Օրենսգրքի «մահացած նորմեր» պարունակող հոդվածներն ուժը կորցրած կճանաչվեն
Ազգային ժողովի դեկտեմբերի 17-ին գումարվելիք արտահերթ նստաշրջանի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Վերջինիս ընդունման դեպքում, 1985թ-ից գործող այս օրենսգիրքը, Հայաստանի անկախացման 22-րդ տարում, վերջապես կազատվի գոյություն չունեցող երկրի` ԽՍՀՄ-ի, մասին հիշատակումներ պարունակող առաջին 7 հոդվածներից:
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելիք լրացումներն ու փոփոխությունները վերաբերում են քաղաքային համայնքներում բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելու, շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու, ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու և մի շարք այլ խախտումների համար պատասխանատվություն սահմանելուն:
Այդուհանդերձ` ԱԺ-ի դեկտեմբերի 4-ի նիստում, երբ նախագիծը քննարկվում էր առաջին ընթերցմամբ, «Ժառանգություն» խմբակցության կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն առաջարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի առաջին գլխի` ընդհանուր դրույթների, բոլոր 8 հոդվածներն ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել:
«Այդ սոցիալիստական սեփականության, ԽՍՀՄ համակարգի պահպանության հետ կապված բոլոր կետերը հանենք: Ամեն Ձեր փոփոխություն բերելիս մենք` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ամոթ ենք ապրում և վիրավորանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, մի կայսրության մասին, որն արդեն 20 տարի գոյություն չունի»,-հայտարարեց Ա. Արզումանյանը:
«Չհամաձայնվել չեմ կարող»,-արձագանքեց ՀՀ արդարադատության նախարարը` նշելով, որ բացի 8-րդ հոդվածից, որը սահմանում է օրենսդրության գործողությունը, կարելի է այս պահին դիտարկել «մահացած նորմեր» պարունակող 1-7-րդ հոդվածների ուժը կորցրած ճանաչելու հարցը` «ամեն անգամ աչքը չծակելու» նպատակով: Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի հայեցակարգը, և դրա հիման վրա մինչև 2013-ի տարեվերջ հնարավոր կլինի Ազգային ժողովի դատին ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ «ամբողջությամբ նոր, մաքրամաքուր օրենսգիրք»: