«Ավելի լավ է քննադատեն՝ արված աշխատանքի, քան՝ ոչինչ չանելու համար»
Հարցազրույց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ։
– Դավթաշեն վարչական շրջանը՝ Ավանի հետ միասին, տարվա արդյունքներով ճանաչվել է Երևանի լավագույն շրջան։ Ինչպե՞ս է հաջողվել նման արդյունք ապահովել, հաշվի առնելով, որ մի քանի ամիս է, ինչ ղեկավարում եք վարչական շրջանը։
– Նախ ասեմ, որ նախորդ տարի էլ Դավթաշենը լավ արդյունքներ էր գրանցել։ Այսինքն՝ իմ ստացած ժառանգությունն էր շատ լավը: Նախկին ղեկավարը՝ Արթուր Գևորգյանը (ով այժմ ԱԺ պատգամավոր է), ինձ թողել էր շատ լավ, աշխատունակ, երիտասարդ թիմ, որտեղ բոլորն աշխատում են նվիրումով: Ես էլ թիմի անդամ էի մինչև վարչական շրջանի ղեկավար աշխատելս, երևի դրա համար ստացվեց: Իմ ամենամեծ ճիշտ քայլը, թերևս, այն էր, որ ես ոչ մի փոփոխություն չարեցի մեր աշխատակազմում։ Ընդունված կարծրատիպ կա, որ նոր ղեկավարը գալիս, բոլորին կամ մեծ մասին ազատում է աշխատանքից, որպեսզի իր մարդկանց բերի և իր թիմը ձևավորի։ Իսկ ես եկա, և սկսեցի աշխատել, ով ինչ թերություն ուներ, ով որ բնագավառում մի քիչ թույլ էր, փորձեցի իրենց ուժեղացնել իմ աշխատանքով: Եվ բոլորը դարձան իմ մարդիկ: Դա էլ, թերևս, կարևոր դեր խաղաց, որ կարողացանք դառնալ լավագույն վարչական շրջան:
– Իսկ ընդհանրապես, ի՞նչ է պետք է լավ արդյունքներ ապահովելու համար։
– Կարճ կասեմ`սրտացավ աշխատանք:
– Քաղաքային իշխանությունները վերջերս բուռն քննադատությունների են ենթարկվում՝ սկսած ձևավորումից, արձաններից, վերջացրած ձյան մաքրման աշխատանքներով։ Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին։
– Սովորական, նախապես պատրաստ քննադատությանը։ Մտածում եմ՝ ավելի լավ է քննադատեն արված աշխատանքի համար, քան չաշխատելու։ Երբ քննադատությունը կառուցողական է, առանց վիրավորական երանգների, դրանից քննադատվողը միայն շահում է, քանի որ սխալները կողքից երբեմն ավելի լավ են երևում։ Տեսած կլինեք, որ շախմատիստները երբեմն նստած տեղից վեր են կենում և կողքից նայում խաղատախտակին։ Նույն բանն էլ այստեղ է. երբեմն հարկավոր է խաղատախտակին կողքից նայել կամ լսել կողքից նայողի կարծիքը։
– Ամեն դեպքում, եթե անկեղծ լինենք, քննադատությունը ոչ մեկին էլ հաճելի չէ…
– Նայած ինչ քննադատություն։ Օրինակ, երբ ձմեռվա ցրտին, առատ ձյան ժամանակ մինչև առավոտյան ժամը 5-ը աչք չես կպցնում՝ կազմակերպում ես ձյան մաքրման աշխատանքները, հետո 1-1.5 ժամ քնելուց (կամ չքնելուց) հետո գնում ես աշխատավայր, բացում լրատվամիջոցներն ու կարդում, որ քաղաքային իշխանությունները մատը մատին չեն խփում փողոցները մաքրելու համար… Իհարկե, դա հաճելի չէ։ Սակայն դա էլ է նորմալ. ամեն ինչում էլ կարող են քննադատել։ Սակայն կառուցողական տիպի քննադատություններն ու առաջարկներն ավելի շատ են։ Օրինակ, մեր բնակիչներից շատերն իրենց բողոքներն ու առաջարկները ներկայացնում են Դավթաշեն վարչական շրջանի էջում, ինչը միայն օգնում է մեր աշխատանքին։
– Քանի որ խոսք գնաց Ֆեյսբուքի մասին՝ մի փոքր խոսենք դրա շուրջ։ Քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները բավականին ակտիվ են Ֆեյսբուքում, և դա շատերի կողմից արդեն ընկալվում է որպես PR։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Նախ նշեմ, որ Դավթաշենն առաջին վարչական շրջանն է, որը Ֆեյսբուքում բացեց իր էջը։ Ֆեյսբուքն ու այլ սոցիալական ցանցերը, կոնկրետ ինձ համար, առաջին հերթին, աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու միջոց են։ Բարձր տեխնոլոգիաներն ու համացանցը ներխուժում են ոչ միայն մեր առօրյա, այլև աշխատանքային հարաբերություններ։ Դրա դեմ ոչ թե պետք է պայքարել, այլ օգտագործել՝ ի շահ գործի։ Ինչպես նշեցի, Ֆեյսբուքի միջոցով մենք շատ տեղին առաջարկներ ու դիտողություններ ենք ստանում, այն թույլ է տալիս ավելի ակտիվ և անմիջական շփման մեջ լինել բնակչի հետ։ Եվ մյուս կողմից՝ ներկայացնում ենք մեր կատարած աշխատանքները։ Դա ոչ թե ինքագովազդ կամ PR է, այլ ամենօրյա աշխատանքային հաշվետվություն բնակչին։
– Վերջերս լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր պատրաստել, թե արդյոք բնակիչները որքանո՞վ են ճանաչում իրենց շրջանի ղեկավարին։ Միգուցե ղեկավարներն այդքան ակտիվ են սոցիալական ցանցերում, որպեսզի իրենց ճանաչե՞ն։ Եվ ի՞նչ եք կարծում՝ Ձե՞զ որքանով են ճանաչում Դավթաշենում։
– Ամեն մեկն ունի իր աշխատաոճը: Ես էլ եմ այդ նույն թիմի մեջ, և ես էլ իմ չափով եմ ակտիվ, ինչքանով որ գտնում եմ հարմար: Ինչ վերաբերում է ինձ ճանաչելուն… Չեմ կարող ասել, թե որքանով են ճանաչում: Բայց գիտեմ, որ և կգտնվեն մարդիկ, որ չեն ճանաչում, ինչպես նաև կգտնվեն մարդիկ, որ շատ լավ ճանաչում են:
– Այսինքն դրանում խնդիր չե՞ք տեսնում։
– Ամենևին։ Մի բան նշեմ. զարգացած և առավել բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում մարդիկ իրենց ղեկավարներին քիչ են ճանաչում։ Դրա կարիքը չունեն. կա համակարգ, որն աշխատում է կայուն մեխանիզմի պես։ Անձերը կապ չունեն։ Մարդու համար ամենակարևորն այն է, որ իր խնդիրները լուծվեն՝ անկախ նրանից, թե ղեկավարի անուն-ազգանունն ինչ է։ Եթե չեն ճանաչում, ուրեմն ինքն իր պարտավորությունները կատարում է պատշաճ, այնպես որ, քաղաքացին խնդիր չունի անձամբ իրեն հանդիպելու և ճանաչելու: Այսինքն, եթե մի քիչ փիլիսոփայորեն մոտենանք հարցին, ապա չճանաչելը որոշ դեպքերում ավելի լավ է։
– Սակայն մենք դեռ զարգացած այդ երկրների մակարդակին չենք հասել։
– Դեռ չենք հասել։ Սակայն այդ տրամաբանությունը մեզ մոտ էլ որոշ չափով աշխատում է։ Իսկ եթե տեղայնացնենք, ապա երկու հանգամանք կնշեմ։ Նախ՝ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2009 թվականից ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի։ Դա կարևոր հանգամանք է, քանի որ ընտրվող ղեկավարին է ճանաչումը պետք։ Սակայն ավելի կարևոր է երկրորդ հանգամանքը՝ ի՞նչ խնդիր է իր առջև դնում տվյալ պաշտոնյան։ Որ իրեն ճանաչե՞ն, որ ով տեսնի, ասի՝ վայ, մեր վարչական շրջանի ղեկավար այսինչ այսինչյանն է։ Ինձ համար նպատակը դա չէ։ Ինձ համար ավելի կարևոր է իմ աշխատանքի արդյունքը։ Կարևորն այն է, որ ես ունենամ ինֆորմացիա խնդիրների վերաբերյալ և փորձեմ լուծել դրանք մեր ունեցած շատ քիչ ռեսուրսներով: Օրինակ՝ մենք հետաքրքիր ձև գտանք, թե ինչպես կարելի է վեր հանել խնդիրները և դրանց լուծում տալ: Հայտարարեցինք սիրողական լուսանկարների մրցույթ երկու խորագրերով՝ մեկը սովորական, դասական մրցույթ էր, իսկ մյուսը կոչվում էր «Իմ թաղամասի խնդիրները»։ Պարզ ասած՝ վատ նկարների մրցույթ էր։ Դավթաշենցիները բավականին ակտիվ մասնակցեցին՝ ապարատով, ձեռքի հեռախոսով նկարում էին և ուղարկում մեզ։ Մրցույթը կայացավ. շատ նկարներ էին եկել։ Անկեղծ ասեմ՝ որպես մարդ՝ հաճույք էի ստանում Դավթաշենի գեղեցիկ նկարներից, սակայն որպես ղեկավար՝ իմ շահածը վատ նկարներն էին, որոնց հետքերով անմիջապես գնացինք: Մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը լուսանկարներում վեր հանվածդ խնդիրներն արդեն լուծվել էին։ Բնակիչների հետ իմ շփումը կայանում է հենց դրանում, ոչ թե ինձ ճանաչելու մեջ: Եթե ես վատ աշխատեմ, ինձ կազատեն աշխատանքից` անկախ նրանից, բնակիչը կճանաչի՞ ինձ, թե՞ ոչ։ Իսկ եթե լավ եմ աշխատում, առավելևս բնակչի գնահատականն էլ բարձր կլինի, որից ես լավ կզգամ:
– Վարչական շրջանը Ձեզնից առաջ ղեկավարում էր Ձեր քեռու որդին՝ Արթուր Գևորգյանը, ով այսօր ԱԺ պատգամավոր է։ Պատգամավոր է նաև Ձեր քեռին՝ Ռուբեն Գևորգյանը, ով նույնպես երկար տարիներ եղել է Դավթաշենի թաղապետ։ Ձեզ չի՞ կաշկանդում, որ Ձեր անունը հաճախ կապվում է այս մարդկանց հետ։
– Նախ նշեմ, որ ընդհանրապես կաշկանդվող չեմ ոչ մի բանից։ Իսկ ձեր նշած հանգամանքն ինձ չի կաշկանդում։ Կարծում եմ՝ քաղաքապետն ինձ այս պաշտոնում նշանակելով՝ առաջնորդվել է ոչ թե իմ բարեկամական կապերով, այլ աշխատանքային ունակություններով և փորձով։ Ես մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել եմ Երևանի ավագանու անդամ՝ ընդ որում, բավականին ակտիվ անդամ։ Իսկ այն, որ իմ անունը կապում են իմ բարեկամների հետ, շատ բնական է։ Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա։ Ինչ վերաբերում է իմ քեռու որդուն, մենք մի թիմ ենք, ես կարող եմ միայն պարծենալ, որ իմ անունը կապում են Գևորգյան Արթուրի անվան հետ։ Որովհետև ես շատ, շատ բաներ, որ իմ մոտ ստացվում է աշխատանքում, իրենից եմ սովորել: Նա երկու տարի եղել է համայնքի ղեկավար, հետո ևս երկու տարի՝ վարչական շրջանի ղեկավար, ես ամեն օր եղել եմ իր կողքին, տեսել եմ`ոնց է աշխատում, տեսել եմ ամեն հարցին իր մոտեցումը, նույն տեմպով էլ ես շարունակում եմ։ Եթե կարիք է լինում կամ ինչ-որ անհասկանալի հարցեր են ծագում, խորհրդակցում եմ նրա հետ։ Ինչ վերաբերում է Ռուբեն Գևորգյանին, ապա նա էլ իմ բարեկամն է՝ իմ քեռին, սակայն նա այլ քաղաքական թիմի անդամ է և այլ աշխարհայացքների տեր մարդ։
– Ի՞նչ կցանկանաք մաղթել բնակչությանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։
– Ես մեր ամբողջ հայ ժողովրդին ցանկանում եմ երջանկություն, համբերություն, հավատ, սեր ու միասնություն: Ցանկանում եմ, որ երբեք ոչնչից չվհատվեն, վհատվելը շատ վատ բան է: Կարող ես սոված նստել, բայց անհույս նստել չես կարող: Ցանկանում եմ, որ մարդիկ գալիք տարի շատ ավելի երջանիկ լինեն իրենց հայրենի հողի վրա: Իսկ մենք՝ որպես ղեկավարություն, կփորձենք ամեն ինչ անել, որ բնակիչները մեզանից գոհ լինեն, դժգոհություններ չունենան:
Զրուցեց Սարգիս Ղազարյանը