Պուտինը Հայաստան կգա ընտրություններից հետո՞
2012 թ. նոյեմբերին` Հայաստան կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը Երևանում հայտարարեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն հավանականությամբ Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին:
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի աշխատանքային խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Ալեքսանդր Սկակովը 168.am-ի հետ զրույցում` խոսելով Պուտինի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին, ասաց, որ այդ այցը նախևառաջ կապված է Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների հետ:
«Կարծում եմ, հավանաբար այն կլինի նախագահական ընտրություններից հետո, այլ ոչ թե դրանից առաջ: Այն, որ վերջին տարիներին Հայասատանի և Ռուսաստանի հարաբերությունները որոշ լճացում են ապրել, դա այնքան էլ լավ չէ: Այսինքն, այնուամենայնիվ, պետք է զարգացնել հարաբերությունները, պետք է նոր թեմաներ գտնել այդ հարաբերություններում, նոր հարցեր բարձրացնել: Այժմ արդեն նոր հնարավորություններ են ի հայտ եկել` Վրաստանում իշխանության փոփոխությունից հետո, կարող ենք միասին աշխատել: Այնպես որ, բազմաթիվ հարցեր կան քննարկելու»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:
Վերջինս նշեց Թուրքիայի, Սիրիայի հարցերի մասին, որոնք կարող են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները:
«Սիրիայի իրավիճակը վերաբերվում է և´ Ռուսաստանին, և´ Հայաստանին: Սիրիայում կա մեծաքանակ հայություն, դուք դա ինձնից էլ լավ գիտեք: Սիրիայում կա ռուսական ռազմական բազա` Տարտուս քաղաքում, և Սիրիան Ռուսաստանի վաղեմի գործընկերն է համարվում, ուստի սիրիական հարցը չափազանց կարևոր է և´ Ռուսաստանի, և´ Հայաստանի համար: Կարծում եմ` եթե Ռուսաստանի և Հայաստանի նախագահները քննարկեն իրավիճակը Սիրիայում, դա շատ լավ կլինի»,- նշեց ռուս փորձագետը,-«Այնտեղ մենք ունենք ընդհանուր շահեր, որպեսզի Սիրիայում պահպանվի կայունությունը, չլինի արտաքին միջամտություն, և օրինակ Թուրքիան չներխուժի Սիրիա»:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է նա գնահատում իրավիճակը Սիրիայում և, ի վերջո, ինչո՞վ կավարտվի սիրիական հակամարտությունը:
Ի պատասխան Ալ. Սկակովն ասաց, որ, ցավոք սրտի, իրավիճակը Սիրիայում գնալով վատթարանում է և´ երկրում կայունության առումով, և´ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի համար: Ըստ փորձագետի` չարժե ո´չ հերոսացնել Ասադին, ո´չ էլ նրան համարել չարի մարմնավորում:
«Նա նորմալ նախագահ է Մերձավոր Արևելքի նորմալ երկրի համար և ոչնչով վատը չէ, քան շատ ուրիշներ այդ տարածաշրջանում: Այն, որ Ասադի ընդդիմադիրները հիմնականում ծայրահեղական իսլամիստներ և պարզապես մարդասպաններ են, դա նույնպես փաստ է, և նրանք շատ ավելի վատն են, քան Ասադը: Այնուամենայնիվ, այն, որ ամբողջ աշխարհը դուրս է եկել Ասադի դեմ, բերում է նրան, որ ընդդիմությունն ուժեղանում է, իսկ նա թուլանում է: Առայժմ իրավիճակը պարզ չէ »,- ասաց Ալ. Սկակովը:
Ռուսաստանի ակադեմիայի գիտաշխատողը նաև ավելացրեց, որ, իր կարծիքով, Ռուսաստանը Սիրիայում չի արել այն, ինչ պետք է աներ, այսինքն՝ պետք է օգներ Ասադին ռազմական ճանապարհով հակամարտության ամենասկզբում:
«Հիմա արդեն ուշ է: Եթե ամենասկզբում Ռուսաստանն առաջարկեր Ասադին ռուսական զորքերի մուտքը Սիրիա` ոչ թե այն շրջանները, որտեղ պատերազմ էր ընթանում իշխանության և նրա հակառակորդների զորքերի միջև, այլ այն շրջաները, որտեղ կայունություն կար, դա կլիներ երաշխիք, որպեսզի արտաքին ուժերը չմիջամտեն այդ հակամարտությանը կամ Թուրքիան չկարողանա հարված հասցնել Սիրիային: Բայց Ռուսաստանը դա չարեց, և, կարծում եմ, դա լուրջ սխալ էր Ռուսաստանի կողմից: Կարծում եմ` հիմա ավելի շատ հավանական է, որ Ասադը չի կարողանա պահպանել իր իշխանությունը: Իսկ ինչ կլինի նրա տապալումից հետո, բոլորովին այլ հարց է, բայց որ ոչ մի լավ բան չի սպասվում, դա ակնհայտ է»,- եզրափակեց Ալ.Սկակովը: