«Չեմ կարող ասել, թե սա ինչ-որ մեկի վերջն է կամ սկիզբը». Երվանդ Բոզոյան
Հարցազրույց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ
– Ըստ Ձեզ, որո՞նք էին 2012թ. քաղաքական տարվա կարևորագույն իրադարձությունները:
– Անցնող տարում մի քանի կարևոր իրադարձություններ կային: Քաղաքական իմաստով՝ դրանք առաջին հերթին խորհրդարանական ընտրություններն էին: Ես կարծում եմ, որ այդ խորհրդարանական ընտրությունները որոշակի մի փուլ էր, որը պետք է մտահոգիչ լինի մեզ համար: Ի վերջո, առաջին անգամ էր, որ ընտրություններն արտաքուստ անցան առանց խախտումների, սակայն, ըստ էության, իշխող ուժը ստացավ անտրամաբանական բարձր ցուցանիշ, այն էլ այսպիսի անմխիթար սոցիալ-տնտեսական պայմաններում:
Դա վկայում էր մի քանի գործոնի մասին: Նախ դա նշանակում է, որ իշխանությունները լրջորեն կատարելագործել էին ընտրության տեխնոլոգիաները, որոնք վերջին 20-22 տարիների ընթացքում կային: Քաղաքական ուժերը, կարծում եմ, մինրչև վերջ չգիտակցեցին այդ խնդիրը: Երկրորդը կայանում է նրանում, որ անցնող քաղաքական տարում ընդդիմությունը կարող էր իսկապես կոնսոլիդացված դաշտ ձևավորել, սակայն չհաջողվեց: Կարծում եմ, որ սրանք երկու կարևորագույն իրադարձություններն էին:
Կարելի է ասել, որ անցնող տարում քաղաքական դաշտը չձևավորվելով, չձևավորելով այլընտրանք իշխանությանը, հող նախապատրաստեց, որ 2013 թվականը դառնա միահեծան իշխանության տարի: Ըստ էության, 2013 թվականը լինելու է մի տարի, որտեղ իշխանությունը որևէ լուրջ այլընտրանք չի ունենալու և դոմինանտային դեր է կատարելու երկրի հասարակական-քաղաքական կյանքում:
– ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի «հրաժարականն» ի՞նչ հետք թողեց քաղաքական կյանքում:
– Երեքով չկարողանալով ձևավորել միասնական ընդդիմադիր ուժը` հրաժարվեցին ընտրություններին մասնակցել առանձին-առանձին` մտածելով, որ որևէ լուրջ հաջողության չեն կարող հասնել: Ի վերջո, սա ծանրակշիռ ձախողում էր քաղաքական դաշտում, և այդ ձախողումն իր հետևանքները կունենան երկրի համար:
– Իսկ դավերոհիշյալ քաղաքական ուժերի վարկանիշի վրա ինչպե՞ս կազդի:
– Ես կարծում եմ, որ վարկանիշային կորուստներ ունեն երեքն էլ` և’ ՀՅԴ-ն, և’ ԲՀԿ-ն, և’ ՀԱԿ-ը: Բայց չեմ կարող ասել, թե սա ինչ-որ մեկի վերջն է կամ սկիզբը, որովհետև վերջը կարող է գալ այն ժամանակ, երբ բաց տեղը լրացվի ինչ-որ մի նոր ուժով:
Եթե մի նոր ուժ ձևավորվեր, այդ ժամանակ մենք կարող էինք նման կանխատեսումներ անել այսօր, սակայն ո՞վ է նրանց տեղը լրացնում: Եվ քաղաքականության, և բնության մեջ այդպես է, մինչև նոր բան չի գալիս, հինը չենք կարող ասել թե վերջացած է, ժամանակավրեպ է այդ մասին խոսելը:
Վարկանիշային կորուստներ կարող են ունենալ երեք ուժերն էլ, բայց չենք կարող ասել, որ ,օրինակ, ՀԱԿ-ը վերջացավ, որովհետև ՀԱԿ-ն այսօր զբաղեցնում է ընդդիմադիր տիտղոսակիր տեղը: Նրանք, ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից, ոչ մի ազդեցություն չունեն, քանի որ նրանք մարդ-գործիչներ են և ազդեցություն չունեն քաղաքականության և հասարակության մեջ: Ի վերջո, ո՞վ է այդ նիշան վերցնելու:
