«Ընդդիմությունն իր իսկ ձեռքով թաղված կառույց է». ՀՀԿ-ական քաղաքապետ
Հարցազրույց Քաջարանի ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Գևորգյանի հետ
– Քաջարանում ՀՀԿ-ն ի՞նչ միջոցառումներ է իրականացնելու նախագահական ընտրություններին ընդառաջ:
– Ես նաև Քաջարանի ՀՀԿ շրջանային կազմակերպության նախագահն եմ 1997թ. մինչ օրս և նաև նախագահի նախընտրական շտաբի պետն եմ: Միջոցառումների ծրագիրն արդեն կա, շտաբն արդեն ձևավորվել է, մենք արդեն զբաղվում ենք շտաբային աշխատանքով` հիմնականում ընտրողների ցուցակների հետ կապված ճշտումներ ենք անում: ՀՀ գործող նախագահին մենք ընտրել ենք 2008թ., և համարում եմ, որ ճիշտ ընտրություն ենք կատարել, և 2013թ. փետրվարի 18-ին քաջարանցիները նույնպես իրենց ընտրությունը կանեն, և կարծում եմ` ճիշտ ընտրություն կանեն, քանի որ ՀՀ գործող նախագահը քաջարանցիներին նաև հայտնի է՝ որպես պատերազմի հրամանատար, ի վերջո, նաև հաղթանակած բանակի Պաշտպանության նախարար, և բազմաթիվ մարտական ընկերներ ունի մեր տարածաշրջանում, մասնավորապես՝ Քաջարան քաղաքում:
Բացի այդ, նախագահի քաղաքականությունը շատ հստակ կա, և կոնկրետ Քաջարանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման հեռանկարը և ներկան նաև նախագահի անմիջական աջակցության արդյունքն է: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, նախագահի միջնորդությամբ և նրա հրամայականով`պետական բյուջեից վարկ տրվեց կոմբինատին, և դա նպաստեց, որ ձեռնարկությունը 1 րոպե իսկ չկանգնեց, այլ ընդհակառակը` ծավալների լուրջ ավելացում եղավ:
– Այսինքն` համերգնե՞ր եք կազմակերպելու:
– Կոնկրետ չեմ ուզում խոսել միայն քարոզարշավի մասին, բայց հունվարի 28-ին Բանակի տոնի առթիվ կուսակցական միջոցառում ենք կազմակերպելու, և կարծում եմ` նաև առիթ կունենանք քաջարանցիներին ներկայացնելու նախագահի կողմից իրականացված աշխատանքներն ու նաև պետական պլանավորված ծրագիրը: Լինելու են նաև կուսակցական հանդիպումներ, քանի որ մենք քաղաքում ունենք կուռ, միասնական կուսակցական կազմակերպություն: Համարում եմ, որ դա ավելի լավ կլինի, քան որևէ քարոզարշավի տեսակ: Նախագահն ամսի 23-ին մեզ մոտ է լինելու:
– Այնուամենայնիվ, նախագահի 8 թեկնածու կա: Ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր թեկնածուների հնարավորությունները Քաջարանում:
– 8 թեկնածուների մեջ ընդդիմության թեկնածու չեմ տեսնում: Կարծում եմ` դա ցավալի է յուրաքանչյուրիս համար: Լավ կլիներ, որ ընդդիմություն լիներ: Հայաստանում ընդդիմությունը չկարողացավ պահել իրեն դաշտում: Ես համարում եմ, որ ընդդիմությունն իր իսկ ձեռքով թաղված կառույց է: Այդ 8 թեկնածուների մեջ չեմ տեսնում ընդդիմության ներկայացուցչի:
– Պարոն Գևորգյան, Ձեր հարևան գյուղը՝ Քաջարանը, կառավարության որոշմամբ՝ հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Ամիսներ շարունակ Քաջարանի գյուղապետն ու բնակիչները պայքարում էին, որպեսզի չհանձնեն գյուղը: Ինքներդ ի՞նչ եք արել այս ուղղությամբ:
– Ես իմ կարծիքը` որպես նաև քաղաքացի, հայտնել եմ: Ես համարում եմ, որ որոշումը եղել է ժամանակավրեպ: Դա զուտ թույլ իրազեկության խնդիր է եղել, և կարծում եմ` ժամանակին ինչ-որ մի չինովնիկի պատճառով ժամանակավրեպ որոշում է կայացվել: Իսկ այն, որ լեռնահանքային արդյունաբերության հեռանկարն ակտուալ և առաջնային է, դրա մասին խոսք լինել չի կարող:
– Իսկ ո՞վ է այդ չինովնիկը:
– Չեմ կարող ասել, բայց դա հաստատ ո՛չ նախարար է, ո՛չ կառավարության բարձրաստիճան ղեկավար: Կառավարության այդ որոշումը ոնց որ ոտքի վրա ընդունած որոշում լինի, և կարծում եմ` դժգոհությունների մեծ մասը դրանով է պայմանավորված:
– Որպես ՀՀԿ Քաջարանի շրջանային կառույցի ղեկավար` այդ հարցով դիմե՞լ եք ՀՀ գործող նախագահին:
– Յուրաքանչյուր ղեկավար ունի իր պարտականություններն ու իր լիազորությունները: Հարևան համայնքի խնդիրը տվյալ համայնքի բնակիչների խնդիրն է: Պարզապես ինքս թույլ չէի տա «քիթս խոթել» այլ համայնքների խնդիրների մեջ:
– Այսինքն` Ձեզ չի՞ անհանգստացնում Ձեր հարևան գյուղի «ճակատագիրը»:
– Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ երբ հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այցելել էր մեր տարածաշրջան, նույն այդ խնդիրը դրվել է, և ՀՀ նախագահի` ժողովրդին ուղղված բառացի խոսքերը հետևյալն են եղել, որ՝ «ձեր իրավունքները չեն ոտնահարվելու՝ մինչև չկարողանանք ճիշտ որոշում կայացնել»:
– Ի՞նչ է ենթադրում դա, որ կառավարության որոշումն ի չի՞ք է դառնալու:
– Միգուցե լինեն կոմպրոմիսային խնդիրներ: Ես համամիտ եմ և՛ բնակիչների, և՛ գործող իշխանության հետ, և կարծում եմ` նրանց մոտ կլինեն տարբերակներ:
– Այդ դեպքում ինչի՞ն հավատան այդ գյուղի բնակիչները, որ փոխվի, թեև ՀՀԿ կարգախոսն ասում է` «Հավատանք, որ փոխենք»:
– Այս պահին, թերևս, խնդիրը սառեցված վիճակում է, և շահարկել այդ հարցը` ճիշտ չէ: Այդ հարցը գտնվում է հանրապետության գործող նախագահի ուշադրության կենտրոնում: Կարծում եմ` եթե հարցը սառեցրել են, ուրեմն՝ շահարկման թեմա ընդհանրապես չի պարունակում:
– Սառեցվելը չի ենթադրում դադարեցվել, պարոն Գևորգյան:
– Կլինի՞ ինձ Քաջարան քաղաքի վերաբերյալ հարցեր ուղղեք: Ճիշտ է, իմ հարևան գյուղն է, ինձ հարազատ մարդկանց գյուղն է, բայց ես նաև ունեմ իմ լիազորություններն՝ իմ քաղաքի հետ կապված: