ՀՀԿ-ն ապացուցում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ
Հարցազրույց «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ
– Պրն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի երկու պատգամավորների` Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցությունը գաղտնալսելու և հրապարակելու երևույթը:
– Նման երևույթներն, իհարկե տգեղ են, բայց, ցավոք սրտի, սա քաղաքական մշակույթ է: Քանի որ քաղաքական պայքարը բավական անողոք է, միջոցների միջև որևէ խտրականություն չի դրվում: Ինձ համար երկրորդական խնդիր է, թե ձայնագրությունն ով է արել: Ամենայն հավանականությամբ, արել են Հատուկ ծառայությունները: Չի բացառվում նաև, որ նույն քաղաքական ուժերում տարբեր մարդիկ լինեն դրածոներ, որոնք չեն խորշում հանձնարարություններով այդպիսի ձայնագրություններ արել:
– ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ վերոհիշյալ մարդիկ այն «պրոդուկտը չեն, որ հետաքրքրեն Հատուկ ծառայություններին»:
– Փաստորեն Գալուստ Սահակյանը չի բացառել, որ ԱԱԾ-ն կարող է գաղտնալսել քաղաքական գործիչներին: Արդյոք Գալուստ Սահակյանը տեղյակ է, թե որ քաղաքական գործիչներին է գաղտնալսում ԱԱԾ-ն: Հետաքրքիր է նաև, որ իրենց իշխանության տարիներին 10 տարի արտգործնախարար աշխատած մարդու մասին նման արհամարհական խոսքեր են ասվում:
Ընդդիմության նկատմամբ այդպիսի արհամարհական վերաբերմունք շատ հաճախ է լսվել, և հենց այդ արհամարհական վերաբերմունքն էլ է ցույց տալիս Հայաստանում քաղաքական մշակույթը: Հիշենք տարբեր ժամանակներում հնչած «Մեր դեմ խաղ չկա», «Ուր է այդ տղամարդը» և այլ արտահայտությունները: Իշխանական բոլոր լիազորություններով և պաշտպանությամբ օժտված գործիչներն իրենց թույլ են տալիս ամենավիրավորական արտահայտություններն անել` համոզված լինելով, որ միևնույն է, ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվելու:
– Ինչո՞ւ են այդ ձայնագրությունը հիմա լույս աշխարհ բերում, երբ հաստատվեց, որ այն ավելի վաղ է արվել:
– Այս անգամվա ընտրությունները կարծես թե էապես տարբերվում են նախորդ ընտրություններից: Ամեն անգամ նախագահական ընտրությունների հետ հասարակությունը որոշակի հույսեր է կապում, և թվում է, թե նախագահական ընտրություններն անցնում են մրցակցային պայմաններում: Այլ խնդիր է, թե ինչպիսի արդյունքներ են սարքվում: Այս անգամ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո, ընտրությունները հետաքրքրությունը կորցնում են և դառնում են կարծես թե ոչ մրցակցային:
Ասում եմ` կարծես թե, որովհետև նոր թեկնածուի «ռասկրուտկայի» համար շատ քիչ ժամանակ է մնացել: Եթե երկու ամիս առաջ էր ձայնագրված, երբ հնարավոր էր Ծառուկյանի առաջադրվելու հարցը, նշանակում է, իշխանություններն, անհանգստանալով ընտրությունների ժամանակ հնարավոր բարդություններից, ինչ-որ բաներ մշակել էին ընդդիմությանը վարկաբեկելու համար: Նույնիսկ Ծառուկյանի հրաժարվելուց հետո իշխանական ճամբարում լրիվ հանգիստ չի տիրում: Ամեն դեպքում, ինչքան ընդդիմությունը վարկաբեկվի և թուլանա, իշխանությունն ավելի հանգիստ կզգա իրեն:
– Այն, որ գաղտնի զրույցները գաղտնալսելն ու հրապարակելը դատապարտելի է, կարծես որևէ մեկը չի քննարկում: Բայց շոշափվում է այն հարցը, թե արդյո՞ք հասարակությունը չպետք է իմանա, թե ինչ են խոսում, մտածում մարդիկ, ովքեր երկրում ինչ-որ բան փոխելու հայտ են ներկայացրել: Այդ առումով ձայնագրությունը պե՞տք էր հասարակությանը, թե՞ ոչ:
– Քաղաքականությունը, իշխանության համար անդրկուլիսային պայքարը, միջկուսակցական բանակցություններն ամբողջ աշխարհում էլ սկզբնական շրջանում լինում են կոնֆիդենցիալ: Սա շատ բնականոն գործընթաց է ցանկացած տեղ: Այլ խնդիր է, թե այդ բանակցությունների արդյունքում ինչ են որոշում կամ ինչ ձևով են արդյունքները հասու դարձվում հասարակությանը: Ինչ վերաբերում է հարցին` պե՞տք է, որ այդ բանակցությունները հասարակությանը մատչելի լինեն, թե՞ ոչ, կարծում եմ, եթե քաղաքական գործիչների կոնֆիդենցիալ բանակցություններն ու նրանց խնջույքները (օրինակ 1996թ.-ի Արշալույսի հայտնի խնջույքը, կամ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի վերջին հանդիպումը եթե հրապարակվեր) հասու լինեին, ապա հասարակությունը վերջնականապես, մեղմ ասած, կհիասթափվեր բոլոր քաղաքական գործիչներից:
– Որևէ սենսացիոն բան չկա՞ ձայնագրության մեջ:
– Ես, համենայնդեպս, որևէ սենսացիոն բան չտեսա այդ ձայնագրության մեջ: Եթե մանրադիտակով նայես, դա այլ խնդիր է: Մասնավոր խոսակցությունների ժամանակ մարդիկ շատ ավելի պարզ են խոսում և ամեն մի խոսքին ուշադրություն չեն դարձնում: Ես նրանց խոսակցության մեջ, թեկուզ Մարտի 1-ի հետ կապված, որևէ ցինիզմի դրսևորում չտեսա:
– Նշեցիք, որ ընտրություններն առայժմ ոչ մրցակցային են: Հնարավո՞ր է` հայտնվի թեկնածու, որը կխառնի իշխանության խաղաքարտերը:
– Քիչ հավանական եմ դա համարում, քանի որ ժամանակաշրջանն է շատ կարճ: Եթե Գագիկ Ծառուկյանի որոշումը լիներ թեկուզ հոկտեմբեր ամսին, չի բացառվում, որ նոր թեկնածուի շուրջ համախմբում լիներ: Բայց մինչև ընտրություններ մնացած ընթացքն է շատ կարճ, մանավանդ, եթե հաշվի առնենք նաև ամանորյա շրջանը:
– Միգուցե այս գործոնը հաշվի են առել նաև ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, այդ պատճառով ինտրիգը երկարեց:
– Կարծում եմ` սա իշխանությունների որոշումն էր: Հավանաբար իշխանություններին ձեռնտու էր, որպեսզի հասարակության մեջ ձևավորվեր Գագիկ Ծառուկյանի` որպես հիմնական թեկնածու լինելը, և վերջում, ունենալով կոմպրոմատներ, նրան ասպարեզից հեռացնելը: Քիչ հավանական եմ համարում, որ եղել է միասնական խաղ, քանի որ դա կնշանակի` Գագիկ Ծառուկյանի միանգամայն անլուրջ վերաբերմունքն իր ամբողջ քաղաքական թիմի նկատմամբ: Քիչ հավանական եմ համարում, որ նա ի սկզբանե իր ամբողջ քաղաքական թիմին պատրաստ էր դնել այդպիսի հիմար վիճակի մեջ:
– Իշխանություններն արդյո՞ք մտավախություն ունեին, որ Գագիկ Ծառուկյանի առաջադրումն այն էֆեկտը կունենար, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը 2008թ.-ին: Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս կարող էր հասարակությանը համախմբել:
– Երբ 2007թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց առաջադրվելու, երկար ժամանակ իշխանությունները մեծ անհանգստություն չունեին` հաշվի առնելով դեռևս 1998թ.-ից հասարակության բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ: Բայց երբ այդ ձնահոսքը սկսվեց, իշխանությունների համար բավականին անակնկալ էր: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի գործոնին, խորհրդարանական ընտրություններից հետո արդեն իշխանություններն անհանգստացած էին:
Կարծիքներ կան, որ միևնույն է, եթե Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին, այն քաղաքական գործիչը չէր, որ ընտրությունից հետո դժգոհությունն արտահայտեր այնպես, ինչպես եղել է մինչ այժմ նախագահական ընտրություններից հետո: Բայց այստեղ կա թյուրըմբռնում: Հարցն այն է, որ եթե նույնիսկ ինքը չցանկանար, ընտրությունների իրական արդյունքներն անկանխատեսելի կլինեին: Հենց սա էր անհանգստացնում իշխանություններին:
– Եթե նույնիսկ չլինեն արտաքուստ աղաղակող ընտրախախտումները, միայն հաշվի առնելով ոչ մրցակցային իրավիճակը, կարելի՞ է փաստել, որ դրանք չեն կարող ժողովրդավարական համարվել:
– Ես արդեն կարող եմ փաստել, որ այս ընտրությունները չի կարելի համարել նորմալ, քանի որ մրցակցային չեն: Թե ինչ կլինի այս երկու ամսվա ընթացքում, կդառնա՞ն դրանք մրցակցային, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Բայց եթե նույնիսկ տեսականորեն հայտնվի լուրջ մրցակից, միևնույն է, Ծառուկյանին ասպարեզից հեռացնելն արդեն ստվերել է առաջիկա ընտրությունները: Մենք նմանվում ենք ամբողջատիրական երկրներին, որտեղ ընտրությունն ընդամենը քվեարկություն է:
– Մինչ այժմ քաղաքական լուրջ գործունեություն չծավալած մարդկանց կողմից հայտ ներկայացնելն ինչո՞վ է պայմանավորված:
– Կարծում եմ` թեկնածուներից ոմանք ցանկանում են երևալ հասարակությանը, ինքնահաստատվելու խնդիր ունեն, գուցե իրենց ինքնակենսագրության մեջ գրեն, որ եղել են նախագահի թեկնածու, մի մասն էլ` իշխանության աջակցությամբ կառաջադրվեն` ցույց տալու համար, թե ինչքան ժողովրդավարական երկիր է Հայաստանը:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի գործունեությանը, որոնք դեռ չեն հայտարարել իրենց թեկնածուի մասին: Նրանց որոշումն ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում:
– Դժվարանում եմ ասել: Իշխանության հիմնական մրցակից թեկնածուն, կարող է լինել կամ ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից, կամ «Ժառանգությունից»: Դրանցից որևէ մեկը տեսականորեն կարող է լինել, բայց կրկնում եմ` տեսականորեն: Լուրջ մրցակիցը, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կարճ ժամանակահատվածը, որ մնացել է, քիչ հավանական է:
Այն, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները տարբեր առիթներով ասում են, որ ընտրությունների ելքը որոշված է, որ իրենց թեկնածուն հաղթելու է, որ ընդդիմությունը կարող է պայքարել երկրորդ տեղի համար, ցավոք սրտի, որոշակի առումով ճշմարիտ է: Ցավալի ճշմարտություն է այն իմաստով, որ եթե որևէ երկրում իշխող քաղաքական ուժից բացի այլընտրանք չկա, ապա այդ երկիրը հակասում է հենց Սերժ Սարգսյանի այն ելույթին, թե երկիրը ժողովրդավարական է:
Ժողովրդավարական երկրում անհնար է, որ իշխող քաղաքական ուժին այլընտրանք չլինի: Հանրապետականներն ապացուցում են, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ: Այս ոչ մրցակցային իրավիճակը հետևանքն է առաջին հերթին` 1995թ. Սահմանադրության, որը բերեց միապետական համակարգի, իսկ այդ համակարգում իշխանության թևերի տարանջատում, իրական քաղաքական մրցակցություն չի լինում: Այս համակարգը ոչնչացրեց Հայաստանում քաղաքական կյանքը, քաղաքական կուսակցությունների և գործիչների դերերը: Եվ մենք եկանք այն վիճակին, երբ հասարակության համար այլընտրանքը դարձավ Գագիկ Ծառուկյանը: