2013 թվականի ռիսկը. արդյոք Թուրքիան կմնա՞ կանգուն

Iarex.ru կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «2013 թվական. արդյոք Թուրքիան կմնա՞ կանգուն» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ամփոփելով 2012 թվականին արտաքին քաղաքականության արդյունքները, ընդգծեց, որ Թուրքիան սրընթաց առաջ է ընթանում պատմության մեջ և պատրաստ է գնալ ռիսկի. «Քաղաքականությունը ճիշտ ժամանակին ճիշտ ռիսկի դիմելու արվեստ է: Չի կարելի փախչել պատմությունից, պետք է առաջ շարժվել նրան զուգընթաց և գերազանցել նրան»:

(Դավութօղլուն նաև հայտաարել էր, թե Թուրքիան «Արաբական գարնան» ժամանակ ռիսկի դիմեց և քաղաքական ճիշտ ժամանակին ճիշտ ռիսկի դիմեց, իսկ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ամենառիսկային քայլը հանդիսացավ այն, որ Թուրքիան Մուբարաքին ասաց՝ «Հեռացի՛ր» – 168.am):

Վերջին տարիներին իսկապես զգացվել է Թուրքիայի աշխարհաքաղաքականության էական վերափոխում, որը երկրի ղեկավարությանը մղում է սեփական արտաքին քաղաքականության առաջնահերթությունները լրջորեն վերլուծության ենթարկելուն: Դրա համար էլ Դավութօղլուի հնչեցրած «ճիշտ ռիսկեր» և «ճշգրիտ ժամանակ» թեզիսները կարիք ունեն որոշակի վերծանման:

Կարդացեք նաև

Սկսենք «ճշգրիտ ժամկետից»: Թուրքիայի աշխարհաքաղաքականության գլխավոր խնդիրը ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում հայտնված աշխարհաքաղաքական առավելությունների օգտագործումն է: Հետխորհրդային տիրույթի վերաինտեգրումը թյուրքական ինտեգրման գլոբալ հիմքերի ստեղծման միջոցով թուրքական ազդեցության ամրապնդման համար տեսականորեն ստեղծում էր իրական նախադրյալներ այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են  Հարավային Կովկասը, Միջին Ասիան:

Սակայն նրանք թուրքերին չդիմավորեցին որպես «ազատարարների» և սկսեցին պրագմատիկ դիրքորոշում որդեգրել Թուրքիայի նկատմամբ: Արևելագետ Բուլատ Յագուդինը կարծում է, որ հետխորհրդային թյուրքական երկրների համար Թուրքիային չբավականացրեց ոչ միայն քաղաքական, այլև` տնտեսական «քարշիչ ուժի» դերը»: Թուրքիան հետխորհրդային տիրույթում չկայացավ որպես քաղաքական հզոր խաղացող: Դրա համար էլ «թյուրքական միասնության» գաղափարը ճգնաժամ է ապրում:

Ավելին, «խորքային ռազմավարության» քաղաքականությունն արդեն իսկ վտանգ է ներկայացնում օրինակ Ադրբեջանի պետականության պահպանմանը: Բանն այն է, որ Անկարան փորձում է օգտվել ևս մեկ հնարավորությունից` վերածվելու համար տարածաշրջանային պետության: Խոսքը դեռ միջազգային մեկուսացման մեջ գտնվող իսլամական այնպիսի «բևեռի» մասին է, ինչպիսին որ Թեհրանն է: Իրանական բարձրավանդակում, ուր ստեղծվել է համաշխարհային պատմության ընթացքում առաջին կայսրությունը, որոշակի պայմանների դեպքում կարող է վերակենդանացվել կայսերական գաղափարը:

