Սերժ Սարգսյանը չի արդարացրել Գագիկ Ծառուկյանի ակնկալիքները
Հայաստանի քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են այն հարցը, թե ինչ են իրար հետ քննարկել նախագահ Սերժ Սարգսյանը և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեք օր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Քանի որ այդ հանդիպման մանրամասների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, մեզ մնում է միայն հիմնվել այն տեղեկությունների վրա, որոնց հեղինակները պնդում են, որ դա իրենց հայտնի է դարձել առաջին աղբյուրներից:
Սակայն մինչ հանդիպման մասին գրելը, ներկայացնենք այն իրավիճակը, որը ձևավորվել էր այդ հանդիպումից առաջ: Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր Ծառուկյանին` իր դիրքորոշումը հստակեցնել մինչև դեկտեմբերի 1-ը, սակայն Ծառուկյանը որոշել էր մի քիչ էլ ժամանակ շահել և մեկնել էր Բրյուսել: Այն ընթացքում, երբ Ծառուկյանը գտնվում էր Բրյուսելում, և հանդիպումներ էր ունենում եվրոպացի պաշտոնյաների հետ, նրա շրջապատի ներկայացուցիչները ենթարկվել եք լուրջ «մշակման»:
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայացքները կիսող կիսաքրեական շրջանակների հետ բացատրական աշխատանք են տարել Ոստիկանության աշխատակիցները, որոնք զգուշացրել են, որ իրենց քրեական գործունեությանն այլևս չեն կարող մեղմ վերաբերվել, և, եթե իրենք շարունակեն ունենալ նույն քաղաքական կողմնորոշումը, ապա կարող են դառնալ «քաղբանտարկյալներ»:
ԲՀԿ-ի` տնտեսական լծակների տիրապետող հատվածի հետ աշխատել են հարկային մարմինների ներկայացուցիչները, որոնք էլ իրենց տեսանկյունից են բացատրել, որ եթե շարունակեն համարել, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած Հայաստանի զարգացման մոդելն է իրենց ամենաշատը հոգեհարազատ, ապա ստիպված կլինեն իրենց տնտեսական գործունեությունը լավագույն դեպքում սկսել զրոյից, եթե կարողանան մինչև վերջ վճարել իրենց հարկային պարտավորությունները և դրանք տևական չկատարելու արդյունքում կուտակված տույժ ու տուգանքները:
Պարզ ասած, Ծառուկյանի տնտեսական և կրիմինալ շրջապատին շատ հասկանալի և հանրամատչելի բացատրել են, որ պետք է հեռու մնալ Ծառուկյանից, այլապես կարող են խնդիրներ առաջանալ:
Երբ Գագիկ Ծառուկյանը Բրյուսելից վերադարձել է Հայաստան, նրան միանգամից տարբեր շրջանակներից պատմել են, որ իրենք այստեղ շրջապատված չեն եղել հոգատարությամբ և բարեհոգությամբ, և նույնիսկ ավելին` ենթարկվել են ճնշումների: Ծառուկյանը չի կարող իր թիմին պաշտպանել, քանի որ չունի համապատասխան լծակներ, իսկ թողնել բախտի քմահաճույքին` կնշանակի` կորցնել նրանց և մնալ միայնակ: Առաջնորդը նրա համար չէ, որ խնդիրներ ստեղծի, այլ ճիշտ հակառակը, որպեսզի կարողանա հարթել խնդիրները:
Ճիշտ է, Ծառուկյանը կարող էր ասել, որ երկու ամիս սպասեք, ես կդառնամ նախագահ, և այդ հարցերը ինքնըստինքյան կլուծվեն, բայց այդ դեպքում շրջապատը դարձյալ կկիսվեր համբերատարների, ովքեր կարող էին սպասել նախագահական ընտրությունների ավարտին` մնալով Ծառուկյանի կողքին, և անհամբերների, ովքեր կգերադասեին խնդիրներ չունենալ գործող իշխանության հետ:
Ըստ մեր լավատեղյակ աղբյուրի` Սարգսյան-Ծառուկյան հանդիպում նախատեսված չի եղել, և այն տեղի է ունեցել Ծառուկյանի խնդրանքով: Ու հենց վերը նշված իրավիճակն է, որ Ծառուկյանին ստիպել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու որոշում կայացնել: Ծառուկյանի խնդրանքը մեկն է եղել` դադարեցնել ԲՀԿ-ականների դեմ ճնշումները, ինչի դիմաց ինքը պարտավորվում է կատարել Սերժ Սարգսյանի ցանկացած ցուցում` հայտարարել, որ
ԲՀԿ-ն պատրաստ է մտնել կոալիցիա և հայտարարել նախագահ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, չեզոքություն պահպանել, կամ կարող է առաջադրվել: Նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքը, ըստ նույն աղբյուրների, եղել է բավական կոշտ: Նա պատասխանել է, որ ինքը չի կարող Ծառուկյանի փոխարեն որոշում կայացնել, և Ծառուկյանն ազատ է ինքնուրույն որոշում կայացնելու հարցում: Սա ավելի է խուճապի մատնել Ծառուկյանին, ով հույս է ունեցել, որ կկարողանա շահավետ գործարք կնքել:
Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվում է Ծառուկյանին ինչ-որ տարբերակ առաջարկել, նշանակում է, որ չի ցանկանում դրա դիմաց որոշակի պարտավորություն ստանձնել, ինչն էլ նշանակում է, որ ընտրություններից հետո կարող է Ծառուկյանի և նրա շրջապատի ներկայացուցիչների հետ վարվել իր ուզածի պես:
Եթե Սերժ Սարգսյանը Ծառուկյանին առաջարկեր չառաջադրվել կամ նույնիսկ առաջադրվել, ապա դա կնշանակեր, որ Ծառուկյանն իր գործողություններով ծառայություն է մատուցում Սարգսյանին և դրա դիմաց կարող է ակնկալել պատասխան ծառայություններ ընտրություններից հետո: Իսկ այս դեպքում Սարգսյանն իրեն ազատում է պարտավորությունից:
Հանդիպումից հետո Ծառուկյանը հավաքել է իր ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչներին և պատմել հանդիպման մասին: Նրանց մի մասը խորհուրդ է տվել առաջադրվել և այդ ձևով մնալ քաղաքական խաղի մեջ, քանի որ հնարավոր է, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նախագահ Սարգսյանն ունենա իր ծառայության կարիքը: Ասում են, որ ինքը` Ծառուկյանը, այն աստիճան ընկճված և շփոթահար է եղել, որ ասել է, թե մտադիր է հայտարարություն տարածել քաղաքականությունից դուրս գալու մասին:
Ի վերջո, Ծառուկյանը որոշել է մի փոքր էլ համբերել, որով էլ պայմանավորված էր երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ԲՀԿ ակտիվի ժողովի հավաքի հետաձգումը, որտեղ, ըստ նախնական պայմանավորվածության` Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարեր իր որոշման մասին:
ԲՀԿ-ականները, նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս պնդում էին, որ Ծառուկյանը պետք է անպայման առաջադրվի, հիմա ավելի զգուշավոր են դարձել: Դրա պատճառն այն է, որ սկսել են գիտակցել, որ դրա համար կարող են իրենք վատ վիճակի մեջ հայտնվել, սխալ խորհրդատու լինելու պատճառով: Հիմա բոլորը հակված են ասել, որ որոշում կայացնողը Գագիկ Ծառուկյանն է, թող նա ինքնուրույն որոշում կայացնի, և ինքն էլ պատասխան տա իր կայացրած որոշման համար:
«168 ԺԱՄ»