«Մեր ազգը Քարե հյուր շատ է սիրում, մանավանդ` օլիգարխների տեսքով…»
Հարցազրույց Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանի հետ
– Ինչո՞վ առանձնացավ 2012 թվականը Ձեր կյանքում՝ որպես դերասան, որպես արձակագիր, կառանձնացնե՞ք 3 կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2012-ին:
– Անցնող տարին ինձ համար, զարմանալիորեն, երկատվածության տարի էր, հատկանիշ, որը ստույգ կերպով է ընդգծում այսօրվա իմ ժամանակի ընկալումն ու բնավորությունը: Ես ինձ գրող, առավել ևս` դերասան չեմ համարում և մշտապես ճիգ եմ թափում, որ խուսափեմ իմ իսկ արձանը կանգնեցնելու գայթակղիչ «առաջարկներից»: Փաստորեն, իմ ժամանակի մեծ մասը հաճախ մսխվում է ներսիս երկու մարդու կռիվների և վեճերի վրա: Բարեբախտաբար, երբեմն հաջողվում է գրեթե աշխարհահռչակ դառնալու հույսն ու մումիայական գնահատականի մետաստազը ոչնչացնել ու լինել պարզապես մարդ` առանց Պետրարկայի գլխից թռած ու համառորեն դեպի քեզ թռչող դափնեպսակի ու՝ «աման, դուք այնքան տաղանդավոր, շնորհքով, հանճարեղ, դարի վեպեր գրած, դարից թռած ու այլ մոլորակում հայտնված գերգրող եք, եկեք, շոշափենք ու ուրիշ բաներ անենք քեզ» արտահայտությունների: Իսկ եթե ավելի լուրջ, ապա` երեք տարի տևած սառույցը /իմ մտերիմները /ոչ արյունակիցներիս/ հաճախ ինձ մութ ու անելանելի լաբիրինթոսներում խճճում ու մենակ են թողնում/ կոտրվեց ու բախտի աստղը մի թևով նաև իմ քաչալին դիպավ: Էս տարի շատ գործ եմ արել, բայց աղմկահարույցները թողնելով` նշեմ միայն մեկը. ավարտեցի «Մաշկացավ» վեպս: Չէ, դարակազմության մասին խոսք լինել չի կարող, ուղղակի, շուրջ երեք տարի ձգված անկումային շրջանն ավարտվեց, ու վեպի բառերի գիշատիչ ատամները ներսիցս դուրս եկան:
– Դուք նաև բավական ակտիվ հասարակական գործունեություն եք ծավալում, այդ բնագավառում ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն անցնող տարում:
– Ակտիվ եմ հիմնականում իմ ստեղծագործություններում: Հա, ի դեպ, «հաճույքի» հոմանիշն ինձանում հենց ստեղծագործական ակտիվությունն է: Եվ քանի որ ես առավելապես վավերաԳրող եմ, իմ ստեղծագործություններում մշտապես դոմինանտ է հատկապես Երևանի թեման: Բայց, որպես քիչ թե շատ և, մանավանդ, մորմոքող երևակայություն ունեցող մարդ, հաճախ իրականությունն ընկալում եմ իմ գույների ու մտքերի ծվենների մեջ: Եվ քանի որ Երևանը մշտապես իմ վավերագրության տարածքն է, ասեմ, որ մեր քաղաքում ապրելն ունի մի հատկություն. այստեղ վտանգավոր-հետաքրքիր է:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013 թվականից:
– Երազանքներ ու հույսեր, բարեբախտաբար, չունեմ, ուր մնաց՝ ակնկալիքներ ունենամ, դա է, թերևս, պատճառը, որ անուղղելի լավատես եմ…
– Դուք այն բացառիկ դերասաններից եք, ով չի նկարահանվում սերիալներում, որոշակի ընդդիմադիր կեցվածք ունեք, բայց միևնույն ժամանակ՝ վատ չեք վաստակում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:
– Փառք Աստծո, բացառիկ չեմ, հայկական փառահեղ սերիալների մասին շատ եմ խոսել, ուստի չեմ ուզում կրկնվել: Մանավանդ՝ այդ հատկանիշը ևս մեր հովոյա-խչոյական սերիալներում շռնդալից հաղթանակներ տարած Արվեստագետների (վայ «արվեստագետ» բառից Սովետը էլի հոգեդարձ եղավ) մենաշնորհն է: Իրականում ես իրավունք չունեմ որևէ մեկին հորդորելու, որ սերիալում չնկարվի կամ չնկարի: Ուղղակի, որպես սերիալներում նկարվելու պատճառով մտերիմներին «կորցրած» մի աննշան գրող՝ ասեմ. հայկական սերիալն ի վիճակի է հարվածելով փշրել՝ ոչ միայն դերասանի, այլև` մարդու ողնաշարը… Ընդդիմադիր… Չեմ ժխտում… Մի սարսափելի բան ասեմ. գիրք կարդացող ցանկացած մարդ մեր երկրում ընդդիմադիր է… Վաստակում եմ… Էդ բառը հայերենի բառարաններում դեռ կա՞… Հա, երևի օտար լեզուներից թարգմանությունների համար է մնացել…
