Բաժիններ՝

Ոսկորները հաշվեցին

Հիմա հաշվում են ատամները

Հայկական մուլտֆիլմերը դիտելիս («Կիկոս», «Ձախորդ Փանոս», «Հայելի», «Կախարդական լավաշ» և այլն) նկատել եմ մի օրինաչափություն: Այդ օրինաչափությունը տարիքի հետ չափազանց տխրեցնում է, թեև երեխա ժամանակ զվարճալի էր թվում. մեր մուլտֆիլմերի հերոսները, որոնք հիմնականում գյուղացիներ են, ներկայացված են չսափրված, կարկատած հագուստով, խեղճ և, որպես կանոն, բացակա ատամներով:
Դժվար է հասկանալ նաև պերսոնաժների տարիքը` Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը երիտասա՞րդ են, թե՞ տարեց:

Կանանց տարիքը կռահելն առավել բարդ է և ոչ այն պատճառով, որ ռեժիսորները նրբանկատորեն ընդգծել են կնոջ տարիքի «խորհրդավորությունը». հեքիաթների հերոսուհիներն իրենց տարիքից անհամեմատ մեծ են թվում. որպես «ջահել, սիրուն հարս» ներկայացվածը հիսունն անց կին է երևում («Հայելի»…):

Այդ ամենը տխուր է թվում, որովհետև բավական է նայել շուրջդ, և տեսնում ես` դրանք մտացածին կերպարներ չեն: Այսօր էլ, հատկապես հեռավոր, սահմանամերձ գյուղերում, մարդկանց տարիքը հասկանալը հեշտ չէ. երբ տղամարդիկ սափրված չեն, կարկատած հագուստով են, երբ կանայք աշխատում են ժպտալ այնպես, որ չերևան թափված ատամները, իսկ տղամարդկանց համար արդեն բացարձակ անկարևոր է` ժպտալիս ատամ երևո՞ւմ է, թե՞ ոչ: Իհարկե, խնդիրը երկու կողմ ունի: Եվ ոչ միայն` ֆինանսական: Բժիշկ ծանոթներիցս մեկը պատմում էր, որ հեռավոր գյուղերում ատամնաբույժի մոտ գնալու մշակույթ դեռևս չի ձևավորվել: Մարդիկ ատամի նյարդի ցավը 21-րդ դարում բթացնում ենգ ժավելով:

Ինչո՞ւ սկսեցի ուշադրություն դարձնել առաջին հայացքից` էսթետիկական, սակայն, նախևառաջ, սոցիալական հարցին: Երեկ էլ «Արմնյուզի» լրատվական ծրագրով ռեպորտաժ կար Գյումրիի փողոցներից: Հարցման բոլոր մասնակիցներն անխտիր բացակա ատամներ ունեին:

Եվ հենց երեկ, նախագահի նստավայրի մոտ, բողոքի ակցիա էին կազմակերպել ատամնաբույժները:

2012թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահն, ի թիվս այլ օրենքների, ստորագրել է նաև օրենք` «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին:

Մինչ այս օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելը` ատամնաբուժարաններն աշխատում էին այսպես. ըստ դակված ՀԴՄ-ների` վճարում էին շահութահարկ` 1-3 տոկոսի չափով:

Փոփոխված օրենքի հոդված 14-ը սահմանում է, որ ատամնաբուժական կլինիկաներն այսուհետ երեք բազկաթոռից յուրաքանչյուրի համար ամսական պետք է վճարեն 80.000 դրամ (այսինքն` մեկ ամսում 240.000 դրամ): 4-րդ և հաջորդ յուրաքանչյուր բազկաթոռի համար սահմանված է 48.000 դրամ: Մարզկենտրոններում երեք բազկաթոռներից յուրաքանչյուրի համար սահմանված է 57.000 դրամ (ամսական 171.000 դրամ): Երեք բազկաթոռը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ բազկաթոռի համար` 34.000 դրամ: Սահմանամերձ գյուղերի համար պայմանները, հասկանալի է, «արտոնյալ» են: Առաջին երեք բազկաթոռից յուրաքանչյուրի համար` 28.500 դրամ (85.500դրամ` մեկ ամսում),
4-րդից սկսած` 17.000 դրամ:

Եթե ինչ-որ մեկը գիտի սահմանամերձ գյուղերի իրական վիճակը, անշո՛ւշտ, կպատկերացնի նաև այնտեղի ատամնաբուժական կլինիկաները` ունե՞ն դրանք երկու-երեք բազկաթոռից ավելի տեղեր, թե՞ դատարկ է անգամ միակ բազկաթոռը: Գյուղերում ատամնաբուժարան, որպես կանոն, չկա: Մասնավորապես, կարող եմ բերել իմ հայրական` Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի օրինակը: Ատամնաբույժի մոտ գնալու համար գյուղացիները պետք է հասնեն կենտրոն` Նոյեմբերյան: Ծառայությունների գները նույնն են, ինչ Երևանում:

Ըստ փոփոխված և լրացված օրենքի` ատամնատեխնիկները ևս յուրաքանչյուր սեղանի համար պետք է վճարեն 80.000 դրամ (մեկ ատամնատեխնիկը, որպես կանոն, իրականացնում է երեք գործողություն, այսինքն` օգտագործում է երեք սեղան): Հետևաբար` նա ևս պետք է վճարի 240.000 դրամ հարկ:

Գումարած` ռենտգեն մեքենայի համար լրացուցիչ պետք է վճարես նույնքան, որքան մեկ բազկաթոռի համար: Իմ մտերիմ ատամնաբույժը գրեթե հուսահատված ներկայացնում էր, որ իրենց կլինիկայի ատամնատեխնիկն արդեն երեկ հեռացել է աշխատանքից: Որ ստիպված են ռենտգեն ծառայության համար այսուհետ նախկին 1000 դրամի փոխարեն գանձել 2000 դրամ: Ատամ հեռացնելը 2000 դրամից կդառնա 5000 դրամ:
Եթե այս ամենին գումարենք նաև բուժքույրերին, հավաքարարին, սոցիալական ֆոնդերին տրվող գումարը, կենցաղային, կոմունալ ծախսերը, պարզ կդառնա, որ հիվանդների` առանց այդ էլ նոսր շարքերն ավելի կնոսրանան, շատ ատամնաբուժարաններ կփակվեն:
«Առաջին երկու անգամ բնությունը ատամներ տալիս է անվճար: Երրորդի համար պետք է վճարել»: Այս կարգախոսով են շատ ատամնաբուժարաններ դիմավորում այցելուներին: Սակայն օրենքի փոփոխությունից հետո լրացման և փոփոխության կարիք ունի նաև այս կարգախոսը. «Երրորդի համար պետք է վճարեքգ կրկնակի»:

Հ.Գ. Երեկ Ատամնաբույժների ասոցիացիայի ղեկավար Աշոտ Գևորգյանից տեղեկացա, որ այս թեմայով խորհրդակցություն է հրավիրվել առողջապահության նախարարի մոտ: Որոշվել է դիմել կառավարությանը` հարցը վերանայելու խնդրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս