Իշխանափոխության միակ հնարավորությունը
Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն այսօր հրապարակված հայտարարության մեջ ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ելք է համարել նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի կողմից ընդդիմադիր տրամադրված ընտրազանգվածի համախմբումը և որպես դրան հասնելու միջոց՝ միասնական ծրագրով և մեկ թիմով հանդես գալու հնարավորությունը:
Թեև Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունը դա համարում է իրավիճակի փոփոխման տեսական հնարավորություն, իրականում ներկայիս պայմաններում դա կարող է շատ իրական շանս դառնալ ընդդիմադիր զանգվածը համախմբելու և գործող նախագահ Սերժ Սարգսյանին որպես իրական այլընտրանք ներկայանալու համար: Ընդ որում, այնպես չէ, որ ԺՀԿ-ն է դա «բացահայտել», որ դա աննախադեպ լուծում է կամ «նոու-հաու»: Բայց շատ կարևոր է, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել ընտրություններում թեկնածու չառաջադրած կուսակցությունը (մե՞ծ է, թե՞ փոքր, ազդեցի՞կ է, թե՞ ոչ այնքան, այլ խնդիր է):
Էլ ավելի կարևոր է, որ նման նախաձեռնություն ներկայացրած կուսակցությունը դեռևս Հայ ազգային կոնգրեսի անդամ է, ընդ որում, այն եզակի կուսակցություններից մեկը, որի ղեկավարը համարձակվել է հրապարակավ քննադատել Կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մարտավարությունը, մասնավորապես` քաղաքագիտական վերլուծությունը:
Ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, այս անգամ նույնպես ու, գուցե առավել ևս, Հայաստանի ընտրազանգվածի մեծամասնությունն ընդդիմադիր տրամադրվածություն ունեցող քաղաքացիներն են: Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ չնայած այդ ընդդիմադիր ընտրազանգվածին, չկա այն համախմբող, առաջնորդող թեկնածուն, ինչպիսին, ասենք, 2003 թվականին Ստեփան Դեմիրճյանն էր, 2008 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանը:
Բայց առաջնորդի բացակայությունից հասարակության ընդդիմադիր տրամադրվածությունը չի փոխվում, գուցե որոշակիորեն ավելանում է հիասթափվածությունը, բայց միևնույն է, մարդիկ ձգտում են փոփոխությունների: Այս պայմաններում կան առնվազն երեք թեկնածուներ (համենայն դեպս, ըստ ԺՀԿ-ի), որոնք իշխանության հետ կապ չունեն, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Հրանտ Բագրատյանը հատկապես վերջին տարիներին աչքի է ընկել իշխանությունների հասցեին հետևողական, կոշտ, միաժամանակ՝ փաստարկված քննադատությամբ, նույն ժամանակահատվածում ձեռք է բերել որոշակի հռետորական կարողություններ, մի շարք այլ չափանիշներով համապատասխանում է նախագահի թեկնածուի կարգավիճակին:
Մյուս կողմից՝ Հրանտ Բագրատյանը չունի համապատասխան կառուցվածքային հնարավորություններ, մարդկային ռեսուրսներ. Նրա ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը վերջին 5 տարիներին տարրալուծված է եղել ՀԱԿ-ի մեջ, մարզերում չունի ուժեղ տարածքային կառույցներ և համապատասխան մարդկային ռեսուրսներ: Այդ առումով գուցե ավելի շահեկան է Րաֆֆի Հովհաննիսյանի վիճակը, քանի որ նրա ղեկավարած «Ժառանգությունը», լավ թե վատ, բայց անընդմեջ գործել է վերջին ավելի քան հինգ տարիներին: Մյուս կողմից, Րաֆֆի Հովհաննիսյանը, թերևս, հռետորաբանությամբ, հանրությանը հասկանալի լինելու առումով, զիջում է Բագրատյանին:
Վերջիններիս նկատմամբ որոշակի առավելություններ, միաժամանակ թերություններ ունի նաև Պարույր Հայրիկյանը: Թեկնածուներից յուրաքանչյուրի ուժեղ և թույլ կողմերի թվարկումը կարելի է երկար շարունակել: Բայց տվյալ դեպքում շատ ավելի կարևոր է այն հարցը` արդյո՞ք այս երեք թեկնածուներն իրենք ունեն ներքին կամք, վճռականություն` համապատասխան հիմնավորումների, փաստարկների դեպքում հանելու իրենց թեկնածությունը՝ հօգուտ մյուսի, և նրա թիմում աշխատելու այնպես, ինչպես կաշխատեն սեփական թեկնածության հաղթանակի համար: Այս հարցերը նշված երեք թեկնածուները նախ պետք է քննարկեն իրենք իրենց մեջ` որպես անհատներ, իրենց կուսակցությունների ու սատարողների շրջանում` որպես քաղաքական թիմեր, ապա երեքը միասին` բանակցությունների, խորհրդակցությունների կամ մեկ այլ ձևաչափում: Ընդ որում, հենց Պետրոս Մակեյանն էլ կարող է դառնալ այս գործընթացի «մոդերատորը»:
Անկախ ամեն ինչից՝ կարելի է արձանագրել, որ Պետրոս Մակեյանի առաջարկությունն իրականություն դառնալու դեպքում լրջորեն կարող է մտահոգել իշխանություններին, քանի որ նշված երեք թեկնածուների, անգամ՝ միայն Բագրատյանի ու Րաֆֆիի` միասնաբար հանդես գալու դեպքում, հասարակությունը նրանցից մեկի մեջ կարող է իրական այլընտրանք տեսնել և քվեարկել նրա օգտին: Կամ, որ ավելի ճիշտ է` իշխանության դեմ:
Նախագահի վերը նշված թեկնածուները դեռևս պաշտոնապես չեն արձագանքել ԺՀԿ-ի կոչին: Իրավիճակի նրբությունն այն է սակայն, որ նրանք պետք է որոշում կայացնեն հնարավորինս արագ, քանի որ ընդամենը մեկ շաբաթից մեկնարկում է նախընտրական քարոզարշավը: Այս սցենարը կարող է գործել միայն միասնական քարոզչության դեպքում: Իսկ եթե Բագրատյանը, Հովհաննիսյանը կամ Հայրիկյանը հայտարարեն, որ նորմալ են վերաբերվում առաջարկին, սակայն նպատակահարմար է դրան անդրադառնալ քարոզչության մեկնարկից հետո, առավել ևս` երկրորդ փուլում: Երկրորդ փուլ ուղղակի չի լինելու, քանի որ իշխանությունը չի կարող իրեն նման բան թույլ տալ: Դա չափազանց վտանգավոր է: