«Նոր տարում նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին». 168.am-ի բացառիկ հարցազրույցը Անժելա Սարգսյանի հետ (լուսանկարներ)
– Որտե՞ղ եք նշելու Ամանորը:
– Տանը՝ նեղ ընտանեկան շրջապատում, ինձ համար ամենահարազատ մարդկանց հետ:
– Ի՞նչ տվեց 2012 թվականը, ո՞րն էր այս տարվա ամենանշանակալի իրադարձությունը, ի՞նչ տվեց այն Ձեր դերասանական կարիերայում:
– Բեղուն աշխատանքային տարի էր… Եղան նաև հյուրախաղեր: Իսկ ամենագլխավոր իրադարձությունը ձագուկիս դպրոց գնալն էր: Իհարկե, միայն դպրոցով չենք բավարարվել, նաև` պար, կիթառ և դաշնամուր:
– Որքան գիտենք` թատրոնում Ձեր դերերն ավելացել են, իսկ կինոյում այլևս չեք նկարահանվում, ինչո՞ւ:
– Այո, թատրոնը, իմ կարծիքով, ավելի մոտ է արվեստին… Բացի այդ, զբաղվածությունս բավականին շատ էր այս տարի, կարևորել եմ կարևորը…
-Ո՞րն է Ձեր երազած դերը:
– Յուրաքանչյուր դեր, որտեղ դերասանը աշխատելու տեղ ունի, կարելի է ասել` ցանկալի է: Իսկ ինձ համար գայթակղիչ են լուրջ հոգեբանական վերլուծություն պահանջող դերերը:
-Կա՞ որևէ դեր, որը Ձեզ համար անընդունելի է:
– Այո, անբարոյական մարդու… ամեն սրբությունից զուրկ մարդու կերպարը:
– Ձեր խաղացած դերերում փորձում եք մարմնավորել հայ կնոջ կերպարը, թե՞, այնուամենայնիվ, արվեստը ազգություն չի ճանաչում:
– Կան դերեր, որոնցում մեծ հպարտությամբ մարմնավորել եմ հայ կնոջ կերպարը, սակայն, եթե ավելի գլոբալ նայենք` մարդը նույնն է ամենուր…
– Ճանաչվածությունը Ձեզ համար բե՞ռ է թե՞… Այն Ձեզ օգնո՞ւմ է թե՞ խանգարում:
– Միշտ հաճելի է իմանալ, որ սիրված ես ժողովրդի կողմից: Ես փոխադարձ սիրով եմ լցված մարդկանց նկատմաբ և չեմ հասկանում, թե ինչպես կարող է ճանաչվածությունը խանգարել:
– Ի՞նչ է ազատությունը Ձեզ համար:
– Ազատությունը դա ոճ է, ջազ, մտածելակերպ… թռչունի պես սավառնել…
– Ինչպե՞ս եք վերաբերում քաղաքացիական հասարակությանը, ովքեր պայքարում են հիմնարար ազատությունների համար:
– Ես դերասանուհի եմ և ասում եմ, որ իմ գործը վատ չեմ կատարում: Քաղաքականությունը թող մնա քաղաքական գործիչներին…
– Ո՞րն է հայ մարդու հերոսի և հակահերոսի կերպարը:
– Իմ հերոսի կերպարը հորեղբայրս է` Քաջիկ Սարգսյանը (ով զոհվել է Լաչինի ազատագրման ժամանակ` 1992թ.), Մոնթե Մելքոնյանն է… Հակահերոսներին աշխատում եմ չհիշել: Չեմ համարում, որ նրանք արժանի են պատմության հիշողությանը:
– Պատրաստվո՞ւմ եք կրկին ամուսնանալ:
– Կյանքը ցույց կտա: Այսօր իմ առօրյան, ապրելակերպը և ամբողջ կյանքը լցնում է իմ դուստրը՝ ամենաթանկ ու ամենասուրբ մարդն իմ կյանքում: Իսկ թե ապագայում ի՞նչ կլինի՝ կյանքը ցույց կտա:
– Ձեր աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ: Դուք կօգնե՞ք նրան, թե՞…
– Սա նույնպես ժամանակի խնդիր է: Կարծում եմ, որ նրա նախասիրությունները բազում անգամներ դեռ կփոխվեն, սակայն եթե… ապա, իհարկե, կօգնեմ:
– Դերասանի կյանքում ընտանիքը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է:
– Ընտանիքը ամենակարևոր և սուրբ բանն է մարդու կյանքում, որի կոնտեքստում էլ կատարվում է աշխարհի ամենամեծ հրաշքը՝ երեխայի ծնունդը: Կարծում եմ, որ ընտանիքը ոչ մի դեպքում խանգարող չի կարող լինել, ուղղակի այդ ընտանքը պետք է ի սկզբանե կառուցված լինի լուրջ արժեքների վրա…
– Ո՞րն է տղամարդու Ձեր իդեալը:
– Սենեկայի, Էպիկուրի, Կանտի, Քամյուի փիլիսոփայության հիմքում դրված, բարձր բարոյականությամբ օժտված, մարդու կերպարը…
– Առաջիկայում նախագահական ընտրություններ են: Հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:
– Ոչ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի…
– Վերջին շրջանում շատ է խոսվում քաղաքականության և բարոյականության միջև կապի մասին: Որքանո՞վ է բարոյական քաղաքականությունը Հայաստանում:
– Չեմ կարծում, որ իմ համեստ անձը պիտի դատի նման բարձր արժեքների մասին:
– Երբևէ մտածե՞լ եք արտերկրում ապրելու և աշխատելու մասին: Եթե այո, ապա որտե՞ղ:
– Երևի թե իր կյանքում ամեն ոք է մտածել դրա մասին, այստեղ կարևոր է հոգևոր կապը հայրենիքի հետ: Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, իմ թատրոնը…
– 2013 թվականին ի՞նչ անակնկալներ ունեք հանդիսատեսի համար:
– Նոր տարում նոր եռանդով ու նոր իմիջով եմ ներկայանալու հանդիսատեսին… մնացածը կուզեի,
որ գաղտնիք մնար, որպեսզի ավելի հետաքրքիր լիներ…