք է վերադարձնի։ Այսինքն` բոլորը շահագրգռված են, որ ապրանքն արագ վաճառվի, հակառակ դեպքում՝ իրենց վրա կմնա։ Գրախանութները` 30-40 տոկոս մասնաբաժին ունենալով, գրեթե ոչինչ չեն անում, որ գիրքը վաճառվի։ Ո՛չ գովազդ են անում, ո՛չ միջոցառումներ։ Իհարկե, բացառություններ կան։
– Այսինքն` գիրքը գովազդի կարի՞ք ունի։
– Այս տարի 3000-ից ավելի գրքեր են լույս տեսել, ընթերցողը, սակայն, գիրք չի գնել։ Դա նշանակում է, որ ընթերցողը գրքի մասին տեղյակ չէ, գովազդ չկա։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» գիրքը եթե բոլոր հեռուստաընկերություններով միջինացված 22 րոպե գովազդենք, ապա գրքի գինը պետք է բավականին թանկանա։ Այս խնդրի վերաբերյալ ևս առաջարկ ունեմ։ Հրատարակիչը, ով գրքի գովազդի համար, օրինակ, Հանրային հեռուստաընկերությանը վճարում է 100.000 դրամ, վերջինս ևս նույնքան դրամի անվճար գովազդ է հեռարձակում։ Նույնը մասնավոր հեռուստաընկերությունների դեպքում է։ Հրատարակիչը պատվիրում է այսքան գումարի գովազդ, նույնքան գովազդի համար վճարում է պետությունը։
– Այս մոդելն առաջարկե՞լ եք պետությանը։
– Այո, դեռ արձագանք չկա։