
«Կասպերսկու լաբորատորիան» միջազգային լրտեսական ցանց է բացահայտել

Հակավիրուսային «Կասպերսկու լաբորատորիան» միջազգային լրտեսական ցանց է բացահայտել, որի պայմանական անվանումը «Red October» (Կարմիր հոկտեմբեր) է։ Ցանցը զբաղվում է կիբեռ-լրտեսությամբ։
«Red October»-ին վերաբերող հետազոտության առաջին մասը տեղադրվել է լաբորատորիայի կայքում հունվարի 14-ին։ Առաջիկայում կներկայացվի նաև երկրորդ մասը, որտեղ մանրամասն վերլուծություն է կատարված բոլոր հայտնի մոդուլների վերաբերյալ։
Փորձագետները պարզել են, որ վերջին 5 տարիների ընթացքում տարբեր երկրների հաքերները հարձակումներ են գործել դիվանագիտական, պետական կառույցների և գիտահետազոտական ինստիտուտների վրա։
Չարագործները, ըստ հետազոտության, իրականացրել են մի քանի տասնյակ հաջող հարձակումներ, վիրուսների օգնությամբ գողացել են մի քանի տեռաբայթ տեղեկատվություն և կարողացել են աննկատ մնալ զոհերի կողմից։
«Գողացված տեղեկատվությունը գերգաղտնի է և պարունակում է տարբեր աշխարհաքաղաքական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել պետական մակարդակով»- նշում են հետազոտության հեղինակները։