Ինձ թվում է` այդպիսի քաղաքական ուժ չկա: Քանի դեռ չկա, ՀԱԿ-ը հնավորություն ունի, որոշ ժամանակ անց որոշակի վերակազմավորվելով, որոշակի վերափոխվելով՝ ներկայանա նոր դեմքով: Միգուցե նաև նոր ուժ առաջանա և այդ տեղը վերցնի:
– Համաձա՞յն եք այն տեսակետին, որ սրանով ընտրությունները դարձան ոչ մրցակցային, իսկ ելքն էլ` կանխորոշված:
– Ես կարծում եմ, որ դա ակնհայտ է: Միանշանակ, այսօվա ընտրությունները կանխորոշված են: Հետընտրական որևէ գործընթաց չի լինելու, գործող նախագահն ունենալու է հնարավորություն՝ ձևավորելու միահեծան իշխանություն, և այլևս ոչ մեկը չի կարող ասել, թե գործող նախագահին ինչ-որ մեկը խանգարում է: Եթե նախկինում՝ 2008 թվականին ասում էին, որ նրան խանգարում են Մարտի 1-ի հետևանքները, Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը, Քոչարյանի գործոնը, ԲՀԿ-ի գործոնը, ապա, ես կարծում եմ, որ 2013թ. փետրվարից հետո հասարակությունը տեսնելու է, որ սա լինելու է մաքուր գործող նախագահի իշխանությունը: Նրան էականորեն ոչ մեկը չի խանգարելու, որ ինքն իր քաղաքականությունն իրականացնի: Այդ քաղաքականությունն, այսպես ասած, լինելու է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը:
– Իսկ հիմնավո՞ր են այն մոտեցումները, թե երեք ընդդիմադիր ուժերը չմասնակցելով ընտրություններին՝ լեգիտիմացնելու են Սերժ Սարգսյանի իշխանությունը:
– Մասնակցությունն առանձին վերցրած ուժերով անիմաստ էր, որովհետև օլիմպիական սկզբունքով մասնակցելը այդքան էլ տրամաբանական չէ: Ընդհանրապես քաղաքական ուժը մասնակցում է, որպեսզի հաջողության հասնի: Բոլորի համար պարզ էր դա: Երեք ուժերն էլ կարող էին հասնել հաջողության, եթե միասնաբար գործեին, բայց չկարողացան այդ միասնականությունն ապահովել, և քանի որ չկարողացան, տրամաբանական որոշում կայացրին` չմասնակցել ընտրություններին: Կարծում եմ, որ իրենց որոշումը տրամաբանական էր և հասկանալի:
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված թեկնածուների նման առատությունը և հատկապես հանրությանը քիչ ծանոթ թեկնածուների ի հայտ գալը:
– Դուք էլ եք հասկանում, որ դա լուրջ չէ. մարդիկ ցանկանում են ինքնահաստատվել, դա իրենց անձնական գործն է, որը հասարակական-քաղաքական կյանքի հետ որևէ կապ չունի:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013 թվականից:
– Ես ցանկանում եմ, որ 2013թ. մեր երկրի, մեր ժողովրդի համար անհոգ տարի լինի, լինի խաղաղության տարի: Այն արտագաղթի տեմպերը, որ կար 2012թ., գոնե ինչ-որ չափով նվազի: Կցանկանայի, որ քաղաքական դաշտն այս շոկից դուրս գար, կամաց-կամաց վերագտներ իր տեղն ու դերը: Կցանկանայի նաև, որ իշխանությունները, թեև միահեծան են, սակայն հաշվի նստեին հասարակական տրամադրությունների հետ և փորձեին վարել այնպիսի քաղաքականություն, որը քիչ քե շատ կապված է մեր հասարակության պահանջների հետ: