Էդվարդ Նալբանդյան. դիվանագետ և ազատամարտիկ
Վերջերս հայկական մամուլում քննարկվում է այն հարցը, որ Էդվարդ Նալբանդյանի` ՀՀ արտգործնախարար նշանակելուց հետո, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը թափուր է մնացել: Շատերն այս պնդումը համարում են անտեղյակության արդյունք, մյուսները՝ զավեշտ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ֆրանսիայում դեսպան ունի` ի դեմս Վիգեն Չիթեչյանի: Բայց արդյո՞ք ամեն ինչ այդքան միանշանակ է: Պաշտոնապես, այո, Չիթեչյանը Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է: Բայց եթե հարցին մոտենանք ոչ ֆորմալ իմաստով, ապա կպարզվի, որ Վիգեն Չիթեչյանը ոչ թե Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն է, այլ ընդամենը՝ դեսպանի տեղապահ:
ԱԳՆ-ի 168.am-ի աղբյուրը տեղեկացնում է, որ երբ 2008թ. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար, նա փակել է դեսպանատան` իր աշխատասենյակի դուռը, բանալին դրել գրպանը և վերադարձել Հայաստան: Վիգեն Չիթեչյանը` դեսպան նշանակվելուց հետո փորձել է զբաղեցնել դեսպանի աշխատասենյակը, բայց ապարդյուն. նրա վերադասը համառորեն հրաժարվել է հանձնել աշխատասենյակը, պատճառաբանելով, թե այնտեղ անձնական իրեր ունի, և աշխատասենյակը կազատի, երբ այդ իրերը տեղափոխի այնտեղից: Նախարար նշանակվելուց հետո Նալբանդյանը բազում անգամներ է եղել Ֆրանսիայում, բայց այդպես էլ հարկ չի համարել տեղափոխել իր իրերը և ազատել աշխատասենյակը:
Ո՞ւմ կարող է նման դեպքերում բողոքել դեսպանը. միայն վերադասին, բայց, երբ ապօրինության հեղինակը հենց վերադասն է, մնում է լռել և համակերպվել: Դեսպան Վիգեն Չիթեչյանը հենց այդպես էլ վարվել է. համակերպվել է, և իր համար նոր աշխատասենյակ կահավորել:
Ի՞նչը կարող է լինել նման վարքագծի պատճառը: Հնարավոր է, որ Էդվարդ Նալբանդյանը շատ զբաղված է պետական ամենատարբեր գործերով (հիշեցնենք, որ անցյալ տարի Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հերթական խոշոր հաջողությունը գրանցեց, Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Բութանի հետ, միակ երկիրը, որի հետ Ռուսաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ) և իսկապես հինգ տարվա ընթացքում մի քանի ժամ ազատ ժամանակ չի գտել իր աշխատասենյակն ազատելու համար: Հնարավոր է նաև, որ Նալբանդյանը համարում է, թե նախարարի պաշտոնը հավերժ չէ, և մի օր ինքը հրաժեշտ է տալու այդ պաշտոնին ու այդ դեպքում պետք է նշանակվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան, և իմաստ չունի մի քանի տարվա համար աշխատասենյակ ազատել և նորից կահավորել:
Բայց այդ դեպքում էլ պետք է զգույշ լինել, որ Նալբանդյանը ԱԳ նախարարի աշխատասենյակի, կամ ընդհանրապես ամբողջ ԱԳՆ շենքի դռան բանալիները չդնի գրպանը և հեռանա Հայաստանից. այդ դեպքում ստիպված կլինեն ոչ միայն ԱԳ նախարարի նոր աշխատասենյակ, այլ նաև նախարարության նոր շենք կառուցել:
Ի վերջո, հնարավոր է նաև, որ Էդվարդ Նալբանդյանը համարում է` եթե դու մի տարածք վերցրել ես`քեզանով ես արել, դա ազատելը`հանձնելը, կարող է պարտվողական քաղաքականության դրսևորում համարվել, և մտադիր է գոնե ստատուս-քվոն պահել: Այս դեպքում պետք է համարել, որ Էդվարդ Նալբանդյանը ոչ միայն հմուտ դիվանագետ է, այլ նաև անձնվեր ազատամարտիկ: