Թեկնածու Պավլիկ Սարգսյանի պահանջը հիմնավոր չէ
ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանի պահանջը հիմնավոր չէ,- համոզված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավաբանները, ովքեր գտնում են, որ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում:
Հունվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպանին էր դիմել ՀՀ նախագահի ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Պավլիկ Սարգսյանը՝ պահանջելով օգնել իրեն Ընտրական օրենսգրքով նախատեսված 8 մլն դրամ ընտրագրավի պահանջը հակասահմանադրական ճանաչելու գործում:
Քաղաքացու դիմումը անմիջապես ընդունվել է քննարկման, որի ուսումնասիրության արդյունքների մասին պաշտպանի գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն, ըստ որի ընտրագրավի պահանջի սահմանադրականությունը վիճարկելու որևէ հիմք գոյություն չունի։
«Օրենսդրությամբ հստակ նախատեսվում է ընտրվելու իրավունքի իրացման նախապայման՝ նախագահի թեկնածուների համար ընտրական գրավի ինստիտուտ, որը կազմում է նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկը: Ընտրագրավը ընդունված է բազմաթիվ ժամանակակից ժողովրդավարական հասարակություններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Կանադան և այլ երկրները։
Առհասարակ ընտրագրավը երաշխիք է, որ նախագահի թեկնածուն իրականում վայելում է հասարակության որոշ զանգվածի աջակցությունն ու վստահությունը: Ուստի այն չի կարող դիտարկվել որպես իրավունքի սահմանափակում և/կամ խախտում:
Պարզաբանման կարգով նշենք նաև, որ ՀՀ Օրենսդրությամբ հստակ սահմանված է, որ ընտրվելու իրավունքից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ, քանի որ նման անձինք հոգեկան խանգարման հետևանքով չեն կարող հասկանալ իրենց գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք։ Ընտրվել չեն կարող նաև ազատազրկման դատապարտված անձինք, քանի որ հանցագործություն կատարած անձը, որի նկատմամբ կիրառվել է ազատազրկում, ինքնաբերաբար զրկվում է այդ իրավունքից։ Նախագահի թեկնածուն չի կարող լինել 35 տարին չլրացած անձ, քանի որ պետք է ունենա որոշակի փորձ, ինչպես նաև վերջին տասը տարում մշտապես պետք է բնակվի Հայաստանում, որպեսզի քաջատեղյակ լինի հայ քաղաքացու առօրյա հոգսերին և խնդիրներին»,- նշված է պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։