Թուրքիան ուղղակիորեն ներգրավված է սիրիական ճգնաժամում և արդեն իսկ դրա հետ բախվել է սիրիական հենակետում: Վաղը նույն բանը կարող է տեղի ունենալ Ադրբեջանում, քանի որ Իրանն առաջին իսկ հնարավորության դեպքում ձգտելու է Թուրքիան հետ մղել կասպյան էներգակիրներից: Թուրքիան մտադիր է դառնալ արաբական երկրների «ակումբի» լիարժեք անդամ: Մինչև 2010 թվականի կեսերը նախաձեռնվեց Թուրքիայի ու արաբական երկրների միջև ազատ առևտրի գոտու ստեղծում:

Թուրքիան հաճախ «անհամերաշխ» քաղաքականություն է վարում մուսուլմանական երկրների նկատմամբ, ինչն արտացոլվել է նրա իմիջի վրա, խոչընդոտ է հանդիսացել նորմալ համագործակցության համար, մասնավորապես արաբական երկրների հետ: Այժմ նրանք ինքներն ինքնուրույն երկխոսություն ծավալեցին Արևմուտքի հետ և հատուկ չեն զգում Թուրքիայի միջնորդական ծառայությունների կարիքը:

Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցած բուռն զարգացումները` «Արաբական գարունը», Անկարայի դիվանագիտությունը թեքեցին գրեթե 180 աստիճանով:  Հույսը դնելով իր արևմտյան գործընկերների աջակցության վրա` Թուրքիան համարձակորեն նետվեց իրադարձությունների ջրապտույտի մեջ, որը նրան դուրս բերեց վտանգավոր գոտի: Հենց այդ ժամանակ բազմաթիվ թուրք քաղաքական գործիչներ սկսեցին խոսել «ազգային ռիսկերի» գործոնի մասին:

Թուրք սյունակագիր Իհսան Դաղըն «Զաման» թերթում գրեց, որ ակնհայտ դարձավ ոչ միայն երկրի արտաքին քաղաքական ձգտումների և նրա իրական հնարավորությունների միջև տարբերությունը, այլև դրսևորվեցին 20-րդ դարի սկզբի արտաքին քաղաքականության նման արմատականության տարրեր, ինչը քանիցս երկրին հանգեցրեց պատերազմների ու տառապանքների. «Թուրքերին սովորեցնում են իրենց երկիրը տեսնել որպես Օսմանյան կայսրության ժառանգորդ:

Թուրքիայի առաջնորդական հավակնությունների աճը ոչ միայն չի մեծացնում նրա ազդեցությունը միջազգային հարաբերություններում, այլև ընդհակառակը` մեծացնում է ռիսկերը, հատկապես այն իրավիճակում, երբ «անկայունության աղեղը» Լիբանանից, Պաղեստինից ձգվում է մինչև Սիրիա, Իրաք, Պարսից ծոց, Իրան` ընդհուպ մինչև Աֆղանստանի, Պակիստանի և անգամ Տիբեթի սահման:

Իհարկե, ասում են, որ նա, ով ռիսկի չի դիմում, նա չի խմում շամպայն: Հանուն օբյեկտիվության` պետք է ընդգծել, որ Անկարան ժամանակին որսացել է ինչպես աշխարհում, այնպես էլ Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռության փոփոխման գործընթացը: Նա որոշել է օգտվել իրավիճակից` իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերն ամրապնդելու համար»:

Ընդ որում, նա ռազմավարական ճիշտ ընտրություն է կատարել, երբ հրաժարվել է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները «երկրորդ էշելոն» դասելու գայթակղությունից, տարածաշրջանում իր դիմակայությունը չի հասցրել մինչև զինված հակամարտություն, շարունակել «խաղը» ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ:

Սակայն Թուրքիան մի շարք պատճառներով դեռ ինքը չի դարձել կայուն և տարածաշրջանի գլխավոր կայունացնող ուժը: Ահա թե ինչու է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը կարծում, թե 2013 թվականը երկրի համար լինելու է շատ կարևոր և ճգնաժամային»:

Տեսանյութեր

Լրահոս