
Ռուսաստանն Արկտիկայի համար ստեղծում է հետևակի մարտական մեքենա

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հստակեցրել է այն տեխնիկա-տակտիկական պահանջները, որոնք ներկայացվելու են հեռանկարային հետևակի մարտական մեքենային: Այս մեքենայով պետք է համալրվեն արկտիկական գոտում ծավալված մոտոհրաձգային բրիգադները:
Մեքենայի առաջին փորձնական նախագծերը և կոնստրուկտորային փաստաթղթավորումը մշակվելու է այս տարի: Մեքենան անվանվել է Рыцарь (ասպետ), նրա մշակմամբ զբաղվելու է Կուրգանի մեքենաշինական գործարանը: Ակնկալվում է, որ մեքենան ունենալու է փոքր չափերի գազատուրբինային շարժիչ, որը կնվազեցնի աղմուկը և կմեծացնի մեքենայի շարժման ուժը:
Նոր մեքենայի քաշը կազմելու է ավելի քան 20 տոննա: Այսպիսի մեքենայի համար անհրաժեշտ է նվազագույնը 400 ձիաուժանոց շարժիչ: Նշվում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է հատկացնում արկտիկական գոտուն: Մինչև տարեվերջ պլանավորված է Նոր Երկիր արշիպելագում տեղակայել МиГ-31 կործանիչներ: