ՀՀԿ-ական պատգամավորը չի հասկանում թեկնածու ներդնելու իմաստը

«Բոյկոտելը քաղաքական  կատեգորիա է, բայց դրա համար պետք են նաև որոշակի չգրված  կանոններ: Բոյկոտելու  պարագայում պետք է հայտարարես բոյկոտելու մասին և փորձես չմասնակցել ընտրական պրոցեսներին: Մինչ օրս  որևէ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, ովքեր չեն  առաջադրվել կամ չեն մասնակցել, նման հայտարարություն չեն արել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Անդրադառնալով նախագահի առաջադրված թեկնածուների կողմից հնչեցրած կոչերին՝ բոյկոտել ընտրությունները, Հովհաննես Սահակյանը նշեց, որ դա ընդամենն իրենց վրա ուշադրություն սևեռելու և արհեստական  աժիոտաժ ստեղծելու միջոց էր:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղարի կարծիքով, ընտրագրավի շուրջ ստեղծված  աժիոտաժը ևս արհեստական էր: Նա նշեց, որ ընտրագրավը ընդունված պրակտիկա է Կենտրոնական Եվրոպայում և այն որևէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և օրենսդրությանը: Նրա կարծիքով, Հայաստանում մարդկանց ամբիցիաները չափազանց մեծ են, և ընտրագրավի մեխանիզմը թույլ է տալիս խուսափել արհեստական թեկնածուներից:

«Եթե մոտ 300 հոգի գրանցվի ընտրական այս գործընթացին մասնակցելու համար, քվեաթերթիկի մեջ մինչև գտնես քո ցանկացած թեկնաուծին,  դա լուրջ տեխնիկական խնդիր է: Առավել ևս, եթե օրենքով սահմանված կարգով, ապահովես վստահված անձանց սահմանված տեղերը, ես կարծում եմ, Մարզահամերգային համալիրի պես տեղ պետք կլիներ յուրաքանչյուր ընտրատեղամասի համար»,-նշեց բանախոսը:

Հ. Սահակյանը, թեև դեպք չի հիշում, որ համապետական ընտրությունների ժամանակ պարտվող թեկնածուն շնորհավորի հաղթողին, սակայն նրա կարծիքով, եթե նման բան տեղի ունենա,  նոր մշակույթ կներմուծի:

«Եթե մենք կարողանանք մեր մեջ ուժ գտնել և հաղթահարել այն բարդույթը, որը մշտապես ունենում են  պարտվող թեկնածուները, և եթե  նորմալ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում նաև շնորհավորեն հաղթող թեկնածուին, դա ևս մեկ քայլ կլինի ընտրական պրոցեսի, ընտրական մշակույթի մեջ»,-հայտարարեց Հովհաննես Սահակյանը:

Նրա համոզմամբ, վերջին խորհրդարանական ընտրությունները  մեկ այլ առաջ էին և  ևս մեկ քայլ էլ արվելու է այս նախագահական ընտրությունների ժամանակ:

Խոսելով թեկնածուների՝ իշխանությունների կողմից ներդրված լինելու մասին՝ Հովհաննես Սահակյանը նշեց, որ իշխանություններին դա պետք չէ:  «Առնվազն չեմ կարողանում պատկերացնել, թե ինչի համար պետք է ներդնենք: Օրինակ,  ում ենք ներդրել ՝ էպոսագետի՞ն, Հրանտ Բագրատյանի՞ն, Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, Պարույր Հայրիկյանի՞ն: Նմանատիպ խնդիր չկա: Ես կցանկանայի, որ գոնե այս ընտրություններին գնայինք հավատով: Այս ընտրությունները  լինելու են մեր հավատի, հույսի վերականգման ընտրությունները, և ընտրական պրոցեսները և հետընտրական պրոցեսները տանելու են դրան»,-հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս