Անջելիկա Ալֆյորովա-Հարությունյանը երազում է Սևանա լճի ափին տուն կառուցել (լուսանկարներ, տեսանյութ)

Անջելիկա Ալֆյորովա-Հարությունյան: Ռուսաստանաբնակ, հայկական արմատներով երգչուհի, ում ջազային կատարումները ցնցում են ռուսական էստրադան: Երգչուհու հայրն ազգությամբ հայ է, մայրը՝  ռուս: Ծնվել և ապրել է Սարատովում:  Ուսումը շարունակելու նպատակով  տեղափոխվել է Մոսկվա, որտեղ  և մշտական բնակություն է հաստատել: Երգչուհին նաև զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով:

Գեղեցիկ, տաղանդավոր, նպատակասլաց երգչուհին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ հայերեն լեզվով գիտի միայն «բարև» բառը: Հենց դրանով էլ սահմանափակվում էին իր՝ հայոց լեզվի մասին ունեցած գիտելիքները, սակայն հպարտ ու ուրախ է, որ հայ է, ու հնարավոր է, որ մի օր կարողանա լիովին տիրապետել նաև  հայերենին:

Անջելիկայի երաժշտական կրթությամբ  զբաղվել են իր տատիկներն ու մայրը: Հետաքրքիր մի պատմություն է կապված երգչուհու՝ երաժշտական ուղղության ընտրության հետ: «Այո, կա իրական պատմություն: Ես դեռ դպրոց չէի գնում, 6 տարեկան էի: Բավական երկար չէի կարողանում քնել: Այն ժամանակ տատիկս բերեց  մի քանի ձայնասկավառակ ու առաջարկեց ընտրել դրանցից մեկը: Ինձ թվում է, որ ես այդ ժամանակ անգամ չկարդացի, թե ինչ էր գրված այդ ձայնասկավառակների վրա, բայց հստակ զգացի, որ ինձ շատ դուր եկավ մի կին: Ես վերցրեցի նրա նկարով ձայնասկավառակը: Ինձ համար դժվար է բացատրել, թե ի՞նչ եմ զգում, երբ խոսում եմ ջազի մասին: Դա այն է, ինչ ես զգում եմ, ինչով ես ապրում եմ: Ջազն իմ կյանքի անքակտելի մասն է»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Անջելիկան:  168.am-ի զրուցակիցն է Անջելիկա Ալֆյորովա-Հարությունյանը:

Ձեր հայրը հայ է, կարծում եմ՝ շատ բան գիտեք  Հայաստանի մասին: Երբևէ Հայաստանում  եղե՞լ եք:

Այո, հայրս հայ է՝ Ալբերտ Հարությունյան: Նա ծնվել է 1942 թ.՝ Ստեփանավանում: Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան՝ ուսումը շարունակելու, որտեղ և հանդիպել է իր ապագա կնոջը՝ մայրիկիս՝ Լարիսա Ալֆյորովային: Նրանք ամուսնացել են և որոշել ապրել Սարատովում: Մեր ընտանիքն ապրել է երկու երկրներում: Ես երկու ավագ եղբայր ունեմ՝ Անդրանիկն ու Աշոտը: Մենք հաճախ էինք գալիս Հայաստան՝ բարեկամներին այցելության: Հայաստանում են ապրում իմ հորաքույրն ու հորեղբայրը, զարմիկս: Մենք շատ հաճախ ենք շփվում: Վերջին անգամ 2012-ին եմ եղել Հայաստանում: Մասնակցում էի Երևանում և Սևանում կայանալիք համերգային ծրագրին: Ճիշտն ասած՝ Հայաստանի մասին ինձ շատ է պատմել մայրս: Նա շատ է սիրում հայկական ընտանեկան ավանդույթներն ու հայկական խոհանոցը:

– Կպատմե՞ք  Ձեր ընտանիքի մասին:

Իմ ամուսինը՝ Եվգենի Դալսկին, նվագում է  «A’STUDIO» խմբում (հարվածային գործիքներ): Մենք աղջիկ ունենք: Նա երեք տարեկան է: Սիրում ենք ընտանիքով ժամանակ անցկացնել:

Կա՞ մի երազանք կամ ցանկություն, որ դեռ չեք իրականացրել:

Ուզում եմ Սևանա լճի ափին տուն կառուցել, հասցնել «Jazz Parking»-ը միջազգային մակարդակի: 4 տարվա ընթացքում ծրագիրն արդեն հասցրել է սահմանել նոր չափանիշ բոլորի համար, այն է՝ միշտ կենդանի կատարում, իմպրովիզացիա, և ջազի ու արդի երաժշտության բոլոր ստանդարտներին, ավանդույթներին համապատասխան արտակարգ կատարում: Ես ուրախ եմ, որ  «Jazz Parking»-ի 8 անդամներ հայտնվեցին  «Голос» միջազգային նախագծում: Ես ուզում եմ ապել և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում: Ուզում եմ զարգացնել իմ  «Jazz Parking»-ը:

Ի՞նչ կմաղթեք Ձեր այս փոքրիկ հարցազրույցի ընթերցողներին:

Կասեմ, որ երբեք չլքեն իրենց երկիրը: Դա ձեր պատմությունն է, ձեր սրտերը և ձեր ձայնը:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս