Թատրոն՝ ընտրությունների փոխարեն
«Լինելու է իշխանության վերարտադրություն, որովհետև օբյեկտիվ նոր հանգամանք չկա, որն ապացուցի հակառակը»,- 168.am-ին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով առաջիկա նախագահական ընտրությունների մասին:
Նրա համոզմամբ, 1995-ից սկսած Հայաստանում տեղի են ունենում չընտրություններ: 2013թ. փետրվարի 18-ին, ըստ նրա, բացառություն չի լինելու: Հարություն Մեսրոբյանը նշեց, թե բոլորն էլ հրաշալի գիտեն, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ նախագահը, սակայն գերադասում են մասնակցել այդ «թատրոնին»: «Այդ թատրոնը պետք է վերջացնել»,- նշեց կառավարման փորձագետը: Նրա խոսքով, արդեն իսկ պարզ է, թե առաջիկայում ինչ տեսարաններ են մեզ սպասվում՝ կտրվեն խոստումներ թեկնածուների կողմից, իշխանությունն ընտրությունների ժամանակ կօգտագործի իր ադմինիստրատիվ և վարչական ռեսուրսները, իսկ ընտրությունների հաջորդ օրը կսկսվեն «վայ-վույները» կեղծիքների վերաբերյալ:
Հարություն Մեսրոբյանը նշեց, թե ինքն անձամբ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին և եթե իրենից խորհուրդ հարցնեն՝ ի՞նչ դիրքորոշում դրսևորել ընտրությունների նկատմամբ, կպատասխանի՝ լուրջ մի ընդունեք այդ միջոցառումը:
Հարություն Մեսրոբյանը համոզված է, որ Հայաստանի քաղաքացիները ոչ մի հույս այս ընտրությունների հետ չեն կապում:
«Միայն 2012թ. 70-80 հազար մարդ արտագաղթել է Հայաստանից: Դա ամենավառ ապացույցն է, որ մարդիկ հույսեր չեն կապում ընտրությունների հետ: Արտագաղթը ցույց է տալիս, որ ամբողջ հասարակությունը գնում է դեպի անհավատություն, հուսալքություն»,- նշեց փորձագետը:
Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ընդդիմադիր շատ գործիչներ փորձագետներին, վերլուծաբաններին մեղադրում են հասարակությանը մանիպուլացնելու մեջ, Հարություն Մեսրոբյանը ասաց, որ խնդիրն այդ քաղաքական գործիչների կատարած աշխատանքն է, այլ ոչ թե մասնագետների կարծիքը:
«Ես կարող եմ լռել: Եթե ես իմանամ, որ իմ լռության հետևանքը կլինի Հայաստանի առողջացումը, խոսք եմ տալիս լռել, բայց սա նշանակում է, որ ինձ շատ ուժեղ դեր են վերապահում, այսինքն՝ իրենք գործ էին անում, փորձագե՞տն է իրենց խանգարում, իսկ միգուցե իրենք գործ չե՞ն անում»,- հակադարձեց Հարություն Մեսրոբյանը: