Տեղական հայրենասիրության երկրպագու Ռոբերտ Քոչարյանը վերևից է նայում Սերժ Սարգսյանին
ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեկնաբանել է ՀՀ առաջին և երկրորդ նախագահների վերջին հարցազրույցները: Արմեն Մարտիրոսյանը նախ արժանահավատ չի համարում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած տարիքի գործոնը՝ որպես նախագահական ընտրություններում չառաջադրվելու և ակտիվ քաղաքականությունից հեռանալու գործոն:
«Պարոն Տեր-Պետրոսյանը շատ առողջ է, ու նրան ցանկանում եմ երկար տարիների կյանք: ՀՀՇ-ի վերջին համագումարում մենք համարյա կողք կողքի էինք նստած, և նա շատ առույգ տեսք ուներ, ահա ինչու նրա կողմից առաջ քաշված տարիքի գործոնը ինձ համար արժանահավատ չէ: Ես կարծում եմ՝ ոչ թե տարիքը, այլ քաղաքական պրոցեսները բերեցին նրա այդ որոշմանը»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականության որոշ ուղղություններ քննադատվում են ՀԱԿ-ի այն գործիչների կողմից, որոնք որոշ ժամանակ առաջ այդ նույն քաղաքականությունը գովում էին:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին, Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ այդ հարցազրույցն իր վրա շատ բացասական տպավորություն է թողել, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած երեք հիմնավորումները, որի պատճառով նա չի մասնակցում ակտիվ քաղաքականությանը, մասնավորապես՝ նախագահական ընտրություններին, ևս բացարձակապես ընդունելի չեն:
«Օրինակ, ղարաբաղցի լինելու հանգամանքը շեշտելը… ի՞նչ է դա, այսինքն՝ դա կլանայի՞ն պայքար է: Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, նախագահի պաշտոնը քաղաքական է, որը ենթադրում է քաղաքական պայքար, բայց իր ասածն, ըստ էության, ներկլանային ինչ-որ պայմանավորվածությունների մասին է, այսպես կոչված, տեղական հայրենասիրության մասին է, որն անընդունելի է ինձ համար: Ու տպավորություն է, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է փորձում ստեղծել ղարաբաղցի-հայաստանցի արհեստական հակամարտությունը, որն այս դեպքում, իր շուրթերով է հնչում: Իր առաջ քաշած երեք կետն էլ հարված էր մյուս երկու նախագահների ուղղությամբ»,- ասել է նա:
Այն պատճառաբանությունը, թե ինքը չի ցանկանում երեք նախագահների հակամարտություն ստեղծել, քանի որ կստեղծվի պետության համար վտանգավոր իրավիճակ, Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ նշանակում է, որ երեք նախագահներն իրենց կառավարմամբ այնպիսի քաղաքականություն են իրականացրել մինչ այժմ, որ դրա արդյունքում սովորական նախագահական ընտրությունները պետք է վերածվեն պետության անվտանգության խնդրի:
«Այդ ի՞նչ կառավարում եք այս տարիների ընթացքում իրականացրել, պետական կառավարման համակարգում ի՞նչ բացասական երևույթներ եք կյանքի կոչել, որ քաղաքական ստանդարտ գործընթացը կվերաճի վտանգավոր գործընթացի: Իր ասածը վերլուծելով` կարելի է հասկանալ, որ այս ընթացքում երեք նախագահներն էլ ապօրինի համակարգ են ստեղծել, որը կարող է սպառնալ պետականությանը: Եվ իր առաջ քաշած երրորդ կետով Ռոբերտ Քոչարյանը ասես վերևից է նայում Սերժ Սարգսյանին, երբ ասում է՝ ես եմ նրան առաջ քաշել, և եթե ինքը ցանկություն ունի վերընտրվել, ուրեմն չեմ խանգարի:
Սա նույնպես որոշակի ազդակ է, որը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ընտրված նախագահ է, այլ իր կողմից ինչ-որ պայմանավորվածությունների հիման վրա նշանակված նախագահ, որը նույնպես բացասական երևույթի մասին է խոսում»,- նշել է նա:
Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ Ռ.Քոչարյանի հարցազրույցը հարված էր թե´ Լևոն Տեր-Պետրոսյանի, թե´ Սերժ Սարգսյանի ուղղությամբ: