Օրենսդրական փոփոխություններ կալանավորների վերաբերյալ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը երեկ այցելել են միանգամից երեք քրեակատարողական հիմնարկներ`Սևանի, Հրազդանի և Վանաձորի քկհ-ներ: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ինքը բազմաթիվ նամակներ է ստանում կալանավորներից, որոնցով նրանք խնդրում են այցելել իրենց: «Արդեն 7 նման դիմում կա «Արթիկից», 17-ը` «Նուբարաշենից», դիմումներ կան այլ կալանավայրերից ևս: Մարդիկ հասկանում են, որ մենք իրենց չենք կարող ազատել կալանավայրից, բայց կան խնդիրներ, որոնք կարելի է լուծել»,- նշում է տիկին Զոհրաբյանը:

Այս այցելությունները երկու նպատակ են հետապնդում, առաջինը՝ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր է՝ թեթևացվեն որոշ կալանավորների պատժաչափեր, և մյուսը` կալանավորների համար ապահովել կենցաղի ավելի տանելի պայմաններ:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իր և Էլինար Վարդանյանի կողմից արդեն ներկայացվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կքննարկվի գարնանային նստաշրջանում: Զոհրաբյանի կարծիքով, մասնավորապես իմաստ ունի քննարկել մինչև 20 տարեկան անձանց ցմահ ազատազրկման դատապարտելու նպատակահարմարության հարցը: Դրանք հիմնականում բանակում կատարված սպանությունների հեղինակներն են: Պատգամավորները կարծում են, որ նրանց նկատմամբ կարելի է ավելի մեղմ պատժաչափ կիրառել: Կամ կան ցմահ ազատազրկվածներ, ովքեր մասնակցել են ավազակային հարձակմանը, սակայն անձամբ մարդ չեն սպանել:
Պատգամավորների այցի մյուս նպատակն ավելի կենցաղային խնդիրների լուծումն է: Որպես օրինակ՝ Զոհրաբյանը նշեց այն, որ ինքը դիմելու է կալանավայրերի վարչությանը, որպեսզի Ամանորի տոների առիթով կալանավորների ընտանիքի անդամներին թույլ տրվի նրանց ուղարկել սննդամթերքի որոշ արգելված տեսակներ,օրինակ՝ միրգ կամ աղցաններ: Պատգամավորներին բացատրել են, որ որոշ մթերքների կալանավորներին փոխանցելն արգելված է անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ դրանցից կալանավորները կարողանում են ոգելից խմիչքանման զանգված պատրաստել, կամ փչացնելով դրանք, օգտագործում են ինքնաթունավորման համար, որպեսզի հայտնվեն բանտային հիվանդանոցում, որտեղ կյանքի և կենցաղի պայմաններն ավելի լավ են: Զոհրաբյանն ասում է, որ իրենք փորձում են հասնել նրան, որ կալանավորները, ովքեր չունեն հարազատներ Հայաստանում, հնարավորություն ունենան իրենց արտերկրում բնակվող ազգականների հետ շփվել ինտերնետի միջոցով:

Որքան էլ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պնդի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի կալանավորի համար պատիժը լինի նրան ազատազրկելը, փաստն այն է, որ Հայաստանում բանտային պայմանները շարունակում են բարոյական և ֆիզիկական լրացուցիչ պատիժ լինել կալանավորների համար: Բայց կալանավորները հայ հասարակության մի մասն են, և և ինչպես ֆիզիկայի օրենքներն են հավասարաչափ գործում կալանավորների և ազատության մեջ գտնվողների վրա, այնպես էլ հայ պաշտոնյաների ասածները որևէ կապ չունեն իրականության հետ՝ անկախ նրանից, դա վերաբերում է կալանավորների՞ն, թե՞ ազատության մեջ գտնվողներին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս