Ռուսաստանը՝ գերակշիռ, Եվրամիությունը՝ լրացուցիչ
Դեկտեմբերին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնց ազդեցության տակ տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական ընտրության առաջ, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի երկու ինտեգրացիոն պրոցեսներից մեկի միջև. մաս կազմել Եվրասիական միությանը, կամ` հրաժարվելով դրանից, փորձել մերձենալ Եվրամիության հետ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուի և ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի երևանյան այցելություններից, դրան հետևած հայ պաշտոնյաների հայտարարություններից հետո մի պահ թվաց, թե Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ եվրոպական ինտեգրացիայի:
Նախագահ Սերժ Սարգսյանը Խոսե Մանուել Բարոզույի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է ավարտել բանակցությունները ԵՄ-ի հետ, և մինչև 2013թ. տարեվերջ, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը և դրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որի ռուսական այլընտրանքը Մաքսային միություն մտնելն է, ուր մտնել Հայաստանը կարծես թե համառորեն հրաժարվում էր:
Սակայն հունվարի 14-ին և 15-ին տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը չի ցանկանում կամ չի կարողանում փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Հունվարի 14-ին, Պաշտպանության նախարարությունում անցկացված Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված կազմով նիստի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չնայած Հայաստանը մասնակցում է ինտեգրացիոն տարբեր գործընթացների, սակայն Հայաստանի Հանրապետության անվտանգության առանցքը շարունակելու է մնալ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, որն անկախության 20-ամյա պատմության ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը:
Հունվարի 16-ին ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը գրեթե նույնությամբ կրկնեց Սերժ Սարգսյանին: Նա հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ունեցել և ունենալու են «գերակշիռ դերակատարություն», մինչդեռ եվրաինտեգրացիան նա անվանեց` «մեր անվտանգության համար լրացուցիչ խթան»: Ավելին` Արտակ Զաքարյանը հայտարարեց, որ Հայաստանը հավակնություն չունի անդամակցել Եվրամիությանը, իսկ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը քննարկման փուլում է:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նման ընտրությունը պայմանավորեց Հայաստանի տնտեսական և ռազմաքաղաքական շահերով, մի քանի անգամ կրկնելով, որ այդ շահերը պահանջում են, որպեսզի Հայաստանն առաջնահերթ համարի համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ իրենք այս մոտեցումը ներկայացրել են բրյուսելյան այցի ընթացքում, և Եվրամիության ու Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների համար Հայաստանի դիրքորոշումը միանգամայն հասկանալի է:
Այսպիսով Հայաստանը ոչ միայն ընտրություն է կատարել եվրոպական և եվրասիական ինտեգրացիայի միջև, այլև այդ ընտրության հիմնավորումները ներկայացրել է եվրոպական կառույցների ներկայացուցիչներին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության վերջին բրյուսելյան այցի նպատակը եղել է հենց այդ ընտրության արդյունքների ներկայացումը:
Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը կամ դրա հստակեցումն իր անմիջական ազդեցությունն է ունեցել ներքաղաքական կյանքում: Ինչպես հայտնի է` Հայաստանի իշխանական համակարգում` որպես եվրաինտեգրման կողմնակից, հանդես էր գալիս վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Հայաստանը չի կարող անդամակցել Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը` դա պատճառաբանելով ընդհանուր սահմանի բացակայությամբ:
Բայց ռուսները, մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն, հակադարձում էին, որ Հայաստանը կարող է ունենալ էքսկլավի կարգավիճակ, իսկ ռուս վերլուծաբան, «Օդնակո» ամսագրի խմբագիր Միխայիլ Լեոնտևն ասում էր, որ մոտ ապագայում ընդհանուր սահման էլ կլինի, երևի նկատի ունենալով Թուրքիային, որին Ռուսաստանը Մաքսային միությանը միանալու առաջարկ է արել:
Հունվարի 14-ին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մասնակիցները նկատել են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անկումային տրամադրության մեջ է եղել, և գրեթե որևէ մեկի հետ չի շփվել: Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը շատ ակտիվ շփվել է ԱԺ նախագահի հետ, ում տրամադրությունը, ընդհակառակը` շատ բարձր է եղել:
«168 ԺԱՄ»