– Շուտով լույս է տեսնելու Ձեր վեպը: Կպատմե՞ք` ինչպե՞ս առաջացավ այն գրելու գաղափարը, ի՞նչ զարգացումներ ունեցավ, ի՞նչ փոփոխությունների ենթարկվեց այն գրելու ընթացքում, և ո՞րն է նրանում Ձեր ասելիքը:
– Պատմեմ, որ չկարդա՞ք:
– Գրողը կարո՞ղ է Հայաստանում ապրել միայն ստեղծագործելով:
– Ստեղծագործելով էլ ապրում եմ… Մի քիչ ծիծաղեցի, բայց… Չգիտեմ, իմ կյանքը երևի այնպես է դասավորվել, որ շնչում եմ մի թոքով` ստեղծագործությամբ… Մյուս թոքս` անձնական կյանքը, դեռ վիրտուալ աշխարհում է: Հետաքրքիր է, չէ՞, վիրտուալ տարածքում տեսնել ինչ-որ մեկի թևածող կամ լողացող թոքը… Բայց ասեմ, որ մի թոքով ապրելով, նաև սիգարետի հանդեպ գրեթե ամուսնական կապ ունենալով, դեռ չեմ խեղդվում:
– Իսկ դերասա՞նը:
– Դերասանն ավելի է հակված խեղդվելուն… Քանի որ… Գիտեք, մի առիթով գրել եմ, որ ինձ համար ամենաիդեալական արվեստն օպերային երգեցողությունն է: Ի՞նչ առումով իդեալական. միանգամից երևում է արվեստագետի կենդանությունը: Ձայն ունեցավ` կերգի, չունեցավ` չի երգի: Դերասանը կարող է խաղալ այնքան, որքան նրա ֆիզիկական վիճակը թույլ է տալիս: Ի՞նչ անենք, որ, հնարավոր է, որ նա վաղուց սպառվել է կամ երկու-երեք դար առաջ հարգի «թատրոնում» է ծառայում: Բայց հին թատրոնը և դերասանի այդ սպառված տեսակն էլ՝ ինչ-որ առումով հետաքրքիր է: Քայլող դամբարանի նման բան է… Մանավանդ մեր ազգը Քարե հյուր շատ է սիրում, մանավանդ` օլիգարխների տեսքով…
– Ո՞րն է Ձեր ամենահաջողված դերը:
– Դերեր շատ չեմ սիրում: Մի քանի օր առաջ իջա կուլիսներ` դերասաններից մեկին մի բան ասելու: Ներկայացումն արդեն սկսվել էր: Դերասանը բեմիրը, տվյալ դեպքում` հայելին, ձեռքին՝ մուտքի էր պատրաստվում: Զարմանալի բան է «բեմիր» կոչվածը, որը ներկայացման տարածքի մեջ բավականին մեծ դեր է խաղում, իսկ ներկայացման հանվելուց հետո` հաճախ դառնում է անօգուտ, տարածք զբաղեցնող մի բան: Ինչևէ: Դերասանին ասացի՝ ինչ որ պետք է ասեի, ու մնացի կուլիսում: Անցավ մի որոշ բեմական ժամանակ, ու նրա մուտքը մոտեցավ: Ռեպլիկը հնչեց, դերասանը բեմ մտավ… Հրաշք կամ հրաշքի զգացողություն… Իմ ամենահաջողված դերը Մուտքի սպասելն է…
– Որքանո՞վ է թատերական կարիերան օգնում Ձեր գրականությանը, և հակառակը` գրողին ավելի հե՞շտ է բեմում:
– Ես կարիերա չունեմ… Իսկ թատրոնն ինձ օգնում է գրել այնքան, որքան Երևանը…
– Ի՞նչ եք կարծում՝ վերջին տասնամյակում Հայաստանում գրականությո՞ւնն է ավելի շատ զարգացել, թե՞ թատրոնը:
– Իմ ներսում` գրականությունը: Հայաստանում` հոգևոր վթարը:
– Դուք որտե՞ղ եք ավելի լավ զգում. բեմո՞ւմ, թե՞ գրելիս:
– Բեմում`մտքիս մեջ գրելիս, գրելիս`թատրոնի մասին մտածելիս: Երևանում` հազար տեսակի պոստմոդեռնիստական աղերսներով աբսուրդ ֆարսեր տեսնելիս: Մեր քաղաքը հենց հետաքրքիր է անհամատեղելիության համատեղմամբ:
– Ի՞նչ կմաղթեք հայ դերասանին ու գրողին այս տարի:
– Ապագա տարի… մեր ազգը Քարե հյուր շատ է սիրում, մանավանդ` օլիգարխների տեսքով…