Բաժիններ՝

Թուրքիան որոշել է հետաձգել ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնումը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան որոշել է հետաձգել ԱՄՆ-ից F-35 կործանիչների գնումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունում եղած աղբյուրը: F-35 կործանիչների գնման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը հետաձգվել է մինչև այս տարվա կեսեր:

Նախորդ տարեսկզբին Թուրքիայի կառավարությունը Պաշտպանական արդյունաբերության քարտուղարությանը թույլատրել էր գնել ամերիկյան F-35 առաջին երկու կործանիչները: Ընդհանուր առմամբ, Թուրքիան պլանավորել է գնել 116 այդօրինակ ինքնաթիռ: Այդ ինքնաթիռների գնումը քանիցս հետաձգվել է, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է Թուրքիային հանձնել տվյալ ինքնաթիռների ծրագրային ապահովման սկզբնական ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են այդ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման, ինչպես նաև դրանցում սեփական արտադրության սպառազինություն տեղակայելու համար:

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը շաղկապվում է սեփական ավիակիր ունենալու այդ երկրի պլանների հետ: Ավիակրի կառուցումը տևելու է 5 տարի, իսկ դրա փորձարկումները՝ 1-2 տարի, որից հետո այն կհամալրի Թուրքիայի ռազմածովային ուժերի շարքերը: Ավիակիրն ունենալու է 140 մետր երկարություն, իսկ քաշը կազմելու է 24,000 տոննա, նախագծի արժեքը գնահատվում է 2.7 միլիարդ լիրա (մոտ 1.5 միլիարդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս